RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-06 15:02:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 535, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Երեւանի կոլորիտային տոներից մեկըՙ «Երեւանի գինու օրերը» մեկ տարվա դադարից հետո վերադառնում էՙ մի շարք նորություններ խոստանալով:

Այն ամենամյա փառատոն է, որը միավորում է գինու իրական սիրահարներին: Սարյան փողոցըՙ Պուշկին-Մոսկովյան խաչմերուկից մինչեւ Սպենդարյան եւ Թումանյան փողոցներՙ մինչեւ Փարպեցի փողոցի խաչմերուկ, հունիսի 4-5-ը, ժամը 16:00-23:00-ը ողողված կլինի գինու շնչով ու թարմությամբ: Երկօրյա միջոցառումն ընդգրկում է հայկական գինու համտես, ինչպես նաեւ գինեգործական ընկերությունների ու տեղական ռեստորանների պանրի եւ ուտեստների ցուցադրություն:

Կազմակերպիչների նպատակն այս անգամ ոչ միայն հայկական գինու հանրահռչակումն է, այլեւ զբոսաշրջիկներին իրազեկումըՙ Հայաստանն անվտանգ երկիր է:

«Այս տարի միջոցառմանը մասնակցելու հայտ շատ ընկերություններ են ներկայացրել: 90 տաղավարներից 40-ը գինու են, մյուսները ներկայացնում են զանազան սննդամթերք, հուշանվերներ, ինչպես նաեւ ոսկերչական իրեր եւ այլն»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երեւանի գինու օրեր» փառատոնի կազմակերպիչ, «ԷվենտՏուրա» ընկերության հիմնադիր-տնօրեն Մերի Բադալյանը : Ինչպես նաեւ նշեց, որ գինու փառատոնին մասնակցող 49 ընկերությունների արտադրանքի վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են Արցախում վիրավորված զինվորների եւ մարտերում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների կրթությանը:

Միջոցառումը այս տարվա համար մի շարք նորություններ է խոստանում, որոնցից մեկն էլ միջոցառման կտրոնների եւ փաթեթների անկանխիկ նախավաճառքն է, այն իրականցվում է միայն Idram&IDBank հավելվածով, որը փառատոնի անհպում վճարումների գործընկերն է:

«Որպես փառատոնային ոճի միջոցառումներ կազմակերպող ընկերությունՙ մենք միտված ենք ինտեգրելու անհպում վճարային համակարգը փառատոնային ոլորտում: Մենք ուզում ենք, որ միջոցառումը դառնա հարթակ, որի միջոցով տեխնոլոգիաները կսկսեն ակտիվ օգտագործվել ու բարելավել ընդհանուր աշխատանքի որակըՙ զբոսաշրջիկների աչքերում Հայաստանը դարձնելով թվայնացված (դիջիթլ) երկիր»,- ասում է փառատոնի կազմակերպիչը:

Ըստ կատարված հարցումներիՙ ամեն տարի զբոսաշրջիկներն այդ օրերին տարբեր գինիներ են իրենց հետ տուն տանում:

«Ամեն տարի «Երեւանի գինու օրեր» միջոցառումը նվիրված է լինում որեւէ հոբելյանի: Այս տարի այն նվիրված է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, ինչի կապակցությամբ միջոցառման երկու բեմերից մեկում հնչելու է միայն Առնո Բաբաջանյանի երգ-երաժշտությունը»,- իր խոսքում նշում է Բադալյանը:

Միջոցառմանը կմասնակցեն ընկերություններ բոլոր մարզերից, այդ թվումՙ հինգ գինեգործական ընկերություն Արցախից: Բադալյանի կարծիքով, հինգ տարի առաջ իրենց գործարկած հարթակը մեծ դեր է խաղում գինու հանրահռչակման, իրադարձային զբոսաշրջության զարգացման գործում:

Կազմակերպիչները ծրագրում են հաջորդ տարի փոխել միջոցառման ձեւաչափըՙ դարձնելով այն իսկական փառատոն, որտեղ ժյուրին իր գնահատականը կտա եւ կընտրի լավագույն գինենործին ու ամենահամեղ գինին:

Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Ալֆրեդ Քոչարյանը ընդգծում էՙ նման միջոցառումները կարեւոր են երկրի զբոսաշրջության զարգացման գործում:

«Փառատոնները նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ հյուրերն ուզում են ոչ միայն ծանոթանալ երկրի հետ, այլեւ իրենց ազատ ժամանակը հետաքրքրական անցկացնելու միջոց են փնտրում»,- ասում է Քոչարյանը, ապա ավելացնում, որ կոմիտեն ամեն կերպ աջակցում է նման միջոցառումներին:

Նրա խոսքովՙ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 86 հազար 524 զբոսաշրջիկ, իսկ միայն ապրիլինՙ 42 հազար: Համավարակի պայմաններում սա լավ ցուցանիշ է, որն էլ զբոսաշրջության ոլորտում այցելությունների աճի ապացույց է:

Դե ինչ, հունիսի 4-ին եւ 5-ին Սարյան փողոցը սպասում է գինու սիրահարներին համտեսելու եւ գնելու գինի, ինչպես նաեւ վայելելու հայկական ջազ:

Կազմակերպիչներին

Հանձնարարում ենք, որ «Գինու օրերի» ընթացքում համապատասխան շեշտադրումներով ներկայացնեն թշնամու ձեռքն անցած արցախյան մեր գինեգործարանները, գլխավորությամբ «Կատարոյի» եւ նրա արտադրած գինետեսակների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 04-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