RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2021-03-26 > #012, 2021-04-02 > #013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021



Մշակույթ

Տեղադրվել է` 2021-04-08 23:12:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 422, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԲԵՏԱՆԱՊԱՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Գ.Գ.

Ժամանակակից Թուրքիայի վարած հակահայկական քաղաքականության կարեւոր գործոններից մեկը հայկական մշակույթի, այդպիսովՙ հայկական հետքի ոչնչացումն է: Այդպիսի դրսեւորում էր նաեւ մայրաքաղաք Անկարայի Ուլուս թաղամասում գտնվող բանկերից մեկի նոր մասնաշենքի շինարարության ժամանակ արված վանդալիզմը: Պարզվում էՙ հիմքի փորման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդկային բազմաթիվ ոսկորներ, որոնք զարհուրանք են պատճառել նույնիսկ բանվորներին ու հարակից շենքերի բնակիչներին: Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անմիջապես արձագաքել է վանդալիզմի դեպքին ու սեփական հետաքննություն անցկացրել:

Փայլանին հաջողվել է կադաստրի արխիվային ֆոնդից դուրս բերել տարածքին վերաբերող փաստաթղթերն ու բացահայտել, որ մինչեւ Հայոց ցեղասպանությունը տարածքում եղել է հայկական գերեզմանոց, կաթոլիկ եկեղեցի եւ հայերի կողմից կառուցված ու շահագործվող բաղնիք:

Այս բացահայտումը շոկային է եղել ինչպես Փայլանի, այնպես էլ Անկարայի քաղաքային ղեկավարության համար, որն ամենեւին էլ չէր սպասում շինարարական իրադարձությունների նման զարգացման:

Փայլանը հարցը բարձրացրել է Մեջլիսումՙ միաժամանակ գրավոր հարցում ուղարկելով Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումինՙ բացատրություն պահանջելով այս դեպքի առնչությամբ եւ իր վրդովմունքն արտահայտելով, որ այսքանից հետո դեռ շարունակվում են շինարարությունները եւ կարելի է ասել առանց այն էլ տակնուվրա եղած գերեզմանատունը եւս մեկ անգամ պղծվում է:

Ահա Փայլանի հարցումը.

« ա. Ինչո՞ւ չի դադարեցվում Թուրքիայի բնակարանաշինության վարչության (TOK ) կողմից հայկական գերեզմանոցի վրա կատարվող շինարարությունը :

բ. Նկատո՞ւմ եք, որ «TOK »-ը ոչնչացնում է Անկարայի մշակութային արժեքներն ու քաղաքային հիշողությունը:

գ. Ինչո՞ւ եք բետոն թափում Անատոլիայի հայերի ոսկորների եւ մշակութային արժեքների վրա»:

Ամենատարօրինակն այն է, որ Թուրքիայի Ճարտարապետների միությունն ավելի վաղ կոչ էր արել դադարեցնել այդ շինարարությունըՙ այն համարելով անօրինական ու անընդունելի: Կառույցի Անկարայի մասնաճյուղը պաշտոնապես դիմել էր Անկարայի քաղաքապետարանի մշակույթի եւ բնության պահպանության վարչություն, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության հուշարձանների եւ թանգարանների գլխավոր վարչություն, ինչպես նաեւՙ շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարության կադաստրի վարչությանը, բայց ապարդյուն:

Հայտնաբերված ոսկորները փորձաքննության են հանձնվել «Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանի» աշխատակիցներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 09-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