RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1193, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԵԿԵՑԻԿ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՉԻՆԱԿԱՆ ՓՈՐՁԸ

ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ցանցային հետազոտությունների ինստիտւտի տնօրեն

Մարդկային լայն զանգվածների աղքատությունըՙ մարդասիրական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ մի շարք այլ մոտեցումների տեսանկյունից, մեր իրականության ամենահրատապ խնդիրներից է: Մինչդեռ աղքատության հետ կապված խնդիրները բավական հազվադեպ են լուսաբանվում ժամանակակից ԶԼՄ-ների էջերում եւ, արդյունքում. համաշխարհային հանրությունում հաճախ թյուր տպավորություն է ձեւավորվում, թե խնդիրն այդ այդքան էլ հրատապ չէ: Իրադրության նման ընկալմանը յուրովի նպաստում է նաեւ տարբեր կազմակերպությունների եւ հետազոտողների կողմից աղքատության գնահատման մեթոդների տարբերությունը եւ արդյունքում նրանց կողմից ներկայացված տվյալները էապես (երբեմնՙ մինչեւ մի քանի անգամ) տարբերվում են միմյանցից:

Չի կարելի բացառել, որ նման խառնաշփոթը պայմանավորված է նաեւ նրանով, որ աղքատության էության ընկալումը մեծապես կախված է ազգային եւ քաղաքակրթական առանձնահատկություններից: Սակայն, ինչպես հետեւում է ոլորտի մի շարք փորձագետների եզրակացություններից, բացի վերոնշյալ հանգամանքներից, այս կամ այն հասարակության անբարեկեցության բարձր մակարդակի վերաբերյալ տվյալները հիմնականում խիստ քաղաքականացված են: Նման ռազմավարության նպատակն է ձեւավորել թիրախավորված երկրի բացասական կերպարը (իմիջը) միջազգային հանրությունում, դրանից բխող քաղաքական եւ տնտեսական ծանր հետեւանքներով այդ երկրի համար: Պատահական չէ, որ Լոնդոնի համալսարանի «Արեւելյան եւ Աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Սթիվ Ցանը համարում է, որ «աղքատությունը հարաբերական հասկացություն է եւ գտնվում է քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում»: Աղքատության իրական մակարդակի գնահատման շուրջ ձեւավորված նման անորոշ իրավիճակում մենք հետագա դատողությունների համար նպատակահարմար գտանք օգտվել Համաշխարհային Բանկի կողմից կատարված հետազոտությունների տվյալներից:

Եվ այսպես, համաձայն ՀԲ-ի ավելի քան 700 միլիոն մարդ (աշխարհի բնակչության մոտ 9,4%-ը), օրական ստանում են 1,9 դոլարից պակաս եւ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Այս ցուցանիշը, անշուշտ, խիստ տպավորիչ եւ տագնապալից է, բայց պետք է փաստել, որ վերջին տասնամյակում ծայրահեղ աղքատների թիվը տարեցտարի նվազել է: Սակայն իրավիճակը փոխվել է արդի ժամանակահատվածում եւ այդ նվազումը փոխարինվել է աճման միտումներով: Համաձայն բավականին համոզիչ կանխատեսումներիՙ 2020-2021 թվականներին աշխարհում ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը կաճի 150 միլիոնով: Որպես նման բացասական դինամիկայի հիմնական պատճառ նշվում է Covid-19 համաճարակը:

