ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ ՄԵՐ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 76-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Մայիսի 9-ին նշվում է ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմում նախկին Խորհրդային Միության տարած պատմական հաղթանակի 76-ամյակը: Չնայած կորոնավիրուսի համավարակին, անպայման հնարավորություններ կգտնվեն այդ պատերազմում զոհված հայրենակիցների հուշարձաններին ու գերեզմաններին ծաղիկներ դնելու, ծերունազարդ վետերաններին այցելելու եւ մեծարելու: Եվ քանի որ մենք ապրում ենք գերքաղաքականացված միջազգային հարաբերությունների աշխարհում, արժե այսօր որոշ շեշտադրումներ անել Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի մասնակցության արդի նշանակության վերաբերյալ: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել Հայ ժողովուրդը ակնառու մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, ավելի քան կես միլիոն հայեր մասնակցել են մարտական գործողություններին: Մոտ 300 հազարը զոհվել են կամ կորել անհետ: Այս ցուցանիշով մեր ժողովրդի կրած կորուստները համեմատելի են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կրած կորուստներին: Քաջ հայտնի է, որ հայերի հերոսական մասնակցության պատճառներից գլխավորն այն է եղել, որ Հայոց ցեղասպանությունից հրաշքով վերապրած հայերի զավակները մինչեւ վերջ մարտնչում էին, որպեսզի թույլ չտային Գերմանիայի դաշնակից Թուրքիային մտնել Խորհրդային Հայաստան: Խորհրդաթուրքական սահմանին հայկական ԽՍՀ-ում տեղակայված 26 դիվիզիաները այդպես էլ չներգրավվեցին մարտերում, որովհետեւ պարզ դարձավ, որ Կովկասի համար եւ Ստալինգրադում ճակատամարտերից հետո թուրքերը չեն համարձակվելու պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանը: Այդ պատերազմի ամենաթեժ օրերին` 1943թ., ստեղծվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան, որի առաջին պրեզիդենտը ականավոր հայագետ Հովսեփ Օրբելին էր: Պատերազմի տարիներին էր, որ որոշում ընդունվեց զարգացնել փոքրիկ հանրապետության արդյունաբերական հզորությունները եւ Հայաստանը բռնեց ինդուստրիալ-ագրարային հանրապետություն դառնալու պատվավոր ճանապարհը: Թշնամին ոտնակոխ չարեց մեր հանրապետությունը: Գիշեր-ցերեկ աշխատող ու արարող մեր պապերն ու տատերը քարտերով ստացվող սեւ հացով եւ շաքարով ջանք չէին խնայում օգնելու ռազմաճակատին: Սփյուռքում ապրող մեր եղբայրների ու քույրերի համար նույնպես այդ պատերազմը օտար պատերազմ չէր: Այն հայերը, որոնք սիրում էին Հայաստանը անկախ նրանում եղած քաղաքական համակարգից եւ պատրաստ էին նեցուկ կանգնելու իրենց հայրենիքին, նույնպես ակնառու մասնակցություն ունեցան խորհրդային բանակի հաղթանակը անշրջելի դարձնելու գործում: Հայերը խորհրդային բանակին տվել են չորս մարշալ եւ Խորհրդային Միության մեկ ծովակալ, ինչպես նաեւ 60-ից ավել գեներալներ: 106 հայորդիներ դարձել են Խորհրդային Միության հերոսներ: 27 հայորդիներ դարձել են Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Երկու խոսք Վերմախտի կողմում կռվող հայերի մասին: Բոլորը գիտեին, որ Հայկական լեգիոնի զինվորները չեն ուզում կռվել ռուսների դեմ եւ նրանց պահում էին Արեւմտյան ռազմաճակատում: Նրանց համառ դիմադրությունն էր, որ զարմացրեց ամերիկացիներին եւ անգլիացիներին, որի արդյունքում ողջ մնացած հայ լեգիոներներին թույլ տվեցին հաստատվել ԱՄՆ-ում: Անցած 30 տարիների ընթացքում մենք ներքաղաքական կոնսենսուս ունենք այն պարզ հարցում, որ Նժդեհին եւ Դրոյին մեծարում ենք ոչ այն բանի