ԵՐԿՆՔՈՒՄ ՀԻՄԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ԵՆ ԹԱԳԱՎՈՐՈՒՄ ՆԱԻՐ ՅԱՆ Պատերազմը միայն աղի արցունքի համ չունի, պատերազմը նաեւ աղքատության համ ունի, միայն թե պատերազմից առաջ ոչ ոք չի հետաքրքրվում, թե մինչ զորակոչի տարիքի հասնելը, ի՛նչ կյանքով է ապրել հայրենիքի պաշտպան, հայրնեիքի առաջ պարտականություններ ունեցող զինվորը: Ոչ մի ձեռք չի թակում ապագա զինվորի դուռըՙ հարցնելուՙ ինչի՞ կարիք ունեք, ապագա զինվորի հարազատներ, ի՞նչ գնով եք պահում-մեծացնում այն տղաներին, որոնց 18-ը լրանալուն պես չենք թողնելու, որ մի գիշեր ավել քնեն իրենց տանը, «Դու արդեն զինվոր ես, գնա՛ ու պարտքդ կատարիր պետության առաջ»,- ասելու են ու... հայդե՜ բանակ: Սեփական տանիքի կարո՞տ է, կամ գուցե մանկությունից ի վեր կուշտ փորով հաց էլ չի կերել արդեն զինվորի համազգեստ հագած, երեկՙ դպրոցական, իսկ այսօր արդեն շարքային Արմենը: Մի տանից երկու եղբոր նույն օրը զորակոչել են: Հայրն ու մայրը մտածել ենՙ երկու տարի իրար երեսի նայելովՙ օրը մենակ կլուսացնենք ու կմթնեցնենք, մինչեւ տղերքը վերադառնան: Երկու եղբայրներին նույն օրը տարել են Հադրութՙ մարտական գործողությունների, այն դեպքում, երբ այդ տարածքը հինգ օր առաջ թշնամուն է հանձնված եղել, այն դեպքում, երբ ոչ մի երաշխիք չի եղել, որ երկուսն էլ չեն զոհվի: Եղբայրները կողք-կողքի զոհվել են: Նրանց մասունքները ամիսներ հետո են տուփի մեջ դրածՙ հանձնել ծնողներին: Այս պատմությունը քարին էլ կլացացնի, բայց ողբերգությունն այսքանով չի ավարտվում, ողբերգությունն սկսվել է քսան տարի առաջ, երբ Արամի ու Դավիթի ծնողները, սեփական տանիք չունենալով, գյուղի ֆերմայում տարածք են առանձնացրել, քիչումիչ վերանորոգել, ներկել ու այնտեղ երկու որդիներին ունեցել, մեծացրել: Աշխատել են օրավարձովՙ ծայրը ծայրին հասցնելով: Իսկական ողբերգությունը երկու եղբայրներիՙ միասին, նույն վայրկյանին ակնթարթային զոհվելը չէ, այլ մինչ այդ նրանց ապրած երկու տասնամյակից էլ կարճ կյանքն ու այդ կարճ կյանքում տեսած աղքատությունը, «մեկն ի պապանց պարոնորդու», «մեկն ի պապանց մուրողի» անարդար բեւեռացումն ու ծայրահեղությունը, աղքատության մտրակների ամենօրյա հարվածների ցավն ու վիրավորանքը: Երկու եղբայրների զոհվելու փաստից առավել զարհուրելի է նրանց մոր պատմածը. «6 ամիս էր անցել, ինչ տղաներս բանակում էին: Չգիտեինք, որ պատերազմ է լինելու: Ավագ որդուս ուղարկել էին Հայաստան. դիպուկահարի դասընթացների էր մասնակցում: Մի երեկո էլ դուռը բացեց, տուն մտավ: Ես ու հայրը զարմացանք: Ասացՙ մի անհանգստացեք, եկել եմ ձեզ տեսնեմ, որ վաղը մեկնելու եմ: Արագ մտավ տուն, տասն անգամ դարակների դռները բացեց-փակեց, սառնարանի դուռը բացեց-փակեց ու հուսահատ հարցրեցՙ մամ, մեր տանն իսկի ոչինչ չի փոխվե՞լ»: Մեր կողքին ապրել են ապագա զինվորներ, որոնց