ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԹԵՀՐԱՆԸ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ Մայիսի 24-ին Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարեց, որ հաջորդ օրը նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այցելում է Ադրբեջան եւ Հայաստան: Հիրավի, պաշտոնական Թեհրանի այս շտապ նախաձեռնությունը անհրաժեշտ է միայն դիտարկել տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում: Հաշվի առնելով այն կարեւոր փաստը, որ իրանական դիվանագիտությանը բնորոշ են ձգձգումները, ապա ավելի հստակ ուրվագծվում է ներկայիս իրավիճակի խիստ կարեւորությունը եւ հրատապությունը Թեհրանի համար, եթե նկատի ունենանք նաեւ այն, որ սա 2021 թվականի ընթացքում Զարիֆի պաշտոնական երկրորդ այցն էր Երեւան: Ակնհայտ է, որ իրանական կողմը հետեւում է Բաքվի հրահրած սադրանքներին հայ-ադրբեջանական սահմանում: Եվ կասկած չի հարուցում, որ դա լուրջ մարտահրավեր է ընկալվում իր հյուսիսային սահմաններում կայունությամբ շահագրգռված Իրանի համար: Օրերս Irdiplomacy վերլուծական կայքում հրապարակված հոդվածում իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների վրա: Ըստ փորձագետիՙ դրանք այնքան խորն են, որ Բաքուն նույնիսկ ձեւականորեն չի փորձում դատապարտել Իսրայելի գործողությունները Պաղեստինի նկատմամբ: Ահա թե ինչու փորձագետը զգոնության կոչ է անում այն մարդկանց, որոնք կարծում էին, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մեծ մասի գրավումն ու Հայաստանի հետ Իրանի սահմանի կրճատումը չի հակասում Իրանի շահերինՙ միայն այն նկատառումով, որ Ադրբեջանն իսլամական երկիր է: Հարկ ենք համարում ընդգծել, որ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Բաքվի կողմից Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի ռազմակալումը իրանա-հայկական փաստացի սահմանը կազմում էր 170 կմ: Ներկայումս այդ նույն սահմանը կազմում է ընդամենը 45 կմ: Անդրադառնալով Բաքվի կողմից Սյունիքի սահմանամերձ որոշ հատվածների ռազմակալման հարցինՙ Մովահեդիանն իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ եթե Ռուսաստանը ուժեղ ներկայություն չապահովի Հայաստանի սահմաններին, դա անելու են Ադրբեջանը, Թուրքիան ու Իսրայելը: Եվ որպես հակակշիռ, Իրանը եւս պետք է մասնակցի խաղաղապահ առաքելությանը եւ Ռուսաստանի հետ միասին պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Օրակարգային են դարձել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության քննարկումները իրանցի գործընկերների հետ: Այս դեպքում էլ հատկանշական է, որ ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ե՛ւ ՀՀ-ում Իրանի դեսպանությունը պաշտոնապես հերքեցին լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկությունները: Տեղին է նշել, որ Իրանի դեսպանությունը կեղծ ու անհիմն է համարել նշված լուրերը, թե իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել: Հարցին անդրադարձել է իրանական «Ջամե Ջամ» օրաթերթըՙ հիշեցնելով, որ հայկական որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը: Հարցի վերաբերյալ հստակ է արտահայտվել իրանական խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին ՙ շեշտելով. «Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, եւ մեր սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքնՙ ունենանք նոր հարեւան, դա մեզ համար ընդունելի չէ: Պետք է պահպանվի Իրանի ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»: Նկատենք, որ ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության պայմաններում Բաքու-Թեհրան հարաբերություններում առաջացած որոշակի խնդրի մասին է վկայում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպն ադրբեջանա-իրանական սահմանին, որի հետեւանքով 2 ադրբեջանցի սահմանապահ է սպանվել: Մեկ այլ վերլուծաբանիՙ Ալի Սալամիի գնահատմամբ էլՙ Իրանի արտաքին քաղաքականությունը փորձում է «արթնանալ քնից»: Իրանը ներկայումս շահագրգռված է Պարսից ծոց - Սեւ ծով տնտեսական մասշտաբային նախագիծը կյանքի կոչելու հարցով: Տարածաշրջանում Թեհրանի տնտեսական ակտիվության փորձերի մասին է վկայում մայիսի 23-ինՙ երեկոյան, Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի այցը Հայաստանՙ քննարկելու հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու գործարկման հարցը: Ուշագրավ է, որ Էսլամիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու: Փաստորեն իրանական կողմը փորձում է ամենաբարձր մակարդակով ճշգրտել հայկական կողմից միջանցքի վերաբերյալ հարցը: Ըստ էության նույն հարցով այս անգամ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտաքին գործերիՙ արդեն նախկին նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել էր. «Շատ մտահոգված ենք վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սրացումներով: Մենք զգուշացրել ենք, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի: Կոնկրետ այս այցի նպատակն այն է, որպեսզի օգտակար լինեմ նման սրացումները լուծելու հարցում (ընդգծումըՙ - Կ.Մ.)»: Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես կենսական նշանակություն ունեցող գործոն իր ազգային անվտանգության համատեքստում»: Հետաքրքրական է, որ կարծես «հետադարձ» ուժի իմաստով Իրանի ԱԳ նախարարը հավելել կամ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում էլ աշխատել են օգտակար լինել հարեւաններ Ադրբեջանին եւ Հայաստանին, որպեսզի ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան իր խոսքում օգտագործել է «նոր ճգնաճամ» եզրույթըՙ անդրադառնալով ՀՀ Սյունիքի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի վերջին սադրանքներին: «... Այս նոր ճգնաժամի ընթացքում հատուկ ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր դերակատարումը ունենանք ճգնաժամի լուծման համար, այդ իսկ պատճառով մեր հատուկ բանագնացինՙ ԱԳ նախարարի տեղակալին, գործուղեցինք տարածաշրջան»: Այսպիսով իրանական կողմը վճռական է տրամադրված տարածաշրջանում իր շահերի պաշտպանմամբ, այն էՙ արտաքին քաղաքական եւ տնտեսական ոլորտի պատասխանատուների միաժամանակյա գործուղումն ու բազմապիսի հարցերի քննարկումը: Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վ. Քերոբյանի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մ. Էսլամիի հանդիպմանը, ապա նշելի են քննարկվածՙ իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորության հարցերը: Հեռանկարային կարող է դառնալ երկու պետությունների միջեւ նոր ուղիղ չվերթների գործարկումը: Ի դեպ, բեռնափոխադրումներին նոր թափ հաղորդելու նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Զարիֆը կարեւորել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին, ինչպես նաեւ այն, որ Իրան-Նախիջեւան-Հայաստան երկաթգծի առկայությունը շատ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար: Փաստորեն այս դեպքում էլ իրանական կողմի համար առաջնահերթ է հեռահաղորդակցության ուղիների բացման հեռանկարը, որը, սակայն, համոզիչ չէ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում: Այսպիսով, տարածաշրջանում նկատելի է իրանական կողմի մեծ մտահոգությամբ ուղեկցվող կտրուկ աշխուժացում: ՀՀ ղեկավարության հետ քննարկումներում «առաջին ձեռքից» շոշափվում եւ ճշգրտվում են ՀՀ-ԻԻՀ ռազմավարական եւ անվտանգային հարցերը: Ընդ որում երկու հարեւան պետություններն էլ նախապատրաստվում ենՙ ՀՀ-նՙ խորհրդարանական, իսկ Իրանըՙ նախագահական ընտրությունների, որոնք կարող են դառնալ որոշ ծրագրերի ձգձգման պատճառ: |