RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-06-11 13:24:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2144, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻԼԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ. ԱՆՄԱՀ ԱՌԱՍՊԵԼ

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հունիսի 4-ին մահացավ բալետի անզուգական պարող, բալետմայստեր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը:

Տարիներ առաջ, երբ մորս հայտնեցի մեր Մեծերից մեկի վախճանի մասին, նա, ինձ համար անսպասելի ասաց «Դա անհնարին է: Ինքն անմահ է»:

Եվ այս օրերին լսելով Վիլեն Գալստյանի մահվան մասին լուրըՙ ես կարող եմ արձագանքել ճիշտ նույն բառերով: Քանի որ Գալստյանը կյանքի օրոք արդեն առասպել էր:

Ե՞րբ է սկիզբ առել այդ առասպելը; Միգուցե այն օրը, երբ նորածին Վիլենի ճակատը համբուրեց երկնքից իջած հրեշտակը: Միգուցե այն օրը, երբ մայրը իր տղային տարավ Երաժշտական տասնամյակՙ ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով, բայց Պարարվեստի ուսումնարանի դասավանդողները խնդրեցին, որ տղան իր ուժերը փորձի իրենց ուսումնական հաստատության ընդունելության քննություններին: Համենայն դեպս, առասպելն արդեն սկսված էր, երբ Վիլեն Գալստյանը սովորում էր եւ ավարտեց Ռուսաստանի դաշնության ժողովրդական արտիստ Մաքսիմ Մարտիրոսյանի դասական պարի դասարանը, իսկ այնուհետեւ մեկնեց Թբիլիսի, որտեղ մեկ տարի աշխատեց Վախթանգ Ճաբուկիանիի հետ: 1961 թվականից Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը զբաղեցնող Եվգենի Չանգան հետ կանչեց նրան, եւ 20-ամյա պարողն առաջին անգամ հիացրեց հայ հանդիսատեսինՙ հանդես գալով Սպարտակի դերում առաջին անգամ մեզ մոտ բեմադրված Արամ Խաչատրյանի համանուն բալետում:

Վիլեն Գալստյանը որպես պարող մտնում է այն կատարողական համաստեղության մեջ, որի կազմում բեմ բարձրացան եւ փայլեցին անցյալ դարի 60-ական թվականների սկզբիցՙ Եկատերինա Մաքսիմովա, Վլադիմիր Վասիլեւ, Նատալյա Բեսսմերտնովա, Միխայիլ Լավրովսկի, Նինա Սորոկինա, Յուրի Վլադիմիրով, Իրինա Կոլպակովա, Յուրի Սոլովյով... Այս շարքը կարելի է շարունակել, սակայն եւ թվարկվակած անունները ցույց են տալիս, որ Գալստյանի կատարողական արվեստը հայ բալետի շրջանակներից շատ ավելի լայն է, ունի միջազգային ճանաչում եւ իրավամբ կարող է համարվել ազգությամբ հայ ժողովրդին պատկանող, բայց համաշխարհային բալետի երեւելի եւ մեր մեջ մինչ այսօր չգերազանցված արվեստի ներկայացուցիչ: Նա առաջնային դերերով բազմիցս հանդես է եկել Մեծ թատրոնում, մասնակցել այլ աստղերի հետ բազում բալետային բեմերում: Նրա զուգընկերուհիներն էին ականավոր պարուհիներ Ռաիսա Ստրուչկովան, Եկատերինա Մաքսիմովան, Վալենտինա Գանիբալովան, Լիլիան Կոզին... Հատուկ նշենք Գալինա Ռագոզինային: Վառնայի 1968թ միջազգային մրցույթում Խորհրդային Միությունը ներկայացնող այս զույգը դարձավ ոսկե մեդալների դափնեկիր:

Իսկ Մալիկա Սաբիրովա-Վիլեն Գալստյան հանրահայտ զույգը երկար տարիներ փառավոր ելույթներ է ունեցել տարբեր երկրներում: Ավաղ, Մալիկա Սաբիրովան վաղամեռիկ հեռացավ այս աշխարհից:

Պետք է նշել, որ Վիլեն Գալստյանը խորհրդանշում է նաեւ հայ բալետի մի «դարաշրջան» որպես արտիստ նրա գործունեության մոտ 30 տարին համընկնում է այն ժամանակաշրջանի հետ (անցյալ դարի 60-90-ական թթ սկիզբ), որը հայ բալետի պատմության մեջ անվանվում է «ոսկեդար»: Թե՛ խաղացանկի հարստությամբ եւ բազմազանությամբ, թե՛ առաջատար եւ մենակատար պարուհիների ու պարողների բարձր մասնագիտական մակարդակով, թե՛ հյուրախաղերի հաճախականությամբ:

