ՀԱՐԹԱԿ, ՈՐԸ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆՆ Է ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրսի ուսանողուհի Նորաբաց «Ազգային մոլը» մի տանիքի տակ է հավաքել բոլոր հայ արտադրողներինՙ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մի խումբ գործարարների կողմից կյանքի կոչված գաղափարը սպառողին հնարավորություն է տալիս օգտվելու բացառապես հայկական արտադրանքից, ինչպես նաեւ նպաստում է տնտեսության զարգացմանը: Այստեղ, ինչպես նախաձեռնողներն են ասում, կգտնես ինչ մտքովդ անցնի, շատ փնտրելու կարիք չկա: Մեկ տանիքի ներքո հավաքված աշխատակիցները մեկը մյուսի հետեւից զբաղեցնում են իրենց տեղերն ու ցուցափեղկերին շարում իրենց ապրանքը, ամեն մեկը մի բրենդովՙ հայկական միտք, ձեռագիր ու ոճ: Մասնագիտությամբ հաշվապահ Գայանեն այժմ շոկոլադագործությամբ է զբաղվում: Նրա ձեռքի գործը տարբերվում է իր գույնով, փայլով, միջուկով ու համով: Սրտիդ ուզած համի շոկոլադը կարող է պատրաստել,նույնիսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար հատուկ շոկոլադներ: «Կոնֆետըՙ հայկական է, հումքըՙ բելգիական, միջուկն էլ առանց հավելումների:Ամեն շոկոլադի վրա նախշեր են, հատ առ հատ նկարում եմ ամեն մեկի վրա:Սկզբում այն ինձ համար նախասիրություն էր, հիմա վերածվել է բիզնեսի: Հուսամ ամեն ինչ լավ կլինի ու հայկականն ավելի կգնահատվի»,- ասում է նա, ապա ծիծաղով ավելացնում.- «դեռ վաղ է եկամուտը հաշվել, բայց business woman դառնալու ժամանակն է»: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, կառավարական ամառանոց, Արաբական Միացյալ Էմիրություններում Շեյխ ալ Քասիմի առանձնատուն:Կապող օղակը մեկն էՙ ներքին լուսավորությունն ապահովում են հայկական ջահերը: «Մենք աշխատում ենք պատվերովՙ ըստ չափերի, ինտերիերի: Պատվերն ընդունում ենք աշխարհի որ կետից էլ այն լինի: Ինչո՞վ ենք մենք պակաս Չինաստանից ու Թուրքիայից: Ուզում եմ, որ մենք արտահանող երկիր դառնանք, այդ իսկ պատճառով նախաձեռնության մասին լսելովՙ միացա տղաներին»,- մեզ հետ զրույցում ասում է «Բակլաչյան» ընկերության տնօրեն Արմեն Բակլաչյանը: Դարչինով խնձորի չրից մինչեւ լոլիկի եւ նարնջի չիր. հայկական յուրաքանչյուր միրգ եւ բանջարեղեն կարող է դառնալ գեղեցիկ փաթեթՙ համեմված յուրահատուկ համով ու բույրով: «Մեր փունջ փաթեթում 5 տեսակի մրգեր կան, 100 գրամի փոխարեն գնորդը կարող է վերցնել 300 գրամ տարողությամբ փաթեթ, որի մեջ կան բոլոր տեսակի մրգերըՙ համերի բազմազանությամբ եւ սեղանին գեղեցիկ տեսք հաղորդելու համար»,- ասում է գործարար Դանիելը: «Ազգային մոլն» արդեն իսկ համագործակցում է 250-ից ավելի հայ արտադրողների հետ: Տարածքները տրվում են վարձակալությամբ, ընկերությունները առաջին երկու ամիսներին վճարում են տարածքի վարձակալության գումարի 50 տոկոսը, երրորդ ու չորրորդ ամիսներինՙ 75 տոկոսը, հինգերորդ ամսվանից հետոՙ ամբողջությամբ: «Կես մետրի համար արտադրողը վճարում է 15 հազար դրամ: Մենք առաջարկում ենք շատ ցածր մարժա, որպեսզի հայ արտադրողները չունենան ֆինանսական դժվարություններ: Տաղավար վարձակալողն ամսական վճարից բացի ուրիշ ոչ մի գումար չի տալիս: Բոլոր ծախսերը հոգում է տնօրենությունը: Կոմունալների ծախսերը մեր վրա են: Մաքրուհին, վաճառողը, խորհրդատուն անցնում են վերապատրաստում»,- նշում է «Ազգային մոլի» հանրային կապերի պատասխանատու Կարինե Միքայելյանը : |