համար սմարթֆոնը երազանք է եղել, որոնց երազանքի ավտոմեքենան «Ժիգուլին» է եղել, որոնց սիրտը ցավից մղկտացել է, ճակատները քրտնել են, երբ իրենց աղքատիկ, կիսախարխուլ կացարանը համեմատել են իրենց տարեկիցների քառահարկ դղյակների հետ: Բայց հենց աղքատիկ հյուղակներում ծնված ու ապրած տղաներին, չգիտես ինչպես ու ինչու, վիճակահանության ժամանակ բաժին են ընկել Արցախի առաջնագծերի զորամասերը, որոնք պատերազմի առաջին իսկ օրերին ամենածանր կորուստներն են կրել: Ինչի՞ց է, որ մարզերում ու Երեւանում ամենաընչազուրկ ընտանիքների տղաներին, որպես կանոն, տարել են Ջաբրայիլի, Մարտունու զորամասեր, իսկ ապահով ընտանիքների զավակները մեծ մասամբ ծառայել են Ստեփանակերտի զորամասում: Այս խտրականությունը գուցեեւ ջրի երես դուրս չգար, եթե չլիներ պատերազմը, ինչպես չէինք իմանա, որ նույն խտրականությունն է մեծ մասամբ գործել, նույն աղքատ ընտանիքների որդիներն էին զոհվել ու վիրավորվել ապրիլյան պատերազմի ժամանակ: Գյուղերում տղաները դեռ 12-13 տարեկանից աշխատում են, ուրիշների դաշտերում ու այգիներում գումարի դիմաց տարբեր գործեր են անում, հատկապես մինչեւ բանակ գնալը փորձում են մեծ հոգսեր վերցնել իրենց վրա: «Գեւորգիս առած աթոռներն են: Մի ամիս ինչ-որ մեկի հողում աշխատեց, մեկ էլ մի երեկո այս աթոռներն առած եկավ, թեՙ մամ, մի քիչ մարդավարի ապրենք, էլի»: «Տուն չունեինք, Մհերս աշխատեց, հորն օգնեց, էս կիսաքանդ տունն առանք, հայրը հիվանդացավ: Մհերս էլի աշխատեց, տունը սկսեց վերանորոգել, քրոջ սենյակը ներկեց, կահույք առավ, նոր գնաց բանակ»: «Հենց որ Արամս նստում էր տան դիմացի քարին, գիտեի, որ ինչ-որ ծրագրեր է գծում: Ասացՙ պապ, էլ չեմ թողնելու սրա-նրա խոտը հնձես, ե՛ս կհնձեմ, համ էլ թիկունքս մի քիչ կլայնանա: Խոհանոց եմ սարքելու, որ մաման ափսեները դրսում չլվանա: Օրավարձով մեքենա կվերցնեմ, տաքսի կքշեմ, փող կհավաքենք: Գնամ բանակ, գամ, գործերս ֆիզկուլտ- ինստիտուտ եմ տալու»: Գեւորգն էլ, Մհերն էլ, Արամն էլ չկան: Նրանց կիսախարխուլ տներում ու հարազատների կիսախարխուլ սրտերում կյանքը կանգ է առել: Որպես կանոնՙ կարիքավոր ընտանիքների երեխաները բարոյական, մարդկային հարաբերությունների ամենաբարձր չափանիշներով են առաջնորդվում, կառուցում փոքրիկ, համեստ երազանքների իրենց դղյակն ու սովորում մանր քայլերով առաջ գնալու արվեստը: Նրանք խորապես գնահատում են իրենց ծնողների անձնվիրությունն ու ջանքերը, ուզում են բարձրացնել իրենց ընտանիքի կյանքի որակըՙ ապավինելով սեփական ուժերին: Նրանց ուզածը մի մեծ բան չէրՙ արժանապատիվ կյանք: Ոչ ունեւոր ընտանիքների երեխաները, որպես կանոն, հոգեպես ու ֆիզիկապես կոփված են, անվախ, նախաձեռնող, պատրաստ սխրանքների ու անձնազոհության: Այդ երեխաները միշտ ապրել ենՙ շատերի ուշադրությունից դուրս, բայց պատրաստ մեծ թռիչքների ու