համար, որ նրանք գերմանական բանակի գեներալներ էին, այլ այն բանի համար, որ նրանք հերոսական եւ անուրանալի դեր ունեն Հայաստանի Հանրապետության սահմանների ձեւավորման եւ ինքնիշխանության հաստատման գործում: Հակառակ տարբեր կողմերից հնչող հարձակումների, ռուսական պետական Դումայի պատգամավոր, մեծ հայասեր Կոնստանտին Զատուլինի պարզաբանումները նրանց դերակատարության վերաբերյալ, կարծես թե, մեկընդմիշտ ամեն ինչ դրել են իր տեղը: Մենք մեծարում ենք Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին եւ բոլոր մասնակիցներին, թիկունքի բոլոր նվիրյալ աշխատողներին, որովհետեւ նրանք պատվավոր դեր ունեն այն խաղաղության հաստատման մեջ, որի պտուղները քաղում է նաեւ մեր ժողովուրդը արդեն 76 տարի: Կարեւորը երկրորդականից տարբերելու կարողությունը Այսօր աշխարհը ներքաշված է այսպես կոչված «հիբրիդային» պատերազմներում: Ամերիկացիները գլոբալ աշխարհում իրենց հակառակորդներ են հռչակել Չինաստանին եւ Ռուսաստանին: 1991թ. հետո, երբ փլուզվեց նախկին Խորհրդային Միությունը, միջազգային լարվածությունը այսքան մեծ չէր եղել, իսկ կայունությունը` այսքան փխրուն: Առճակատման պայմաններում անընդհատ գտնվում են նորանոր թեմաներ միմյանց մեղադրելու, անվստահության մթնոլորտը խորացնելու եւ միջազգային հարաբերություններում միմյանց դիրքերը թուլացնելու համար: Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ գտնվում է ռուսական միջուկային հովանոցի պաշտպանության տակ: Ռուսական զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հովանավորներն են: Դա է խանգարում Թուրքիային եւ Ադրբեջանին կտրուկ քայլեր անել մեր երկրի ուղղությամբ: 44-ամյա պատերազմից հետո մենք հանկարծ հասկացանք, թե որքան փխրուն են մեր անվտանգությունն ու կայունությունը: Բարեբախտաբար մեր երկրում այս վիճակը էլ ավելի խորացնող հակախորհրդային եւ հակառուսական ոտնձգություններ չեն արվում, ինչպես մյուս ետխորհրդային հանրապետություններում: Փաստ է, որ այսօր Ռուսաստանի ազդեցությունը փոքրացնելու, Խորհրդային Միության տարած պատմական հաղթանակի արդյունքները վերանայելու ճանապարհին Արեւմուտքը թույլ է տվել աշխուժանալու արմատական ազգայնականներին, թաքուն կամ բացահայտ նեոֆաշիստներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարելու ժամանակակից Ռուսաստանի դեմ: Եթե մեր երկրի ակտիվ քաղաքական գործիչները, անկախ այն բանից, ռուսամետ են նրանք, թե՞ արեւմտամետ, հասկանան, որ այդ առճակատման մեջ ներքաշվելով, ուղղակի ոչնչացման են տանում մերօրյա Հայաստանը, կնշանակի, որ մենք պատմությունից դասեր առած եւ անցյալի սխալների վրա սովորող լուրջ ժողովուրդ ենք: Բայց եթե Ռուսաստանի թշնամիներին հաջողվի Հայաստանի մեջ մի նոր առճակատման դաշտ բացել, մեզ իրար դեմ լարել եւ խարխլել հայ-ռուսական զինական եղբայրության հիմքերը, կնշանակի, որ մենք այդպես էլ դասեր չառանք մեր ողբերգական պատմությունից: Ադրբեջանցիներն ու թուրքերը ամեն ինչ արել, անում եւ անելու են, որ Ռուսաստանի հակառակորդների ձեռքերով Հայաստանը պոկեն Ռուսաստանից եւ թողնեն միայնակ: Այն ժամանակ էլ նրանք կհիշեցնեն, որ առանց Ռուսաստանի ներկայության Հարավային Կովկասում Հայաստանը ուղղակի չի կարող ունենալ ավելի տարածք, քան թուրքերը ադրբեջանցիների հետ նախատեսել են Բաթումի եւ Ալեքսանդրապոլի պայմանագրերով: Արժե լսել մեր ավագ ու միջին սերնդի ճանաչված պատմաբաններին, կարդալ նրանց գրքերն ու հոդվածները եւ դա գիտական հիմք դարձնել քաղաքական դիրքորոշումներ մշակելու եւ դրանք հղկելու ժամանակ: Եվս մեկ նկատառում: Հայրենական Մեծ պատերազմի արդյունքները