Բոլորիս հայտնի է, թե այդ համաճարակն որքան բացասաբար է ազդել համաշխարհային տնտեսության եւ ընդհանրապես բնակչության սոցիալ-հոգեբանական իրավիճակի վրա: Բայց հայտնի է նաեւ, որ համավարակով պայմանավորված ցնցումները նվազագույնս են ազդեցել Չինաստանի վրա, որը կարողացավ խիստ արդյունավետ լուծել կորոնավիրուսի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները: Բավական է փաստել, որ Covid-ով վարակվածների թիվը ԱՄՆ-ում գերազանցում է 31 միլիոնը, մինչդեռ ՉԺՀ-ում այն կազմում է 90 հազար մարդ: Հատկանշական է նաեւ, որ Չինաստանում այս հիվանդությունից մահացության մակարդակը 50 անգամ ցածր է, քան Միացյալ Նահանգներում: Այս հանգամանքը առիթ հանդիսացավ ոլորտի ֆրանսիացի փորձագետներին հայտարարել, որ այսօր արդեն գիտության զարգացման կենտրոն է հանդիսանում ոչ թե Միացյալ Նահնգների կողմից ղեկավարվող հավաքական Արեւմուտքը, այլ Չինաստանը: Փոքր ինչ շեղվելով աղքատության թեմայից նկատենք, որ համաձայն մի շարք հեղինակավոր քաղաքագետների, Covid-19-ի ստեղծման «հեղինակն» է ԱՄՆ-ը, որը ձգտում էր այդ վիրուսի ծագման պատասխանատվությունը դնել ՉԺՀ-ի վրա եւ այդպիսով ներկայացնել այդ երկիրը որպես գլոբալ նշանակության վտանգների աղբյուր: Սակայն այդ նախագիծը տապալվեց եւ ներկայումս Չինաստանի ընդհանրական վարկանիշը կտրուկ բարձրացել է ոչ միայն համաճարակը, այլեւ աղքատությունը հաղթահարելու շնորհիվ:

Համեմատաբար վերջերս Չինաստանի առաջնորդ Սի Ծինպփինը հայտարարեց, որ Չինաստանը աղքատության դեմ պայքարում պատմական հաղթանակ է տարել: Համաձայն նրա կողմից ներկայացված փաստերի, վերջին ութ տարիների ընթացքում գրեթե 100 միլիոն գյուղական բնակիչ հաղթահարել է աղքատության շեմը, 832 գավառներ դուրս են բերվել աղքատ համարվողների ցուցակից, եւս 128 հազար գյուղերում վերացվել է աղքատությունը, իսկ Չինաստանի 28 ազգային փոքրամասնությունները հաղթահարել են աղքատությունը: Նշվում է, որ 2012-թվականից հետո Չինաստանում տարեկան ավելի քան 10 միլիոն գյուղական բնակչություն հաղթահարել է աղքատության շեմը:

Ակնհայտ է, որ վերոնշյալ հաջողությունները հիմնված են տնտեսական իրական բարեփոխումների եւ ձեռքբերումների վրա: Վերջին տարիներին չինական իշխանությունները հսկայական գումարներ են ծախսել աղքատության հաղթահարման վրա `շուրջ 250 միլիարդ դոլար: Բավական է նշել, որ 255 հազար բրիգադ եւ ավելի քան 3 միլիոն մասնագետներ ուղարկվել են շրջաններ, որպեսզի վերացնեն աղքատության հիմնապատճառները: ՉԺՀ առաջնորդն անձամբ բազմիցս է մեկնել անապահով շրջաններ, իրավիճակը համարժեք պատկերացնելու նպատակով զրուցել է բնակիչների հետ: Սի Ծինպփինը այդ զրույցների ընթացքում անմիջական որոշումներ է կայացրել մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ եւ բնակարաններ կառուցելու վերաբերյալ, կարգադրել է դրամական օգնություն տրամադրել հատկապես անապահով մարդկանց, իսկ երեխաներին անվճար կրթություն ապահովել տեխնիկումներում: Կառուցվել կամ վերակառուցվել է 1,1 միլիոն կիլոմետր բարեկարգ գյուղական ճանապարհներ, իսկ գյուղական տարածքները ապահովել են կայուն էլեկտրամատակարարմամբ: Նույն ժամանակահատվածում վերանորոգվել են շուրջ 26 միլիոն ցածր եկամուտ ունեցող բնակիչների խարխուլ բնակարանները, իսկ գրեթե 8 միլիոն աղքատ տնային տնտեսությունների եւ շուրջ 10 միլիոն մարդ վերաբնակեցվել է աղքատ տարածքներից: Հատկանշական է նաեւ, որ աշխատանքներ են իրականացվել ոչ միայն զուտ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ. նախկինում անապահով բնակավայրերում այսօր 100% -ով հասանելի է ինտերնետը:

