RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 554, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵ ԻՆՉՊԵՍ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՑ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Մինչ ՀՀ գործող իշխանությունների վայրկյան առաջ հեռացումը, երբ տնտեսական ձախողումների անվերջանալի շարանն էլ այն իրողության չի վերածում, հանրության որոշակի հատվածը պարտադրված է աջակցության որոշակի նախաձեռնություններ հանդես բերել: Դրանք կարող են եւ սուր քննադատության տեսքով լինել, թե ինչ չի կարելի անել, նաեւ վերլուծություններ կարող են պարունակել, հուշելով այլոց փորձը, եւ կարող են առաջարկություններ լինել, փաստարկված ու հաշվարկված... Կարճ ասած, մեկ Հայաստան ունենք եւ այն հարուստ ու կայացած տեսնելը յուրաքանչյուր հայի խնդիրն էՙ անկախ բնակության վայրից, աթեիստ լինելուց թե կրոնական պատկանելիությունից: Բայց ի՛նչպես օգտակար լինել մի իշխանության, որն անվարան կույր ու խուլ է յուրաքանչյուր խոսքի հանդեպ, կասկածի որեւէ նշույլ չի նկատում ու ընդունում սեփական ահագնացող գործողություններում, միայն իր արածն ու նաեւ չարածն է չափանիշ գնահատում: Արհավիրքը եկել դուռ-լուսամուտներս է թակում, տանիքին է հարվածում, կառավարիչներ հորջորջվածներն անգամ սկսնակ մենեջերների որակներ չեն ցուցադրում, նախապատվելի են համարում մաթեմատիկայի գումարման ու բազմապատկման գործողությունները, չտեսնելու տալով հանումն ու բաժանումը:

Արտառոց տարօրինակ թվաբանություն է պարուրել հայոցս միջավայրին, որի յուրօրինակ «գլուխգործոցը» հազիվ 13 մլրդ դոլար կազմող համախառն ներքին արդյունքն է, հայերենով ասվածՙ 6.000.000.000.000 դրամը: Կողմնորոշվել չկարողացողների համար նշեմ, որ խոսքը 6 տրիլիոն դրամի մասին է, որտեղ մի քանի հարյուր միլիարդ ավել պակասը որեւէ նշանակություն չունի, դեր չի խաղում: Եվ հարցըՙ ինչպե՞ս անել, որ այդ միլիարդները որեւէ իմաստ ստանան, հնչեղություն ձեռք բերեն, հարգանք վայելեն, տրվում է ինքնաբերաբար: Տարբեր երկրների փորձը կա, երբ ազգային արժույթի առաջին թվից հետո շարված զրո-ների քանակը կրճատվում է, նշված հատկանիշներն առավել առարկայական են ներկայանում, դառնում շոշափելի ու պահանջված, յուրօրինակ ծանրակշիռ: Մասամբ այդպես վարվեցին մեզ անբարյացակամ հարավային հարեւան երկրում 2006 թվականին, երբ գրեթե 1500 լիրայի դիմաց ազգային արժույթը 1 դոլարի համեմատ սահմանեցին 1,5 լիրա: Այն մի քանի տարի որոշակի կայունության նշաններ ցուցաբերեց, իսկ վերջին տարիներին էապես արժեզրկվեց, հիմա արդեն հասնելով 8 լիրայի 1 դոլարի դիմաց: Այսուհանդերձ, Թուրքիայի տնտեսությունը շարունակում է աճել, ոչ վաղ անցյալի 500 մլրդ դոլարից ներկայում կազմում է 2.3 տրիլիոն դոլար, 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ն համապատասխանաբարՙ 8.000 դոլար եւ 28.000 դոլար: Ի զորո՞ւ ենք Հայաստանի Հանրապետությունում վերջին արդյունքներն ունենալ առաջիկա մի քանի տարիներինՙ անշուշտ ոչ, սակայն 2020-ականների ավարտինՙ թերեւս այո:

