ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳԻՍՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՆԳԼԵՐԵՆ Ա. Բ. ԱՄՆ Արեւելյան թեմի Ազգային Առաջնորդարանի «Սիս» հրատարակչությունը լույս է ընծայել Գուրգեն Սարգիսյանի (1898-1972) «Իմ հուշերը (1914-1921)» հատորը: Շուրջ կես դարուց ավելի անտիպ մնացած հուշագրությունը հրատարակվել է հայերեն բնագրով եւ անգլերեն թարգմանությամբՙ մեկ հատորով, մեկենասությամբ հեղինակի թոռանՙ տեր եւ տիկին Վիկտոր եւ Ստեֆանի Սարգիսյանների: Ձեռագիրը հրատարակության է պատրաստել, ծանոթագրել եւ անգլերեն է թարգմանել Ազգային Առաջնորդարանի դիվանապետ, պատմաբանասեր Վարդան Մատթեոսյանը , որը նաեւ գրել է ընդարձակ ներածական: Հատորի առաջաբանը գրել է Անուշավան Արքեպիսկոպոսը : Գուրգեն Սարգիսյանը ծնունդով կարսեցի էր, ուսանել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, եղել է Եղիշե Չարենցի եւ Ակսել Բակունցի պատանեկութեան ընկերը: Կյանքի վերջին տարիներին ձեռնարկել էր գրել իր ողջ ինքնակենսագրութիւնը, կազմել ամբողջական նախագիծը, բայց միայն կարողացել է շարադրել մինչեւ 1921-ի փետրվարյան ապստամբությանը հասնող բաժինը: Հեղինակի վկայությունն արժեքավոր մանրամասնություններ է ավելացնում 1917-1921 թթ. վճռորոշ շրջանի պատմությանը: Պատկերազարդ հուշերին կցված են չգրված շարունակության նախագիծը, փաստաթղթերի հաւելվածը, անվանացանկ եւ մատենագիտություն: Փետրուարյան ապստամբությունից հետո հեռանալով Հայաստանիցՙ Գուրգեն Սարգիսյանը մաս է կազմել մի շրջուն թատերախմբի, հանդես եկել Իրանում, Սիրիայում, Լիբանանում եւ Յունաստանում: Պրահայի համալսարանում ուսում ստանալուց հետո, շուրջ երկու տասնամյակ Ռումինիայում զբաղվել է կրթական գործունեությամբ: 1944-ին ձերբակալվել է խորհրդային բանակի կողմից եւ աքսորվել Սիբիր: Տասներկու տարի այնտեղ մնալուց հետո վերադառնալով Ռումինիաՙ ընտանիքով գաղթել է ԱՄՆ, որտեղ էլ մահացել է Ֆիլադելֆիայում: |