ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐԸ 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պատերազմից հետո առաջին անգամ Հայաստան եւ Արցախ կատարած իր այցից ընդամենը 24 ժամ անց,Նյու Յորք վերադառնալուն պես, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ժամանակ տրամադրեց ՀԲԸՄ անդամներին ու բարեկամներին վերջիններիս հարցերին պատասխանելու համար: Նա իր անձնական նկատառումներն ու խոհերը ներկայացրեց առկա իրողությունների վերաբերյալ, ընդ որում, դա անելով յուրօրինակ դիտանկյունիցՙ որպես շահույթ չհետապնդող գլոբալ կազմակերպության ղեկավար 20 տարի շարունակ, եւ որպես անձ, որը վերջին 30 տարիներին տարբեր ղեկավար դերերում առնչություն է ունեցել Հայրենիքի հետ: Նա խոսեց այն մասին, թե այդ տպավորություններն ու եզրահանգումներն ինչպես կարող են դրվել առաջիկա ամիսներին ու տարիներին ՀԲԸՄ առաքելությունն առաջ մղելու նպատակով մշակվելիք ռազմավարությունների ու լուծումների հիմքում: Ահա այդ ոչ պաշտոնական հարցուպատասխանի հիմնական դրույթները: - Ո՞րն էր պատերազմից հետո ձեր առաջին այցի նպատակը: - Անկեղծ ասած, վճռել էի անձամբ եւ ամենատարբեր կողմերից ականատես լինել պատերազմի հետեւանքներին: Միանշանակ է, որ Հայաստանի ու Արցախի, եթե ոչ ողջ հայության համար չափազանց բարդ եւ դառը նոր իրողություն է ստեղծվել: Մի բան է, երբ հեռվից հեռու հետեւում ես լուրերին ու խոսում լավատեղյակ աղբյուրների հետ, միանգամայն այլ բան, երբ անձամբ ես գնահատում ու «մարսում» իրադրությունը: Ամենից առաջ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ ուզում էինք հասկանալ ժողովրդի մոտ առկա տրամադրությունները: Ի վերջո, նրանք այն մարդիկ են, որոնց ՀԲԸՄ-ն ծառայում է տարբեր ուղղություններով, լինի կրթության, մշակույթի, մարդասիրական օգնության, թե սոցիալ-տնտեսական զարգացման գծով: Մենք ձգտում էինք շփվել հնարավորինս շատ մարդկանց հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Մենք ուզում էինք լսել Հայաստանի հարավային շրջաններից տեղահանված ընտանիքների, ինչպես նաեւ իրենց տները հարկադրաբար լքած եւ հրադադարի համաձայնագրից հետո ինքնավար Արցախից մնացած տարածքներում բնակություն հաստատած մարդկանց վկայությունները: Նաեւ ուզում էինք հանդիպել տեղի հոգեւորականությանը եւ սեփական աչքերով տեսնել Արցախի եկեղեցիներին ու հնագույն սրբավայրերին ադրբեջանական ուժերի պատճառած վնասն ու ծանոթանալ այն վտանգներին, որոնք դեռեւս առկա են: Միայն դրանից հետո կկարողանայինք կշռադատված ռազմավարական որոշումներ կայացնել այն մասին, թե այսուհետ ինչ պետք է անի ՀԲԸՄ-ն, պարզել, թե ինչպես են այս պատերազմի ողբերգական հետեւանքներն անդրադարձել մեր ընթացիկ գործունեության վրա ու առաջարկել նոր գերակայություններ առաջ ընթանալու համար: Ահա այն հարցերը, որ ունեինք մեր մտքում: - Կներկայացնե՞ք ձեր երթուղին: - Երջանիկ պատահականությամբ իմ այցը համընկավ հունիսի 3-ից 6-ը Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախապես ծրագրված այցի հետ: Երթուղին բավականին հանդուգն ու հավանական վտանգներով հագեցած ծրագիր էր, որը մեզ պետք է հնարավորություն տար լինելու Սյունիքում, Արցախում եւ այժմ արդեն Ադրբեջանի կողմից զավթված ու ռուս խաղաղապահների կողմից մշտադիտարկվող