ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ներկայումս գյուղական բնակավայրերում վառելափայտը լայնորեն օգտագործվում է տնային տնտեսություների ջեռուցման համար: 2014-2018թթ. ընթացքում վառելափայտի տարեկան պահանջարկը Հայաստանում տատանվել է 0,5-2 միլիոն խորանարդ մետրի սահմաններում: Այն զգալի գերազանցում է Հայաստանում վառելափայտի մատակարարման եւ անտառվերականգնման հնարավորությունների ցուցանիշները: Հաճախ որպես այլընտրանք օգտագործվում է գոմաղբը: Այն նվազեցնում է որպես արժեքավոր օրգանական պարարտանյութ օգտագործելու հնարավորությունը: Գյուղական բնակավայրերում ներդրումների իրականացումը բարդ խնդիր է: Անտառներից հեռու գտնվող տարածքների համար առավել նպատակահարմար միջոցառում է հանդիսանում գոյություն ունեցող ջեռուցման անարդյունավետ սարքերի (վառարաններ եւ կաթսաներ) փոխարինումն արդյունավետ սարքերովՙ միաժամանակ վառելափայտից անցում կատարելով ծղոտե բրիկետներինՙ որպես այլընտրանքային վառելիք: Գյուղական բնակավայրերում տնային տնտեսությունները մասնավոր սեփականություն են: Հետեւաբար, նրանց ջեռուցման հարցը պետության ուշադրությունից հեռու է եղել: Որոշ աշխատանքներ իրականացվել են չգազաֆիկացված համայնքներումՙ աջակցելով սուբսիդավորված վարկավորմամբ եւ այդ համայնքներում որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր արեւային էներգիայի օգտագործման համակարգերի տեղադրման հարցերում: Կարող են նաեւ օգտագործել տանիքների վրա տեղադրվող արեւային ֆոտովոլտային համակարգեր: Գյուղական բնակավայրերում կարելի է կառուցել միկրո հիդրոէլեկտրակայաններ (մի քանի ԿՎտ հզորությամբ) անհատական տնտեսությունների օգտագործման համար: Եզրակացություն 1. Վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողության եւ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից կարեւոր նշանակություն ունի գյուղական բնակավայրերում ջեռուցման արեւային համակարգերի, չորանոցների նախագծումը, կառուցումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը: 2. Առաջարկվող տարբերակների պարագայում կարող ենք արդյունավետ օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներըՙ դրանք համակցելով օրգանական վառելիքով աշխատող տեղակայանքների հետ: Այս դեպքում կարող ենք տնտեսել վառելիքի առնվազն 20 տոկոսը: 3. Առաջարկվում է տեղական նշանակության ջեռուցման համակարգերում օգտագործել արեւային էներգիան համատեղելով կենսազանգվածով, կամ արեւային էներգիան համակցել թափոններից ստացված էներգիայով: Հնարավոր է նաեւ օգտագործել ջերմային կուտակիչ եւ ջերմային պոմպ: 4. Կենսազանգվածով աշխատող արդյունավետ վառարանների եւ այլընտրանքային վառելիքիՙ ծղոտե բրիկետների համատեղ կիրառումը կարող են համարվել առաջնահերթ միջոցառումներ: |