ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԿԱՐԲԻԻ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆ Կարբիի Վ. Թեքեյանի միջնակարգ դպրոցում մարտի 30-ին կայացած հեղինակային հուշ- ցերեկույթը յուրօրինակ հարգանքի տուրք էրՙ ուղղված Կարբիի հերոս նահատակներին, նրանց ծնողներին եւ հարազատներին: Պատերազմը բաց վերք է բոլորիս հոգում: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հիշել եւ անմահացնել նահատակների հիշատակը: Միջոցառմանը ներկա էին նաեւ զոհերի ծնողներ եւ հարազատներ: Աշակերտների շուրթերով հնչած երախտիքի եւ գնահատանքի խոսքերը ունեին մեկ նպատակ. թեթեւացնել նահատակների մերձավորների վիշտը, արժեւորել նրանց սխրանքը, հավաստիացնել, որ հանուն հայրենյաց նահատակվածները ոչ թե մահանում, այլ անմահանում են: Նրանք ապրում են ներկա սերնդի եւ գալիք սերունդների պատմական հիշողությսն մեջ: Յուրաքանչյուրս պարտավոր ենք թեթեւացնել զոհված ազատամարտիկների ծնողների եւ հարազատների ծանրագույն վիշտը, հոգեբանական նեցուկ լինել նրանց: Միջոցառումը մի յուրօրինակ գրական-երաժշտական ցերեկույթ էր, որը կառուցված էր նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Օհանյանի ստեղծագործությունների շրջանակներում: Խոսքը չափազանց հուզիչ էր: Հեղինակային բանաստեղծությունների եւ մշակված նյութերի ազդեցությամբ, աշակերտների հիանալի ասմունքի եւ բեմական խոսքի շնորհիվ ներկաները վերապրեցին պատերազմական օրերի զգացողությունները, ափսոսանքի, թախիծի եւ գնահատանքի տրամադրություններով համակվածՙ փորձեցին սփոփել զոհերի ծնողներին եւ հարազատներին: Դպրոցի տնօրեն տիկին Ժ. Ավետիսյանի , կազմակերպչական գծով փոխտնօրեն տ. Ռ. Ալեքսանյանի , ինֆորմատիկայի ուսուցիչներ Վ. Հովհաննիսյանի եւ Ա. Մելքոնյանի , կերպարվեստի ուսուցչուհի Ա. Թամանյանի , մյուս բոլոր ուսուցիչների անմիջական մասնակցությամբ եւ ջանքերով միջոցառումը դարձավ կատարյալ: Ստեղծվել էին զոհերի փառքը հավերժացնող հուշասեղաններ, պատի թերթեր, տեղի ունեցավ մոմավառություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սաթեն Ավոյանը, Կարբի համայնքի համայնքապետ պ. Կարո Բաղդասարյանը, գյուղի գործոող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Օշինը, վաստակաշատ տնօրեն պ. Արսեն Օհանյանը, գյուղապետարանի, կուլտուրայի տան, մսուր–մանկապարտեզի, բուժամբուլատորիայի մի շարք ներկայացուցիչներ եւ աշխատակիցներ, Կարբի համայնքի բնակիչներ, աշակերտների ծնողներ: Խնկարկումով, մոմավառությամբ, խոնարհված եռագույնով եւ թարմ ծաղիկներով Կարբիի կրթօջախի 9բ, 10բ, 7ա, 6բ դասարանների սաները եւ ուսուցչուհի Գ. Օհանյանը հարգանքի տուրք մատուցեցինՙ հավերժացնելով Կարբի գյուղի հերոս նահատակներինՙ հիշելով նրանց անուն առ անունՙ Ղարիբյան Վահե Լեվիկի, Բաղդասարյան Նարեկ Արտյոմի, Ավետիսյան Գուրգեն Միքայելի, Օհանյան Արթուր Նիկոլայի, եւ խոստանալով երբեք նրանց բացակա չդնել: Հավերժ փա՜ռք եւ անմահություն մեր հերոսներին: |