հայկական տարածքներում: Չորս օրվա ընթացքում մենք կարողացանք այցելել Սյունիքի սահմանամերձ Շուռնուխ գյուղՙ հանդիպելով տեղահանված ընտանիքներին, որոնց իրենց տներից վտարվել են այժմ արդեն գյուղի կեսը բռնազավթած ազերիների կողմից: Մենք նաեւ հանդիպեցինք Գորիսի բնակիչներին եւ այս մարզի նահատակների համար նոր հիմնված գերեզմանատանը հարգանքի տուրք մատուցեցինք իրենց կյանքը զոհաբերած հերոսներին: Արցախում գտնվելիս վճռեցինք անպայման այցելել հինավուրց Ամարաս եւ Գանձասար վանքեր: Իհարկե, մենք շփվեցինք Արցախի ժողովրդի եւ որպես նոր իրողության մաս նաեւ ռուս զինվորների հետ եւ, մինչեւ անգամ, այցելեցինք ռուսական ռազմաբազա: Այդ ամբողջ ընթացքում, ուր էլ այցելել ենք, զգացել ենք ադրբեջանական ուժերի ներկայությունը: - Ինչպե՞ս կգնահատեիք ընդհանուր իրավիճակը: - Ես կասեիՙ լարված, հաշվի առնելով տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական իրադրությունն ու գալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանում: Լարվածությանը նպաստում է նաեւ անորոշության այն թանձր շղարշը, որը պատել է ողջ երկիրը, ինչպես նաեւ այն անսահման ցնցումն ու վիշտը, որ պարուրել է հայության ամենատարբեր շերտերին: Իրադրությունը փխրուն էՙ հաշվի առնելով առկա բազմաթիվ անհայտներն ու գործոնները: Ղեկավարման հետ կապված ակնհայտ խառնաշփոթություն է տիրում, որն է՛լ ավելի է խորանում հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական կուսակցությունների կողմից դրսեւորվող պառակտիչ քաղաքական հռետորաբանությամբ ու սուր հակադրություններով: Դրան գումարած Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ դրսեւորվող ագրեսիան, մինչ օրս Ադրբեջանում պահվող ռազմագերիների խնդիրը, ինչպես նաեւ հանրությանը պատած անամոքելի վիշտըՙ կապված 5,000 կյանքերի կորստյան հետ: Այցելում ես գերեզմաններՙ ամենուրեք օվկիանոսի ալիքների պես ծածանվող հայկական դրոշներն են: Ապա նայում ես տապանաքարերին, որոնց վրա նշված են ծննդյան թվերը. ծնվել է 1998-ին, 1999-ին, 2001-ին: Սոսկալի ցավ ես ապրում, երբ գիտակցում եսմեզնից խլված ներուժի տարողությանը: Փոքր երկրի համար 5,000 զոհն ու 12,000 վիրավորները մեծ կորուստ են: Արցախյան առաջին պատերազմի հետեւանքով զոհերն ավելի բազմաթիվ էին, բայց նրանց ինքնազոհությունը գոնե հանգեցրել է հաղթանակի, իսկ ողջ մնացածները հպարտ էին իրենց արածով: Այժմ դժբախտաբար զգացողությունը տարբեր է, ու տիրում է այն տեսակետը, որ պատերազմը հնարավոր էր կանխել: - Ի՞նչ կարող ենք անել համազգային ապաքինման համար: - Երբ տեսնում ես քաղաքական այս պառակտվածությունն ու թափանցիկության պակասը, դրան գումարած շրջանառվող տարաբնույթ ենթադրություններն ու իրականության հանդեպ տիրող թերահավատությունը, պետական սնանկ հաստատությունների հանդեպ վստահության կորուստը, գիտակցում ես, որ Եկեղեցին կրկին մնում է միակ խարիսխը: Նեղության ժամանակ մարդիկ ավելի են մերձենում Աստծուն: Հոգեւոր կապվածությունը շոշափելի էր ամենուր, որտեղ այցելեցինք: Վեհափառն ու նրա շքախումբը մեր այցելած բոլոր համայնքներում յուրօրինակ ընդունելության էին արժանանում: Դա վերահաստատեց Հայ եկեղեցու կարեւոր դերը ճգնաժամերի օրերին, ինչպես եղել է մեր ողջ պատմության ընթացքում: - Իսկ ի՞նչ կասեք ընտրությունների