ՄԻԱԲԵՎԵՌ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ Հայաստանում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին հաստատելու կամ մերժելու լիազորություններով օժտված 7 հոգանոց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ անվավեր են ճանաչվել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող որոշ անհատների ու մի շարք կուսակցությունների, այդ թվումՙ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը: Չի կարելի ասել, որ այդ կարգի մերժումները տարակուսանքով են ընդունվում մեր հասարակության կողմից: Ոմանք նույնիսկ մի քիչ էլ հումորով են մոտնում նման հարցերին: Սակայն Իրանում մեծ տարակուսանքով ընկալվեց հունիսի 18-ին անցկացվելիք Իրանի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած մեծաթիվ պոտենցիալ թեկնածուների, հատկապես Մեջլիսի նախկին խոսնակ եւ հոգեւոր առաջնորդի ներկայիս խորհրդական Ալի Լարիջանիի մերժման փաստը: Խնդիրն այն է, որ 12 անդամ ունեցող Իրանի Սահմանադրության Պահապան խորհուրդը, որն իրականացնում է ՀՀ ԿԸՀ-ին վերապահված գրեթե նույն (դեռ մի բան էլ ավելի) լիազորությունները, երկրի նախագահ դառնալու համար դիմում ներկայացրած 592 հոգուց վավերացրել է ընդամենը 7 թեկնածուների մասնակցության իրավունքըՙ մերժելով անցնող 40 տարիների ընթացքում Իրանի Իսլամական համակարգին հսկայական ծառայություններ մատուցած ականավոր գործիչների դիմումները: Եթե Լարիջանին հնարավորություն ունենար մասնակցելու մրցապայքարին, հավանաբար ընտրությունները կլինեին երկբեւեռ, միգուցե նաեւՙ մրցակցային, եւ հնարավոր կլիներ ինչ-որ չափով լուծել ընտրությունների գործընթացի նկատմամբ ժողովրդի խորացող անտարբերության հարցը: Դասական իմաստով կուսակցությունների բացակայության պայմաններում հետհեղափոխական Իրանում ձեւավորվել են երկու հիմնական քաղաքական հոսանքներ, որոնք պայմանականորեն կոչվում են «բարեփոխականներ» եւ «արմատականներ»: Իսկ Պահապան խորհուրդն այս անգամ որոշել է թույլ չտալ բարեփոխականների մասնակցությունը նախագահական ընտրություններին, ինչի հետեւանքով էլ, ինչպես Իրանում է ընդունված ասել, «ընտրությունների թոնիրը» սառած վիճակում է: Իսկ Պահապան խորհրդի «ֆիլտրով» անցնելու արգելքը հաջողությամբ հաղթահարած նախագահի ամենահավանական թեկնածու Էբրահիմ Ռեյիսիի շուրջ ձեւավորված կոնսենսուսն էլ հանգեցրել է նրան, որ այսօր «մրցակցություն» բառը կորցել է իր հիմնական իմաստը: Իսկ Էբրահիմ Ռեյիսին, որը ներկայումս ղեկավարում է բոլոր տեսակի ընտրությունների ընթացքը վերահսկող Իրանի դատական մարմինը, իր հավակնությունների համար բավարար կռվաններ ունենաալու բերումով, համոզիչ կերպով հիմնավորել է մրցակից չունենալու իր հավակնությունը: Կան, ճիշտ է, ընտրապայքարի մեջ մտած երկու թեկնածուներՙ Իրանի Կենտրոնական բանկի վերջերս պաշտոնանկ արված նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին եւ բարեփոխական նախագահ Խաթամիի կառավարությունում կարեւոր պաշտոններ զբաղեցրած հայտնի ճամբարափոխ Մոհսեն Մեհրալիզադեն , որոնք փորձում են իրենց տարբերվող ելույթներով, բարեփոխական թեկնածուների կեցվածքի շնորհիվ, շահել փոփոխությունների կարոտ ընտրազանգվածի համակրանքը: Լարիջանիին «մերժելու» Պահապան խորհրդի այս աննախադեպ որոշմանն անմիջապես հակադարձեց Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեինՙ առաջարկելով վերանայել Պահապան խորհրդի կողմից նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն ստացած թեկնածուների ցուցակը: Սակայն, իր խորհրդականին հասցեագրված այս հաճոյաբանությամբ, հոգեւոր առաջնորդը բնավ էլ մտադիր չէր փոխելու հետհեղափոխական Իրանում ավելի քան 40 տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթների անկասելի ընթացքը: Այդ հայտարարությունը, հավանաբար, մերձավորին սիրաշահելու նպատակ էր հետապնդում: Թերեւս հենց Լարիջանիին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելով, հօգուտ Ռեյիսիի, հարթվել է վերջինիս համար անարգել հաղթանակի ճանապարհը: Եվ ամենայն հավանականությամբ ո՛չ Լարիջանիին կհաջողվի բողոքարկման շնորհիվ մասնակցել հունիսի 18-ին Իրանում նախատեսված 13-րդ նախագահական ընտրություններին, ո՛չ էլ Արզաքանցյանինՙ հունիսի 20-ի հայաստանյան մրցապայքարին: |