«ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ. ՍԻՐՈ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» Ա. Բ. «Գարդիանը» հայ դասական ֆիլմի մասին Ֆրունզե Դովլաթյանի թեթեւ, անսովոր եւ ինտրիգային 1966 թ. դրաման արժանիորեն վերաթողարկվում է Բրիտանական «Գարդիան» պարբերականում մայիսի 24-ին լույս է տեսել թերթի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուի կինոխոսականը հայ դասական «Բարեւ, ես եմ» ֆիլմի մասին: Առիթը Ֆրունզե Դովլաթյանի նշանավոր կինոնկարը https://klassiki.online/film կայքէջում զետեղելն է: Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար: 1966 թվականի այս ինտրիգային եւ խորհրդավոր ռոմանտիկ դրաման բեմադրել է հայ կինոբեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանը: Նույն տարի այն ընդգրկվել է Կաննի մրցույթային ծրագրում եւ այժմ վերաթողարկվում է: «Բարեւ, ես եմ»-ը հաճախ ունի մի այնպիսի անխռով թեթեւություն, որը կարելի է կապել 60-ականների հետ. ուրիշ դեպքերում ինձ բռնեցնում էի Մաքս Օֆյուլսի «Նամակներ անհայտ կնոջից» ֆիլմի մասին մտածելիս: Հայ բեմի եւ էկրանի վաստակավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը մարմնավորում է Արտյոմ անունով երիտասարդ գիտնականի հորինված կերպարը, հիմնված Արտեմ Ալիխանյան իրական գործչի վրա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դարձավ խորհրդային միջուկային ֆիզիկայի ռահվիրաներից մեկը: (Ի դեպ, նա այս տիտղոսը կիսում է խորհրդային մեծ գիտնական Լեւ Լանդաուի հետ, որի կյանքի պատմությունը հազիվ թե ներշնչած չլիներ Իլյա Խրժանովսկու «Դաու» էպիկական կինոինստալյացիայի նախագիծը): Արտյոմը խորը բարեկամությամբ կապված է իր ընկեր եւ գործընկեր Օլեգի (Ռոլան Բիկով) հետ եւ խորապես սիրահարված է Լյուսյային (Նատալյա Ֆատեեւա): Բայց պատերազմը նրա անձնական կյանքում խորտակում է ամեն ինչ, թեեւ արագացնում է գիտական գործունեությունը: Կարմիր բանակի սերժանտ Լյուսյային հանկարծ կանչում են ռազմաճակատ, որտեղ նա զոհվում էՙ չհասցնելով հրաժեշտ տալ Արտյոմին: Ռազմական գնացք նստելիս նրա կատարած հուսահատ փորձըՙ մի երեխայի միջոցով հաղորդագրություն ուղարկել Արտյոմին, ամենամոտիկն էր նրանց հրաժեշտին: Միեւնույն ժամանակ, Արտյոմին ուղարկում են հեռավոր հայկական լեռնաշխարհի Արագած լեռըՙ ստեղծելու Տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, որն իշխանությունները համարում են պատերազմի ժամանակ մեծ նշանակություն ունեցող, եւ նա բաժանվում է Օլեգից: Պատերազմից հետո Արտյոմի կյանքում կա ափսոսանք եւ տխրություն, ինչը բարդանում է նոր խորհրդավոր հարաբերություններովՙ Տանյա անունով մի երիտասարդ կնոջ հետ (դերակատար Մարգարիտա Տերեխովան հետագայում գլխավոր դեր կատարեց Տարկովսկու «Հայելի» ֆիլմում), որի ճակատագիրը հենց սկզբից միահյուսված էր Արտյոմի հետ: Սա իսկապես շատ անսովոր կինոնկար է. խորիմաստ գիտական աշխատանքին զուգորդված են ռոմանտիզմը, կարոտը, մենակությունը, էրոտիզմը եւ ճակատագրի գործերի միստիֆիկացված ընդունումը: |