RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2021-04-09 > #014, 2021-04-16 > #015, 2021-04-23 > #016, 2021-04-30 > #017, 2021-05-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021



Տեղադրվել է` 2021-04-23 17:41:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1185, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՇՈ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՎԵՐՄԱՆ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԵՋԼԻՍՈՒՄ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Թուրքիայի կողմից բռնազավթված Մուշ քաղաքի հայկական թաղամասի եւ այնտեղ գտնվող վերջին հայկական տան պատմությանը, որը շինարարության պատճառով կանգնած էր ապամոնատժման վտանգի առաջ: 156-ամյա այդ տանն ապրում է Էրջան Չեթենը , որի շնորհիվ էլ ցայսօր կանգուն է երբեմնի հզոր հայկական թաղամասի վերջին փշրանքը, ավելինՙ նա մեծ աղմուկ է բարձրացրել, որի արդյունքումՙ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներ Շեվին Ջոշքունը եւ Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ: Այս մասին հաղորդում է թուրքագիտական ermenihaber.am-ը:

«Նրանք գրավոր հարցում են ուղարկել Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներումՙ Քալեում, Դերեում եւ Մինարեում, մինչեւ 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել եւ հիշողության բնաջնջման են ենթարկվել:

Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչո՞ւ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:

Ջոշքունը եւ Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարին նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել եւ այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը, Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում եւ թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի»,- գրում է կայքը:

Հիշյալ պատգամավորներն իրենց հարցման մեջ ընդգծել են մի քանի կարեւոր հարցեր, որոնք խիստ ուշագրավ են եւ մեջբերում ենք ստորեւ.

«ա. Մուշի Քալե թաղամասում մնացած վերջին հայկական շենքը, չնայած որ գրանցված է, ինչո՞ւ չեն կարողանում վերականգնել :

բ. Արդյո՞ք Մուշի մշակութային արժեքների գույքագրման աշխատանքներ կատարվել են:

գ. Մուշում քանի՞ գրանցված շենք կա: Այդ գրանցված շենքերից քանի՞սն են հայկական եկեղեցիներ:

դ. Վերջին 5 տարում Մուշում քանի՞ շենք է վերականգնվել: Որո՞նք են այդ շենքերը եւ ընդհանուր առմամբ ո՞րքան բյուջե է դրանց համար հատկացվել:

ե. Մուշի նահանգում գտնվող եւ Էրջան Չեթեին պատկանող հայկական տան գրանցման համարը ո՞րն է:

զ. Խնդրո առարկա շենքի (տան) հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են Մուշի մշակութային եւ զբոսաշրջության նահանգային վարչության կողմից:

է. Այդ շենքի մասին մեր նախարարության կողմից զեկույց պատրաստվե՞լ է: Լուսանկարներով փաստաթղթավորվել, քարտեզագրվել եւ գրանցման կտրոն պատրաստվե՞լ է:

ը. Կա՞ արդյոք քաղաքում գտնվող հայկական տանն առնչվող մշակութային եւ բնական ժառանգության պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշումը: Եթե կա, ապա ո՞րն է որոշման ամսաթիվը ու համարը»:

Թաղամասի եւ տան հետ կապված մյուս զարգացումները կներկայացնենք թերթի հետագա համարներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 23-04-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