Երջանիկ եմ, որ այդ «ոսկեդարի» ականատեսն եմ եղել եւ մի փոքր էլՙ մասնակիցը: Եվ, օգտվելով առիթիցՙ նշեմ իմ անձնական հիշողությունները Վիլեն Գալստյան պարողի եւ անձի մասին:

Առաջին իմ տպավորությունները կապված են նրաՙ որպես առաջատար պարող հանդես գալու հետ: Այդ պահին ես սկսնակ դասարանների աշակերտ էի: Հստակ հիշում եմ նրա մուտքը բեմ Արքայազնի դերում Ս Պրոկոֆեւի «Մոխրոտը» բալետումՙ ԵՉանգայի բեմադրությամբ: Այդ մուտքի պահին բեմը կարծես կրկնակի պայծառանում էր: Քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ դա հատուկ խարիզմա է, որը առկա էր նրա մեջ ոչ միայն բեմում, այլեւ կենցաղում: Ասենք, երբ նա քայլում էր թատրոնի ֆոյեում, մայթով, նրա հետ շփման պահերին, մի խոսքովՙ դա նրա էությունն էր:

Դժբախտաբար, երկու-երեք տեսանյութ է պահպանվել, որտեղ դրոշմված է Գալստյանի պարը: Նրանց համար, ովքեր չեն տեսել Գալստյանին բեմում, կցանկանայի մի փոքր պատմել ոչ միայն վիրտուոզ պարողի, այլեւ պարող-դերասանի մասին: Ինչպե՞ս չհիշել Գալստյանի այն կատակերգական հանկարծաբանությունները, որոնք նա ներմուծում էր Բազիլի դերը կատարելիս «Դոն Կիխոտ» բալետումՙ ծիծաղի պոռթկումներ առաջացնելով հանդիսատեսի մեջ: Իսկ այն արցունքներն ու ապրումնե՞րը, որ դրսեւորվում էին, երբ Ռոմեոն սգում էր Ջուլիետի, իսկ Ալբերտըՙ Ժիզելի կորուստը: Հզոր, ապստամբության կոչ անող Սպարտակը, կամՙ սիրահարված, խանդի կասկածանքներով տոգորված եւ դաժանորեն ու սառնասրտորեն իր կնոջը թունավորված գինու բաժակը առաջարկող, իսկ իր ճակատագրական սխալը գիտակցելու պահինՙ խենթացած Արբենինը («Դիմակահանդես»): Ճգնավոր հոգեւորական եւ խանդավառ երաժիշտ, ցեղասպանության հուսահատված նահատակ եւ հոգեւոր առաջնորդ, անլռերի զանգակատունը հնչեցնող եւ իր ժողովրդին կյանքի կոչող Անտունինՙ համանուն բալետում:

Որպես բալետմայստերՙ Գալստյանը տիրապետում էր մեծ բեմական ձեւիՙ բազմաակտ բալետ ստեղծելու հնարքներին: Նա բեմադրել է էպիկական եւ հերոսական ժանրի երկերՙ Խաչատրյանի «Սպարտակը», Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթը», Մանսուրյանի «Ձյունե թագուհին», Խաչատրյանի «Դիմակահանդեսը»: Հավելենք այս ցանկը բազում խորեոգրաֆիկ մանրանկարներՙ ստեղծված ժողովրդական-բեմական, ակադեմիական եւ ժամանակակից դասական պարի հնարքներով:

1974-ից մինչեւ կյանքի վերջին օրը Վիլեն Գալստյանն ընդմիջումներով զբաղեցնում էր Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերի պաշտոնը: Տարիների ընթացքում եղել է նաեւ Երեւանի պարարվեստի քոլեջի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, բեմադրություններ կատարել տարբեր երկրներում, 1999-ից դասավանդում էր Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի բալետի ռեժիսուրայի բաժնում: Բալետներ է բեմադրել Ուրուգվայում (1987-1988 թթ. լինելով Մոնտեւիդեոյի «Թեատրու Սոլիսի» գլխավոր բալետմայստեր), Արգենտինայում (2001) եւ այլ երկրներում:

Կտրվել է Գալստյանի երկնային կյանքի թելը... Բայց Գալստյանը մեր ու ոչ միայն մեր բալետի առասպելն էՙ տրված երկնքի կամքով: Իսկ այն, ինչ տրված է երկնքի կամքով, պատմության մեջ կմնա հավերժ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