RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11 > #023, 2021-06-18 > #024, 2021-06-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021



Տեղադրվել է` 2021-06-11 13:24:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3844, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԵՐԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ, ԿԱՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ ՌՈՒՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

(Միջազգային տնտեսական համաժողով Սանկտ Պետերբուրգում)

Հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ միջազգային տնտեսական համաժողով: Նման հեղինակավոր ու ներկայացուցչական միջոցառում Ռուսաստանում անցկացվում է 1997 թվականից։ Համաժողովն այս տարի ուներ ավելի քան 2000 օտարերկրյա մասնակից։ Այն բացառիկ միջոցառում էր տնտեսության եւ բիզնեսի աշխարհում։ Համաժողովի աշխատանքները լուսաբանելու նպատակով Սանկտ-Պետերբուրգ էր մեկնել նաեւ ՌԴ-ում «Ազգ»ի հատուկ թղթակիցը։

Միջազգային տնտեսական համաժողովը հարթակ է աշխարհի տարբեր երկրների քաղաքական բարձր ներկայացուցիչների, ինչպես նաեւ համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջեւ շփումների համար։ Համաժողովի շրջանակներում անցկացվեցին խոշոր բիզնես հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներՙ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համաժողովում ելույթ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներինՙ ՌԴ նախագահն անդրադարձավ համաշխարհային տնտեսության փոփոխություններին: «Աշխարհը թեւակոխել է առեւտրային պատերազմների դարաշրջան: Այն պետությունները, որոնք նախկինում քարոզում էին ազատ առեւտրի, արդար եւ բաց մրցակցության սկզբունքները, սկսեցին խոսել առեւտրային պատերազմների եւ պատժամիջոցների լեզվով, ինչն ուղղակի նման է տնտեսական արշավանքիՙ ձեռքի ոլորման, ահաբեկման եւ մրցակիցների վերացման, այսպես կոչված, ոչ շուկայական մեթոդներով»:

Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ համաշխարհային տնտեսությունը երբեք հավասարակշռված չի լինի, եթե այն արդար չէ: «Սա արդեն պահանջում է նոր միջազգային համաձայնագրեր: Այնպիսին, որ բոլոր երկրները համապատասխանեն դրանց»:

Համաժողովն այս տարի եւս ուներ հագեցած օրակարգ: Երեք օրվա ընթացքում ավելի քան 100 քննարկումներ ծավալվեցին 4 հիմնական ուղղվածությամբՙ համաշխարհային տնտեսություն, զարգացման ազգային ուղիներ, սոցիալական օրակարգ եւ տեխնոլոգիական մարտահրավերներ։ Սանկտպետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին մասնակցում էին նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Նարեկ Տերյանը։ Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ Նույն օրը նա մասնակցել է «Զարգացող երկրների վենչուրային տնտեսություն» խորագրով քննարկմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբՙ վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար, եւ դրա ակտիվ ներգրավմամբ մենք կկարողանանք խթանել ձեռներեցությունն ու նորարարությունըՙ այդ կերպ նպաստելով մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը։ Համաժողովի շրջանակներում Վահան Քերոբյանը մասնակցել է նաեւ արդի տնտեսական հիմնախնդիրներին նվիրված մի շարք քննարկումների եւ հանդիպումների։ Ընդմիջումներից մեկի ընթացքում պարոն Քերոբյանին խնդրեցի համառոտ ներկայացնել միջոցառումից ստացած տպավորություններն ու գնահատել հայ-ռուսական տնտեսական զարգացման ներկայիս եւ հետագա հնարավորությունները:

- Համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առեւտրի վերականգնման խնդիրների շուրջ եւ համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը,-ասաց Վահան Քերոբյանը։ - Տնտեսական թեմաներով կազմակերպված միջոցառումների շրջանակում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել թե Հայաստանում գործող ռուսական ընկերությունների, եւ թե այլ երկրների գործընկերների հետ: Քննարկվել են ներդրումային եւ բիզնես ծրագրեր: Խնդիրը ոչ այնքան նոր բիզնես ծրագրերի, այլ եղած ներդրողների հետ համագործակցությունն ընդլայնելու մասին է:

Համաժողովի ընթացքում ակնհայտ բնապահպանական ընդգծվածություն էր նկատվում, եւ այդ համատեքստում Հայաստանը շատ մեծ անելիքներ եւ ասելիքներ ունի: Խոսքը վերաբերում է թե վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը, թե նոր աղբյուրների ստեղծմանը: Համաժողովի ընթացքում շատ հետաքրքիր քննարկման թեմաներ առաջ քաշվեցին, ինչպես ջրածնի արտադրության, այնպես էլ բնապահպանական այլ ուղղություններով զարգացման հետ կապված:

Կարծում եմՙ մեր երկիրն ունի շատ մեծ ներուժ փոխշահավետ համագործակցության հիմքով մենք պետք է գտնենք ճիշտ բանաձեւը մեր գործընկերների հետ խոսելու, շփվելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Այսօր համաճարակային աշխարհում ամբողջովին նոր մարտահրավերներ են գլուխ բարձրացրելՙ բնապահպանական, առողջապահական, շատ մեծ նշանակություն ունի եկամուտների հավասար բաշխվածության հարցում քաղաքների եւ գյուղական համայնքների հավասար զարգացումը: Հիմա հարուստերի եւ աղքատների միջեւ անջրպետը շատ մեծ է քննարկվում է, որ ավելի հավասար եւ ավելի կայուն զարգացում պետք է ունենա աշխարհը: Խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքների եւ գյուղերի, այլեւ կանանց եւ տղամարդանց, փոքր ու մեծ բիզնեսի եւ նման այլ հավասարեցումների մասին: Համաժողովում քննարկումներ են ծավալվում ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլեւ թվայնացման թեմաներով։ Բոլոր բիզնեսները պետք է դառնան առավել թվային, ինչը Հայաստանում մեծ մարտահրավեր է այսօր մեր երկրում բիզնեսների միայն 9 տոկոսն է, որ, կարելի է ասել, թվային առումով հասուն են, մնացած 91 տոկոսը պետք է դեռ հասունանան, թվային տեխնոլոգիաներ ներդնելով բիզնեսի մեջՙ դառնան ավելի ժամանակակից ու առավել մրցունակ:

