ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԱԲՆԱԿ ՀԱՅԱԶԳԻ ԲԺԻՇԿՆԵՐ AMADEA բժշկական ասոցիացիան սույն թվականի հունիսի 19-25-ը կլինի Հայաստանում եւ Արցախում, մարդասիրական եւ բժշկագիտական գործառույթներ իրականացնելու: Ընթերցողին ներկայացնում ենք իսպանաբնակ հայազգի բժիշկների նախաձեռնության ժամանակացույցը. - Հունիսի 19-20 - «Սիրտ-անոթային հիվանդությունները եւ նրանց բուժման եղանակները» գիտաժողովի կազմակերպում Մարիոթ-Արմենիա հյուրանոցում: - Հունիսի 21-22 - Հանդիպում բժշկական ասոցիացիաների, բուհերի եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, - Հունիսի 23-25 - Բժիշկների մասնագիտական խմբի այց Ստեփանակերտՙ տեղում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: AMADEA (Asociacion Medica Amigos de Armenia, հայերենՙ Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա) ստեղծվել է 2020թ. դեկտեմբերինՙ իսպանաբնակ հայազգի բժիշկների, բուժքույրերի, հասարակական գործիչների եւ այլ ակտիվիստների միասնական ջանքերով: AMADeA- ի առաքելությունն էՙ նպաստել Հայաստանում բժշկության զարգացմանը եւ դրանով ապագայում Հայաստանը դարձնել ավելի ժամանակակից եւ բարեկեցիկ երկիր: AMADeA- ն զարգացնում է իր ծրագրերը առողջապահական համակարգի երեք հիմնարար ոլորտներում` բուժօգնություն, կրթություն եւ հետազոտություն: Ներկայումս իրականացվող գլխավոր ծրագրերից մեկի շրջանակներումՙ AMADEA SUSTAINS - Specialists՛ Unified Support Team for Artsakh and Armenia INdigenous Society Իսպանիայում աշխատող փորձարար մասնագետների խումբըՙ կազմված վնասվածքաբաններից, ֆիզիոթերապեւտից, մանկաբույժից եւ այլ մասնագետներից, կմեկնի Արցախՙ այնտեղ իրականացնելու անհրաժեշտ բժշկական օգնություն: Բացի դրանից, նույն այցի շրջանակներում AMADeA -ն կմասնակցի Երեւան քաղաքում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հունիսի 19-21 կայանալիք «Սիրտ-անոթային հիվանդությունները եւ նրանց բուժման եղանակները» գիտաժողովին, որպես գիտաժողովը կազմակերպող 3 հիմնական ասոցիացիաներից մեկը: Գիտաժողովը, որին նախնական տվյալներով կմասնակցեն մոտ 150 հայ սրտաբաններ, նվիրված է սիրտ-անոթային հիվանդությունների ոլորտում ամենավերջին գիտական հետազոտությունների լուսաբանմանը եւ ընդգրկում է անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից եւ այլն: Բացի գիտաժողովի կազմակերպումից AMADeA-ն կհանձնի նաեւ ասոցիացիայի կողմից սահմանված հատուկ մրցանակները լավագույն գիտական աշխատանքները ներկայացրած երիտասարդ բժիշկներին: |