վերանայելու, դրանք փոխելու, ֆաշիզմը եւ խորհրդային ստալինիզմը նույն հարթության վրա դնելու կողմնակիցները նույնպես նպատակ ունեն թուլացնել այն պատմական կապերը, որ միացնում են իրար եվրասիական քաղաքակրթական տարածքի ժողովուրդներին: Նրանք ուրանում են, որ ֆաշիստները նաեւ ռասիստներ էին, միլիոններով ոչնչացրել են հրեաներին եւ արեւելյան սլավոններին, իսկ Խորհրդային Միությունում Մեծ հաղթանակը հնարավոր դարձավ միայն ժողովուրդների եղբայրության, ինչու չէ, նաեւ սոցիալական արդարության պատճառով: Ավելորդ չէ նաեւ հիշեցնել, որ այդ տարիներին խորհրդային պետական, ռազմական, մշակութային եւ տնտեսական վերնախավերում հրեաները բացառիկ եւ շատ կարեւոր դեր ունեին: Սա իմիջիայելոց: Հիշել պատմական անցյալը, թույլ չտալ պատմության աղավաղումներ, ուժ ու հնարավորություններ ունենալ թուրք-ադրբեջանական հայատյաց կեղծարարության դեմ պայքարելու համար: Սա՛ է մեր խնդիրը այսօր, երբ մենք ուզում ենք ինքնիշխան հայրենիք ունենալ մեր գերբարդ եւ թշնամական տարածաշրջանում: Չպակասող ուշադրություն հաղթանակած վետերաններին Մենք` Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս, շատ լավ ենք գիտակցում, որ ուշադրությունը Հայրենական Մեծ պատերազմի եւ Զինված ուժերի վետերանների հանդեպ ցուցանիշ է խորհրդային անցյալի նկատմամբ մեր վերաբերմունքի: Վերջին տարիներին մենք հնարավորություն ունենք մեծարելու մեր վետերաններին, նրանց մասնակից դարձնելու մեր համաժողովներին եւ կլոր սեղաններին: Այսօր ողջ են այդ պատերազմի 148 մասնակիցներ: Նրանցից տասի հանդեպ մենք շեֆություն ենք ստանձնել: Մայիսի 9-ին մենք կայցելենք նրանց կրկին, արժեքավոր նվերներ կհանձնենք եւ սրտանց կշնորհավորենք Մեծ Հաղթանակի օրը: Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ (որ նույնպես Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ է) մենք քննարկել ենք մեր զինվորների, կուրսանտների եւ երիտասարդ սպաների կապերը մեր վետերանների հետ էլ ավելի ամրապնդելու հարցը: Ես ելույթներ եմ ունենում ՀՀ Վետերանների միավորման ղեկավարության ժողովների ժամանակ եւ պատրաստ եմ վկայել, որ 90-ն անց մեր վետերան պապիկներն ու տատիկները արտակարգ ազնիվ քաղաքացիական կեցվածք ունեն եւ ուզում են իմանալ, թե ինչով կարող են օգտակար լինել Մայր հայրենիքին: Սա շատ հարգանքի արժանի կեցվածք է եւ, այդ թվում, հայ-ռուսական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը գիտակցող քաղաքական շրջանակները պետք է երբեք չմոռանան այս մարդկանց եւ հնարավորություններ գտնեն օգտագործելու նրանց դաստիարակչական ներուժը: Կատաղի շուկայական հարաբերությունները դեռ ամբողջապես չեն կարողացել արմատախիլ անել հնուց եկող մեր ազգային լավ սովորույթները, որոնցից է հարգանքը եւ պատկառանքը մեծերի նկատմամբ: ոչ միայն Մեծ հայրենականի ողջ մնացած վետերանների, այլեւ խորհրդային զինված ուժերի ու հայկական բանակի վետերանների հանդեպ հոգատարությունն ու ուշադրությունը մեծացնելու ուղիներ է պետք գտնել: Սնանկ է որեւէ գաղափար, որի կենտրոնում սերը չէ մարդու նկատմամբ: Մայիսի 9-ին մեծարելով Մեծ հայրենականի եւ խորհրդային Զինված ուժերի վետերաններին, մենք վճռականորեն հանդես ենք գալիս հօգուտ ներքաղաքական համերաշխության, ազգային միասնության, գաղափարական եւ քաղաքական տարաձայնությունները թշնամանքի եւ ատելության վերածելու անթուլատրելիության օգտին եւ ողջունում ենք բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի Հանրապետության անկախությունը, պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ խաղաղությունը: |