Ինձ համար կառանձնացնեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ավստրիայի կանցլերի եւ Քաթարի էմիրի ելույթները, որոնցում հետաքրքիր վերլուծություններ կային: Այդ ելույթներում կրկին անդրադարձ կատարվեց բնապահպանական թեմաներին եւ Ռուսաստանի, տարածաշրջանի եւ աշխարհի առջեւ կանգնած մարտահրավերներին: Կարծում եմՙ հետեւություններ անելու համար մեծ նյութ կա: Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի տնտեսությունն արդեն վերականգնման նշաններ է ցույց տալիս: Այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս նախորդ տարվա շոկերից, եւ այսօր կառավարության խնդիրն է աջակցել տնտեսական հարվածի տակ հայտնված ընկերություններին առանց պետական աջակցության նրանք չեն կարողանա ոտքի կանգնել։ Եվ, իհարկե, մենք պետք է հետեւողական լինենք իմ թվարկած երեք ուղղությունների համաչափ զարգացման համարՙ համաչափ աճ, կանաչ աճ եւ թվային աճ:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցում էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանըՙ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով:

Արթուր Դավթյանը մասնակցել է համաժողովի շրջանակում կայացած «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման եւ բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին ներկա էին նաեւ օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացել էր Արթուր Դավթյանի հանդիպումը Իգոր Կրասնովի հետ: Գլխավոր դատախազներն անդրադարձել էին ՀՀ տարածքում սահմանապահ, իսկ Արցախի Հանրապետությունում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական զինվորական անձնակազմերի քրեաիրավական պաշտպանության շրջանակում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության եւ քննչական մարմնի աշխատակիցների եւ Հայաստանի, Արցախի իրավապահ մարմինների միջեւ գործակցության մեխանիզմներին, հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի բացառման կամ տեղի ունեցած նման դեպքերի օպերատիվ արձանագրման եւ արձագանքման կապակցությամբ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է հատկապես 2020թ. տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը, ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած եւ զոհված զինծառայողներին հայտնաբերելու, նրանց վերաբերյալ տվյալների ճշգրտման գործընթացում ՌԴ գլխավոր դատախազության եւ անձամբ Իգոր Կրասնովի շահագրգիռ եւ սրտացավ ներգրավվածությունը:

Հանդիպման արդյունքում Արթուր Դավթյանը եւ Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների 2021-2025թթ. համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ հուշագիր: Այդ առաջնահերթություններից են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունները, ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումը, արտերկրից ակտիվների վերադարձը, զենքի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, կոռուպցիան, նացիզմի, նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարը եւ այլն:

Համաժողովի մի շարք քննարկումներում, ինչպես նաեւ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպումներում ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Մասնավորապես, անդրադառնալով Արցախում տիրող ներկայիս իրավիճակինՙ Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է թերագնահատել եւ այնտեղ իրավիճակի կարգավորման ուղղությամբ ամեն օր աշխատանքներ են տարվում։

Համաժողովի տեղեկատվական սրահներում հայերիս անչափ հաճելի անակնկալ էր սպասվում: Այդ սրահներում տեղադրված ցուցափեղկերին շարված էին «Արգումենտի ի ֆակտի» ամսագրի թարմ համարի օրինակները, որոնք նախատեսված էին միջոցառման մասնակիցներին տրամադրելու համար: Իսկ ամսագրի շապիկին զետեղված էր պետերբուրգաբնակ ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, բարեգործական հիմնադրամի նախագահ, մեր հայրենակից Հրաչյա Պողոսյանի մեծադիր նկարն ու նրա բազմաթիվ ֆանտաստիկ ու աներեւակայելի բարեգործական մտահղացումների մասին պատմող հոդվածի անոնս-ծանուցումը: Ի դեպ, հազարավոր համաքաղաքացիներ մեր հայրենակիցին Սանկտ Պետերբուրգում այսպես են բնորոշում. «Պետերբուրգը հարուստ է տաղանդավոր մարդկանցով: Ոչ թե ամպագորգոռ բառերով, այլ կոնկրետ գործերով, մարդկանց հանդեպ մարդկային վերաբերմունքով Հրաչյա Պողոսյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ապրել, սիրել հայրենիքը եւ մեր քաղաքը, որին մենք ծառայում ենք: Մենք հպարտ ենք, որ մեր քաղաքում ապրում են նրա նման մարդիկ»:

Այդ սրահներից մեկում էլ հանդիպեցի ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինին: Եվ քանի որ ամսագրի շապիկից ժպտացող Հրաչյա Պողոսյանի լուսանկարի համակցությամբ մթնոլորտը «հայկական» էր, նրան խնդրեցի պատասխանել, թե ներկայիս բարդ իրավիճակում ինքն ինչպես է գնահատում ռուս-հայկական հարաբերությունները:

Պարոն Կարելինը խոսքաշատ չգտնվեց, բայց նրա արտաբերած մի քանի բառը բարեկամության մասին երբեւէ արտասանված երկարաշունչ ճառից առավել մեծարժեք էին ու թանկ.

- Հայերը միշտ եղել են, կան եւ կլինեն ռուս ժողովրդի բարեկամները

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 11-06-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