նախաշեմին քաղաքական իրավիճակի մասին: - Ակնհայտորեն, երբ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում հրաժարական է տալիս արտաքին գործերի երկու նախարար, անապահովության զգացողությունը միայն ահագնանում է: Ցավոք, ընտրողները շատ դժվար ընտրության առաջ են կանգնած: Մինչ այս պահը մենք հուսով էինք, որ կտեսնենք նոր դեմքերՙ հստակ նոր գաղափարներով եւ կառավարման հիմնավոր արհեստավարժ փորձով: Նման խորը ներքին տարաբաժանում բնորոշ է այլ երկրների եւս, ասենքՙ Իսրայելին ու Միացյալ Նահանգներին: Սակայն, ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում պետական հաստատությունները հանդես չեն գալիս որպես նման անկայունության հակակշիռ: Անկախ նրանից, թե առկա ցանկից որ ուժը կգերակայի, լինելու են հակադիր ուժեր, որոնք խանգարելու են առաջընթացին: Խնդիրն այն է, որ արդյունավետ կառավարման հնարավորությունների մեր պատուհանը արագորեն փակվում է մեր սահմանների եւ Արցախի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով: Մենք պետք է ավելի պատրաստված լինենք գալիք անխուսափելի մարտահրավերներին: - Թեկնածուներից որեւէ մեկը կապվե՞լ է ձեզ հետ հավանություն ստանալու խնդրանքով: - Ես ինձ համար վճռել եմ հարաբերություններ չհաստատել քաղաքական դերակատարներից որեւէ մեկի հետ, լինի պաշտոնապես, թեՙ ոչ: Եվ ոչ այն պատճառով, որ մտահոգ չեմ քաղաքական իրավիճակով, որը միանշանակ ազդում է այն մարդկանց կյանքերի վրա, որոնց մենք ծառայում ենք, այլ այն պատճառով, որ ՀԲԸՄ-ն մշտապես գիտակցաբար դիմադրել է սահմանները հատելու գայթակղությանը: Որպես անկախ գործող եւ ազգի ճակատագրով մտահոգ ազգային կառույցՙ ՀԲԸՄ-ին հաջողվել է իր գործը կատարել ամբողջ աշխարհում Հայաստանի եւ Արցախի բազմաթիվ իշխանությունների օրոք: Հենց այս պահին է, որ մեզ պես ուժը կարող է լինել ողջ չարության դեմ գործող հակաթույնը, որովհետեւ մեր ծրագրերն ու նախաձեռնությունները հատուկ ուղղված են բարի կամքով օժտված մարդկանց մեկտեղելու գործին: Այդուհանդերձ, պետք է խոստովանեմ, որ այցիս ընթացքում մտահոգություններիս մասին բարձրաձայնել եմ Հայաստանում ներկայացված օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչների մոտ, այդ թվումՙ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության դեսպանների հետ հանդիպումներում: - Կարո՞ղ եք հայտնել, թե ինչի շուրջ էին այդ դիվանագիտական շփումները: - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից բացի, ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Մինսկի խմբի շրջանակներում Հայ-ադրբեջանական հակամարտությանն անմիջական առնչություն ունեցող երկրների դեսպանների հետ: Բնականաբար, նրանք շատ բան չէին կարող ասել, սակայն արտահայտեցին իրենց մտահոգությունները: Ես ստիպված էի արձագանքել, հանդես գալով ՀԲԸՄ-ի աշխարհատարած կառույցների անունից, արտահայտելով մեր միասնական հիասթափությունն ու մեզ դաշնակից համարվող այս խոշոր ուժային կենտրոնների կողմից լքված լինելու զգացումը: Ես ընդգծեցի, թե որքան լուռ էին նրանք, եւ թե որքան անբովանդակ էին նրանց հայտարարությունները, որն էլ, ըստ էության, Հայաստանին թողեց միայնակՙ չհաշված հրադադարի հարցում Ռուսաստանի ներգրավվածությանը: Վերջին հաշվով, ռուսները հայերին