RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1807, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԽՆԴԻՐԸ, ՔԱՆ ՄԵՆՔ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Տեղեկատվական եւ այլ աղբյուրներ հազիվ էին սկսել հավաստիացնել, թե ամերիկյան նոր վարչակարգը լրջորեն է քննարկում առաջիկա Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը պետականորեն, նախագահ Բայդենի իսկ ստորագրությամբ ճանաչելու հարցը, հայկական տարբեր շրջանակներում, ներառյալ Ազգային ժողովում, ոմանք չարամտորեն, ուրիշներ միամտաբար, սկսեցին չարախոսել, նույնիսկ արժեզրկել նման ճանաչման գաղափարն անգամ:

Հեռո՛ւ մեզնից ջուրը չտեսած բոբիկանալու թեթեւամտությունը: Մ. Նահանգների հաջորդական նախագահները, բացի նախագահ Ռեյգանից ամերիկահայությանը եւ մեզ բոլորիս այնքան են հուսախաբ արել եւ այնքան դառնություն պատճառել, որ իրավացիորեն թերահավատ ենք դարձել բոլորս, եւ կարծում ենք, որ հրաշքի համազոր բան կլինի, եթե հաջողվի լոբբիստական մեր կազմակերպություններին, հայ եւ օտարազգի մեր բարեկամներին հաղթանակ տանել թուրքական լոբբիստական հզոր խմբերի դեմ ներկա կատաղի պատերազմում, այս անգամ իրականացնելով մեր արդար ցանկությունը: Իսկ հաջողելու պարագայում տակավին հարց կարող է մնալ, թե նախագահական ճանաչումը կունենա՞ պարտադրական (binding) հանգամանք, անկախ այն իրողությունից, որ այս անգամ գործնական ճանաչման հավանականության օգտին է խոսում փաստը, որ 2019 թ.ին ամերիկյան Կոնգրեսը իր զույգ պալատներով գրեթե միաձայնությամբ ընդունել է Ցեղասպանության պատմական իրողությունը:

Այս անգամ ձեռնպահ մնանք վերը նշված չարամիտներիՙ հայ ժողովրդի իրավունքների փերեզակությամբ զբաղվող պետական կոչվելու անարժան պաշտոնյաների ու գործակալական ցանցի ներկայացուցիչների գործողություններին ու բարբաջանքներին անդրադառնալուց: Բացի ՌԱԿ մամուլի խմբագիրների համախմբման հայտարարությունից, նրանց քննադատել եւ զգուշացրել են նաեւ բանիմաց շատ մարդիկ, շրջանակներ, մամուլի օրգաններ: Եվ խոսքը ուղղելով միամիտներինՙ հնարավոր պարզությամբ բացատրենք, թե Մ. Նահանգների Կոնգրեսի, առավել եւս նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, եթե այն իրականանա, թեեւ ուշացած, սակայն մեր պետության ու ժողովրդի համար տվյալ պատմական պահինՙ բառի բուն իմաստով օրհնություն կլինի թե՛ հոգեբանական, թե՛ տարածաշրջանային, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ իրավական եւ թե՛ անվտանգային իմաստներով:

Բարոյահոգեբանական իմաստով այդ ճանաչումը, դարձյալ «եթե» պայմանականի տակ, հուսախաբված, ընկճված ու սգավոր մեր ժողովրդին, Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, ոչ միայն ինչ-որ չափով սփոփանք, այլեւ կրկին հուսավառվելու կորով կպարգեւի, կմեղմի թերարժեքության բարդույթը, նաեւ հավատ կներշնչի, որ Արդարությունը ի վերջո կարող է նաեւ հաղթել:

Տարածաշրջանային իմաստով ՙ Հայաստանին կվերադարձնի տարածաշրջանում դիմադրողական գործոն լինելու առավելությունը: Դիմադրողականությունՙ ընդդեմ թուրքական ռազմաքաղաքական սանձարձակությունների, ներառյալ ադրբեջանական նվաճողականությանը, եւ մեր առաջ կբացի տարածաշրջանում հակաթուրքականՙ ներկայիս ձեւավորվող կոալիցիայի ակտիվ անդամ դառնալու հնարավորությունը, միաժամանակ եւ հատկապեսՙ թուրքական նվաճողականությանը զոհ գնացած ու գնացող մյուս ժողովուրդների հօգուտ մեզ աջակցության խթան կհանդիսանա:

Այստեղ հարկ է փարատել ոմանց մտավախությունը, թե գերհզոր երկրի կողմից այդ ճանաչումը մեր դաշնակից պետությանՙ Ռուսաստանին կարող է մեզ համար վտանգավոր անհանգստություններ պատճառել: Ընդհակառակը. դա կարող է հակակշիռ լինել ռուսական մեծապետական շրջանակների որոշ նկրտումներին. մեծերը մեծերի քայլերին սովորաբար ավելի լուրջ են վերաբերվում, քան մենք: Ճանաչումը, ապահովաբար, մեզ կբերի որոշ դիվիդենտներ մեր բարեկամների ու թշնամիների հետ բանակցության սեղանին:

Աշխարհաքաղաքական իմաստով ՙ դա անկասկած մեծացնելու է ցարդ, 1965 թ.ից ի վեր Ուրուգվայի ճանաչումով սկիզբ առած ճանաչման գործընթացի սահմանները ու շառաչուն ապտակ կլինի Ժխտողականության եւ Ուրացումի դեմ եւ հօգուտ Ցեղասպանության կանխարգելման եւ պատժումի համամարդկային ջանքերի:

Իրավական իմաստով ՙ ճանաչումը ամերիկյան դատարաններին կստիպի վերատեսության ենթարկել Թուրքիո դեմ կալվածային անհատական ու հավաքական փոխհատուցման հիմքով վարույթ չընդունելու իրենց ընթացակարգը: Այլ խոսքովՙ դա հնարավորություն կտա մեզ հատուցման պահանջով անհատական-անձնական եւ հավաքական (եկեղեցի, համայնքային եւ այլ կառույցներ) դատական հայցեր ներկայացնելու ամերիկյան դատարաններին:

Իսկ անվտանգության տեսակետից բավական կլինի հիշեցնել, որ ճանաչումը եթե (կրկին այս «եթեն») պատահած լիներ, օրինակ, 2019-ին, Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունման օրերին Թրամփի վարչակազմի կողմից, ապա թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռյակի նախահարձակումը այսքան ուժգին ու պատերազմը այսքան երկար չէր լինի:

Ու չմոռանալ ամենակարեւորըՙ Թուրքիան մեկ բան է որպես Ժխտողականության մեջ հաջողած երկիր, եւ բոլորովին ուրիշ բանՙ որպես Ցեղասպանութամբ դատապարտված պետություն: Ահա՛ թե ինչու Էրդողանի վարչակարգը այդքան եռանդ, փող եւ քրտինք է թափում Ճանաչումը կանխելու համար: Հանցագործները միշտ են այդպես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