քաջագործությունների: 18-20 տարեկան գյուղաբնակ տղաները գուցեեւ հետագայում կյանքի մասին այլ պատկերացումներ ունենային, ավելի լայն հորիզոնների ձգտեին, չէ՞ որ դեռ չէին հասցրել իրենց համեստ միջավայրից դուրս գալ, դեռ ամեն ինչ համեմատում էին իրենց գյուղի ու մարզի ուղեծրից ներս: Մայրաքաղաքում պատկերն այլ է: Քույրը թերթում է եղբորՙ Ռոբերտի օրագիրը: «Ես պատրաստ եմ ծառայել հայրենիքիս, ես վաղը մեկնում եմ Արցախ»,- գրել է Ռոբերտը: Իսկ օրագրի նախորդ էջերին կետ առ կետ նշված է այն գրականության ցանկը, որը նա պետք է կարդար մինչեւ 2024 թվականը. եվրոպական ու ամերիկյան փորձագետների մոտիվացնող գրքեր են, որոնք օգնում են կյանքում առաջ գնալ, արագ ճանաչել մարդկանց ու գտնել հաջողության բանալիները: «25 տարեկանում ես պետք է ամսական 10 0000 դոլար աշխատեմ, զարգացնեմ ծրագրավորողի հմտություններս, ստեղծեմ բարդ հաշվարկների իմ մեթոդը»,- գրված է օրագրի հերթական էջում: Ռոբերտը շախմատիստ էր, մաթեմատիկոս, պատերազմի ժամանակՙ հրետանավոր: Նրա ճիշտ հաշվարկների շնորհիվ թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի մեծ վնաս է հասցվել: Էդգարը ստիպել է ծնողներին Լոռիից տեղափոխվել Երեւան. ուզում էր լիարժեք կրթություն ստանալՙ միաժամանակ սովորելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ֆրանսիական համալսարանն ավարտել էր, բայց զինվորական գործը մագնիսի նման քաշում էր նրան: Չինաստան էր հրավիրվումՙ դասընթացներ անցկացնելու: Միաժամանակ հոգեբանություն էր սովորում, որպեսզի նորակոչիկների հետ հեշտ լեզու գտնի: Մեկ օրում երեք լեզվով դասախոսություն էր կարդումՙ մեծ գումար վաստակելով, բայց նրա նպատակը մեր բանակը կատերալության հասցնելն էր: Էդգարի, Ռոբերտի ծնողներն ամբողջ կյանքում աշխատել են, չեն հանգստացել, չեն ճամփորդել, չեն հագել, չեն կերել, որպեսզի իրենց զավակները լիարժեք կրթություն ստանան, որպեսզի նրանց երազանքներն իրականություն դարձնելու գինը վճարեն: Ռոբերտն ու Էդգարը հրաշալի կարիերա կարող էին ստեղծել, բայց նրանք պատերազմի ժամանակ էլ են իրենց հմտությունները լավագույնս ներդրել ի նպաստ հայրենիքի ու ոչ մի րոպե չեն երկմտել, երբ եկել է նաեւ սեփական կյանքը զոհելու պահը: Մեր տղաները հրաշալի հայր ու ամուսին կլինեին: Գյուղաբնակ տղաները դեռ բացվելու ու բացահայտվելու տեղ ունեին, կյանքը, աշխարհը ճանաչելու առիթներ դեռ շատ կունենային, դրա հետ մեկտեղՙ կմեծանային նաեւ նրանց ձգտումները: Քաղաքաբնակ երիտասարդները հրթիռի պես նետվել էին գիտության ու տեխնիկայի գիրկը, կյանքն ընկալում ու պատկերացնում էին լայն, ազատ, առողջ, առանց պայմանականությունների: Դրա համար էլ ցավն այսքան անտանելի է, անեզր, անչափելի: Երկնքում հիմա լավագույններն են թագավորում, իսկ ներքեւում նրանց հարազատները լավագույններին զոհաբերածի ցավից խելագարվում են: |