ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՍՐԲԱԳՐՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ Մարկարյան Վալերի Նյութի վերնագիրը կարելի է համարել տարօրինակ, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտնական է, շատ լավ հասկանում է բառի արժեքը, եւ երբեք իր պաշտոնական ելույթներում եւ նյութերում «սայթաքումներ» թույլ չի տալիս: Բացի մեկ դեպքից: 1997 թվականի նոյեմբերի 1-ին «Հայաստանի Հանրապետություն» ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթում հրապարակվել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Այդ հոդվածով Տեր-Պետրոսյանը փորձում էր պահպանել սեփական իշխանությունը, հրավիրելով հանրությանը եւ «պատերազմի կուսակցության» առաջնորդներին հանրային բանավեճի Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ: Վեճի ֆորմալ (տեսանելի) դրսեւորումը կապված էր կարգավորման փուլային կամ փաթեթային տարբերակների հետ: Փուլային տարբերակը ընդունելի էր Ադրբեջանի համար, քանի որ նախատեսում էր սկզբնական փուլում առնվազն 5 շրջանների վերադարձըՙ ԱՌԱՆՑ Արցախի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ հստակեցման: Ինչը մեծացնում էր վտանգները Արցախի համար: Հայկական կողմը ցանկանում էր փաթեթային լուծում, քանի որ այդ պարագայում կկարգավորվեր Արցախի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ եւ հետո արդեն կարելի կլիներ անցնել այլ հարցերի լուծմանը: Այսինքն, գոյություն չունի այնպիսի տարբերակ, որը կարելի է անվանել ՓՈՒԼԱՅԻՆ, որի պարագայում միաժամանակ որպես պարտադիր առաջնային խնդիր կդիտարկվեր Արցախի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ: Փուլային տարբերակի կողմնակից էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր դիրքորոշման հիմնական տրամաբանությունը կայանում էր նրանում, որ քանի որ մենք պատերազմում հաղթող կողմ ենք, ապա նույնիսկ զիջելու պարագայում մեր բանակցային դիրքերը կլինեն բավականին ամուր եւ համոզիչ: «Պատերազմի կուսակցության» առաջնորդները համոզված էին, որ նման տրամաբանությունը ուշ թե շուտ բերելու է նրան, որ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում: Պետք է փաստել, որ ՉԿԱ ոչ մի դեպք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձել է փարատել այդ մտավախությունները փուլային տարբերակի պարագայում: Բայց վերադառնանք նյութի բուն թեմային: 1997 թվականի իր հոդվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը գրել է հետեւյալը. «Մերժելով նախ փաթեթային, ապաՙ փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Այնուամենայնիվ, վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել:» : (Այստեղ պարբերությունը ավարտվում է: Տեսՙ «Հայաստանի Հանրապետություն», 1 նոյեմբերի, 1997 թ.) : 2006 թվականին Երեւանում լույս է տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանի «ԸՆՏՐԱՆԻ» ժողովածուն, որում զետեղված են գրեթե բոլոր հրապարակումները եւ ելույթները մինչեւ 1999 թվականը: Հասկանալի է, որ այնտեղ կարելի է գտնել նաեւ «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Ուշադիր ընթերցողը անշուշտ կտեսնի, որ վերոնշյալ պարբերությունը փոփոխված է: Գրքում կգտնեք հավելյալ ծավալուն լրացում. «Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո: Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմիցՙ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, եւ վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները» :[2] Նորից նշենք, որ Տեր-Պետրոսյանը գիտնական է եւ շատ ուշադիր է իր յուրաքանչյուր հրապարակմանը, եւ նա անշուշտ հասկանում էր, որ վերոնշյալ պարբերության լրացումը, ըստ էությանՙ աղավաղումը, կնկատվի եւ իր համար անհարմար վիճակ կստեղծվի: Այդ պատճառով գրքի հեղինակը հավելյալ տեքստում հղում է տեղադրում, որում գրվում է հետեւյալը. «[2] Հրապարակումներում «Գաղափարը շատ պարզ է ... ընդհատված բանակցությունները» հատվածը վրիպմամբ դուրս է մնացել: Վերականգնում ենք ըստ ձեռագրի:» : Ակադեմիական փորձ ունեցող որեւէ անձ կնկատի, թե ինչ «նուրբ» բացատրություն է տրվել հեղինակի կողմից: Կարող է ստեղծվել տպավորություն, որ այդ «վրիպակը» իրենից մեծ բան չի նշանակում: Սակայն իրականությունն այլ է: Այդ 1997 թվականին բացակայող տեքստի վերծանումը բերում է շատ պարզ եւ հասկանալի եզրակացությանՙ այդ բացակայող տեքստի առկայության դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջ հոդվածը կորցնում է իր իմաստը, եւ դառնում է անհասկանալի, թե ինչ է ցանկանում նա ասել: Այսինքն, եթե 1997 թվականին իր հոդվածում այդ «վրիպակ»-տեքստը լիներ, ապա «պատերազմի կուսակցությունը» չէր ունենա պատճառ մեկուսացնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդպիսի տեքստ կարող էր գրել միայն «պատերազմի կուսակցության» գաղափարախոսը, փաթեթային տարբերակի կողմնակիցը: Ավելինՙ այդ չհրապարակված «վրիպակը» եղել է Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը 1998 թվականից մինչեւ 2018 թվականի գարունը: Եթե իսկապես եղել է վրիպակ, ապա ի՞նչն է խանգարել Լեւոն Տեր-Պետրոսյանին դրա մասին հրապարակավ տեղեկացնել ե՛ւ հանրությանը, ե՛ւ «պատերազմի կուսակցությանը» դեռեւս 1997 թվականին: Իրականությունը շատ ավելի պարզ էՙ չի եղել վրիպակ 1997 թվականին, եւ եղել է անհրաժեշտություն 2006 թվականին սրբագրել սեփական դիրքորոշումը: Իսկ դիրքորոշումը շատ պարզ էՙ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մնալ թշնամական հարաբերություններում թուրքերի հետ, դրա գինը Արցախի հանձնումն է Ադրբեջանին, Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումն է, 1921 թվականի Կարսի պայմանագրի վերահաստատումն է: Եվ, որպես տրամաբանական ավարտՙ Ռուսաստանի դուրսբերումը տարածաշրջանից, ինչը կդիտվի որպես մուտքի բանալի արեւմտյան քաղաքակրթություն : |