կպաշտպանեն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է իրենց իսկ շահերից: Այս պահին հայ-ռուսական շահերն առավել եւս համահունչ են, քանզի երկուսն էլ, յուրաքանչյուրն իր շահերից առաջնորդվելով, պատճառներ ունեն չցանկանալու, որ Թուրքիան եւ Ադրբեջանը վերահսկողություն սահմանեն Հարավային Կովկասի տարածաշրջանում: - Ի՞նչ տպավորություններ ունեցաք, երբ հասաք Սյունիք եւ Արցախ: - Հենց այդտեղ է, որ երեւում է պատերազմի հետեւանքների սեւ ու սպիտակ էությունը: Մենք ստիպված էինք գնալ Լաչինի միջանցքով անցնող հին ճանապարհով եւ անցնել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքով, քանի որ այլեւս չէինք կարող մեկնել Քարվաճառի նոր ճանապարհով, որի կառուցումն ավարտվել էր 2017 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Սփյուռքի նվիրատվություններով: Այդ տարածքներն այժմ անցել են Ադրբեջանին: Մենք ստիպված էինք մեկնելիս ու վերադառնալիս ապավինել ռուսական բանակի ստորաբաժանումների ուղեկցությանը: Շուռնուխ գյուղում կար 13 տուն, որտեղ հայ ընտանիքներ էին ապրում: Ադրբեջանցիները հայ գյուղացիներին ասել էինՙ «Գնացե՛ք այստեղից: Մե՛նք ենք այստեղ»: Այնպիսի ճնշող զգացողություն է, որ ազերիները կարող են պարզապես ներխուժել, իսկ հայերը չեն համարձակվի դիմադրել: Այդպիսով, այս 13 ընտանիքները ստիպված էին անցնել ճանապարհը եւ ապաստան գտնել հայ համագյուղացիների տանըՙ «փողոցի հակառակ կողմում»: Մենք խոստացանք օգնել, որ նրանց համար նոր տներ կառուցվեն, որոնք պետք է պատրաստ լինեն գալիք ձմռանն ընդառաջ: - Իսկ ի՞նչ կասեք Արցախի եկեղեցիների մասին: Դրանք պաշտպանվա՞ծ են արդյոք: - Դեպի Ամարաս տանող ճանապարհը բավականին անմոռանալի էր բարձունքի վրա գտնվող Շուշի քաղաքի տեսարանի պատճառով, որը զավթվել է ադրբեջանցիների կողմից: Շքախումբը ուզում էր հասնել Դադիվանք, սակայն ռուսներն ասացին. «Ներեցեք, բայց չենք կարծում, թե կկարողանանք կազմակերպել»: Այնտեղ երեք հայ հոգեւորականներ կան, որոնք մեկնել էին վանքից ընտանիքներին այցելելու նպատակովՙ վերադառնալու անսասան վճռականությամբ: Այժմ ադրբեջանցիները նրանց թույլ չեն տալիս վերադառնալ, եւ վանքում կմնան միայն երկու քահանա ու մեկ սարկավագ: Երբ վերադառնում էինք Արցախից, վանքում մնացած քահանան զանգահարեց Վեհափառին ու զեկուցեց. «Այսօր ես ամենագեղեցիկ պատարագն եմ մատուցել: Բայց հավատացյալներ չկային, որովհետեւ եկեղեցին շրջապատված է ռուս զինվորներով, որոնք այն պաշտպանում են ազերիներից»: Եթե նրանք չպաշտպանեն դարավոր վանքը, ազերիները հաստատապես կներխուժեն ու կզավթեն այն: - Այս տեսարանները բավականին մտահոգիչ են: Ի՞նչ պետք է անենք այսուհետ: - Լինելով իրատեսՙ ես եկել եմ եզրահանգման, որ այս վճռորոշ ժամանակներում մենքՙ հայերս, ըստ էության, թողնված ենք ինքներս մեր հույսին: Այս պահին ճիշտ կլինի վերհիշել մեր կազմակերպության պատմությունը: Առաջին անգամը չէ, որ դժվար ժամանակներ ենք ապրում: Սակայն հայերը, հատկապես նոր սերունդը, երբեք չեն կորցրել պայծառ ապագայի մտապատկերը: ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ համառորեն աշխատել է հանուն հայերի կյանքերի բարելավման անկախ այն հանգամանքից, թե ինչ իշխանությունների օրոք են նրանք ապրում: Արցախում մնացած մարդիկ ամենախոցելին են, քանի որ դիմակայում