Հարկ է նշել, որ Չինաստանի ղեկավարությունը սկսել է պայքարել դեռեւս 1979 թվականից, երբ «չինական բարեփոխումների ճարտարապետ» Դեն Սյաոպինը հայտարարեց իր միջին բարգավաճման հասարակությունՙ «Սյաոկան», կառուցելու գաղափարը եւ դարձրեց այն Չինաստանի արդիականացման կարեւորագույն նպատակ: Ինչպես նշեց իր հարցազրույցում ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպան պարոն Ֆան Յոնգը, «ավելի քան 40 տարվա լայնածավալ աշխատանքների եւ բարեփոխումների արդյունքում Չինաստանում 770 միլիոն չքավոր գյուղական բնակչություն դուրս է բերվել աղքատությունից, ինչը կազմում էր աշխարհում աղքատության մեջ գտնվող մարդկանց ընդհանուր թվի ավելի քան 70%-ը: Եվ այսպիսով Չինաստանը նախատեսված ժամկետից 10 տարի շուտ հասավ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգում դրված 2030թ.- ին աղքատության հաղթահարման նպատակին:

Թերեւս տարօրինակ չէ, որ ՉԺՀ-ի հաղթանակը աղքատության դեմ պայքարում, հատկապես համաշխարհային տնտեսության համար այս դժվարին ժամանակներում, ընկալվեց բավականին երկիմաստ: Կասկած չկա, որ այսօր իրենց հիմնական մրցակցի ՙ Չինաստանի հաջողությունները կենսագործունեության որեւէ ոլորտում անհանգստացնում են արեւմտյան քաղաքական շրջանակներին: Վերջիններս, ելնելով իրենց աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերից, այլ երկրների հաջողությունները համարում են մարտահրավերՙ ուղղված իրենց կողմից քարոզվող եւ կառուցվող տոտալիտար նեոլիբերալ աշխարհակարգի մոդելին: Հայտնի է նաեւ, որ նման համակարգում հատկապես կարեւոր տեղ են զբաղեցնում մենաշնորհ ունեցող զանգվածային լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերը: Ուստի պետք չէ զարմանալ, որ այդ միջոցներն այսօր իրականացնում են շատ խորամանկ ռազմավարություն.նրանք լավագույն դեպքում պարզապես լռում են, կամ էլ հպանցիկ են լուսաբանում ոչ սեփական, առավել եւսՙ չինական ձեռքբերումները: Սակայն ավելի հաճախ արեւմտյան ԶԼՄ-ները հանդես են գալիս ակնհայտ կեղծարարություններով, որպեսզի նսեմացնեն իրենց մրցակիցների հաջողությունները եւ այդպիսով «լվան» իրենց կարդացողների եւ լսողների ուղեղները: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ աղքատության վիճակից ավելի քան 100 մլն մարդու դուրս գալու մասին հաղորդագրությունն այդպես էլ համաշխարհային ԶԼՄ-ների համար հիմնական նորություն չդարձավ, իսկ որոշՙ այսպես կոչված «փորձագետներ» կասկածի տակ առան չինական կողմի ներկայացրած տվյալները: Սակայն դրա հետ մեկտեղ Եվրոպայի եւ Ռուսաստանի մի շարք բարձր մակարդակի գիտնականներ ըստ արժանվույն գնահատեցին Չինաստանի առավել քան տպավորիչ ձեռքբերումները այդ սոցիալ-հումանիտար եւ տնտեսական ոլորտում:

Այս ամենի համատեքստում թույլ տանք մեզ զբաղվել անշնորհակալ գործովՙ կանխատեսմամբ եւ պնդել, որ արդի գլոբալ հիբրիդային հակամարտությունում (որը շատ ավելի անողոք է, քան անցյալ դարի Սառը պատերազմը) Չինաստանը չի լինելու պարտվողների թվում: Բայց սա արդեն այլ թեմա է եւ այդ հարցերին, հուսով եմ, դեռ կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