Տողերիս հեղինակ ՀՀ քաղաքացիս, որ ակտիվ լրագրությամբ զբաղվելով հաճախ է անդրադառնում էապես վտանգված ՀՀ պարենապահովության ու պարենային անվտանգության խնդրին, նման ռեսուրս տեսնում է երկրում միս-մսամթերքների արտադրությունում: Գաղտնիք չէ, որ այսօր երկիր մոլորակի չորս կողմերից ՀՀ է ներմուծվում տավարի, խոզի ու հավի մսի աննախադեպ ծավալներ: Տասնյակ հազարավոր տոննաներ կազմող երշիկեղենն ու մսամթերքները, պատրաստվող խորովածներն ու քաբաբները, գրիլներն ու ապխտած մսեղենը հիմնականում պատրաստվում են խոր սառեցված ներմուծված մսատեսակներից: Եթե ընդունենք, որ զարգացած երկրներում, ասենք Ավստրալիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Գերմանիայում 1 բնակչի հաշվով միս-մսամթերքների սպառումը կազմում է 100-120 կգ, աղքատ դասվող ՀՀ-ում այն թերեւս մոտ է 50-60 կգ-ի, որի 30-35 կգ-ը, ըստ ազգային վիճակագրական կոմիտեի հաշվարկների, արտադրվում է երկրում, 20-25 կգ-ը ներմուծվում է: Ըստ հայտարարված թվերի միայն թռչնամսի ներմուծումները որոշ տարիներ հասել են 35 հազար տոննայի, երբ տեղում արտադրվողը չի հասնում 15 հազար տոննայի: Համանման պատկեր է թե՛ խոզի, թե՛ տավարի մսի պարագայում: Ըստ ՀՀ ԱՎԿ-ի, վերջինիս տարեկան արտադրությունը 2017-ին կազմել է 70 հազար տոննա: Ստացվում է տարեկան 330-350 հազար խոշորի մորթ, օրը մոտ 1000 գլուխ, չափից շատ թիվ չէ՞ արդյոք, որը երբեմն նկարված է որակվում:

Այսուհանդերձ վերադառնանք ՀՀ բնակչության կողմից այսօր արդեն սպառվող 100 հազար տոննա մսի արտադրությանը, ակնկալելով 150-180 հազար տոննա սպառման ծավալներ: Անգամ այսօրվա գները պահպանելու պարագայում ունենում ենք շուրջ 1 մլրդ դոլարի հասնող միս-մսամթերքների ապրանքաշրջանառություն, երբ այսօր ողջ գյուղարտադրանքը այս թվին չի մոտենում: Իսկ թե ինչպես հասնել այդօրինակ ցուցանիշի, լավագույն օրինակ արձանագրում ենք Չինաստանի տնտեսության վերջին տարիների տվյալներին ծանոթանալու արդյունքում: 1960-ականներին այս երկիրն այնքան էր աղքատ, որ պետականորեն սահմանափակեց ծնելիությունը: Ունենալով բավարար հողա-ջրա-ջերմային պոտենցիալ, 1 քառակուսի կիլոմետրի հաշվարկով մոտ 100 բնակիչ, նույնքան որքան ներկայիս ՀՀ-ում, աշխատասեր որակվող Չինաստանը պարենային խնդիր ուներ: ՀՍՀ հանրագիտարանից տեղեկանում ենք, որ 1980-ականներին 1 մլրդ բնակչության հաշվով արտադրվում էր հազիվ 140 մլն տոննա բրինձ եւ 55 մլն տոննա ցորեն, սահմանափակ էր անասնագլխաքանակը, քանզի ոչ մի քայլ չէր արվում լիարժեք անասնակերերի արտադրության ուղղությամբ: Հետեւելով հանրահայտ «մի լսեք ինչ են ասում ամերիկանցիները, այլ արեք այն, ինչ ամերիկացիներն են անում» խոսքերին, Չինաստանում լիարժեք անասնակերի հումք համարեցին ԱՄՆ-ում երեք տասնամյակ առաջ ներդրած եգիպտացորենի հատիկը: 2000 թվականին այն արդեն արտադրվում էր 100 մլն տոննա, 2018-ինՙ 257 մլն տոննա: Խոզի մսի համաշխարհային 120 մլն տոննայի մոտ կեսը չինական արտադրության է, հայաստանյան 6 դոլար գնով հաշվարկելու պարագայում ստանում ենք 330 մլրդ դոլար, որը Չինաստանի ՀՆԱ-ի 1,5 տոկոսն է: ՀՀ-ի դեպքում ՀՆԱ-ի 1,5 տոկոսը 200 մլն դոլարն է, որը կարելի է ստանալ 33000 տոննա խոզի մսի իրացումից: Կարող ենք չէ՞ 1-2 տարում լուծել այն: 1 բնակչի հաշվով հավի միս արտադրվում է 15 կգ, ՀՀ-ում 4 կգ: Բրնձի արտադրությունը 210 մլն տոննա է, ցորենըՙ 130 մլն տոննա, իսկ ռեկորդակիրը եգիպտացորենի հատիկն էՙ 257 մլն տոննա: Եվ այս ամենը 1960-ականների նույն այն 110 մլն հեկտար վարելահողերի վրա, որոնք նույնությամբ կան այսօր թռիչքային զարգացող Չինաստանում:

«Թե ինչպես» հարցի պատասխանը հայ հանրությունն ակնկալում է ՀՀ զարգացման ու կայացման պատասխանատուներից, ովքեր իրենց ամենազոր են ներկայացնում:

Ազնիվ չէ, ասում է ՀՀ քաղաքացին:

06.04.2021թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