են հայ ինքնությունն ու պատմությունը բնաջնջելուն ուղղված սպառնալիքները: Սակայն ՀԲԸՄ-ն, ինչպես եւ մյուս դերակատարները, ունեն միջոցներ եւ փորձՙ օգնելու նրանց պահպանելու իրենց հայկական ինքնությունըՙ լեզուն, կրոնը, ավանդույթներն ու պատմության ու գլոբալ հայ համայնքին պատկանելու հպարտության զգացումը: Մենք այդ ամենը արել ենք Սփյուռքում, այն հյուրընկալող երկրներում, որտեղ ողջունում են մեր ներկայությունը որպես փոքրամասնություն եւ գնահատում են մեր մշակույթը, եւ մինչեւ անգամՙ ոչ այնքան հարազատ երկրներում: Սա մի ուղղություն է, որով պետք է սկսենք աշխատել քանի դեռ ուշ չէ. ճիշտ այնպես, ինչպես արեցինք 1915 թվականի Ցեղասպանությունից հետո: Մենք պետք է ակտիվ եւ ռազմավարական միջոցներով նախապատրաստվենք բոլոր սցենարներինՙ անցյալից քաղելով դասեր եւ նորարար մոտեցումներով ապահովելով մեր երիտասարդության ներգրավվածությունը: Միայն կենսական վերելքին եւ մարդկանց առաջընթացին ուղղված գործուն քայլերով կարող ենք կրկին բոցավառել գոյատեւման հայկական ոգին: Այս պահին կրակը թույլ է, բայց այն երբեք չի մարել, եւ այդ է պատճառը, որ իրատես լինելով հանդերձ, ես հույսով եմ լցված ապագայի հանդեպ: Ղեկավարության մասով մեզ անհրաժեշտ են ավելի մեծ դիվանագիտական հմտություններ եւ քաղաքական հասունություն, այսինքնՙ իմաստուն, փորձառու, երկրի ու ազգի ապագայի տեսլական ունեցող առաջնորդներ: - Ունե՞ք այլ ամփոփիչ մտքեր: - Ինձ թվում էր, որ Հայաստանի ազգային ինքնությունը վերասահմանվել է 1990-ականներին Ադրբեջանի նկատմամբ տարած ռազմական հաղթանակով եւ պատմական հայկական հողերի վերադարձով: Այսօր մարդիկ պետք է չհայտնվեն մեկ այլ ծայրահեղության մեջ եւ իրենց չհամարեն զոհեր, քանզի դրանով նրանք իրենց ազատում են պարտավորություններիցՙ որպես անհատ եւ որպես ազգ: ՀԲԸՄ-ն կօգնի որդեգրել դիմացկունության ինքնությունՙ նշանավորելով հայկական մշակույթն ու ձեւավորելով մեր ինքնությունը, աշխատանքային պատրաստականության եւ հմտությունների կատարելագործման միջոցով զարգացնելով հարաճուն բարեկեցության հնարավորություններըՙ միաժամանակ տարածելով համերաշխության ուղերձներ եւ հավատ առ այն, ինչ անում ենք: - Ի՞նչ կարող են անել աշխարհի հայերը, որպեսզի այդ ամենը իրականություն դառնա: - Մեզ համար խիստ կարեւոր են բոլոր նրանք, ովքեր կիսում են առաջընթաց ապահովելու մեր վճռականությունըՙ ի հեճուկս լրջագույն խոչընդոտների: Մեզ հարկավոր են մենթորներ, մասնագետներ, գործընկերություններ, տեխնիկական խորհրդատվություն, երկրում եւ երկրից դուրս ապրող տաղանդավոր եւ բանիմաց մարդկանց ոգեշնչումից ծնված գաղափարներ: Մենք խնդրում ենք համապատասխան միջոցներ ունեցող բոլոր մարդկանց ավելի առատաձեռն նվիրատվություն անել, եթե անգամ ձեր ներդրման արդյունքները տեսնելու ռիսկը ավելի մեծ է, քան նախկինում: Մենք ունենք փորձ, տեղական եւ գլոբալ ցանցեր, միջազգային համագործակցություն մարդկանց կյանքը վերափոխելու համար: Մենք բաց ենք համագործակցության համար, երբ ընդհանուր եզր ենք գտնում կառավարության հետ: Սակայն այսօր հրատապ կարիքն այնքան մեծ է ու իրական, որ մեզ թույլ չի տալիս սպասել, մինչեւ քաղաքականությունը հասնի մեր առջեւ ծառացած գերակա խնդիրներին: Արցախում ՀԲԸՄ ծրագրերի, ինչպես նաեւ ներգրավվելու եւ նվիրատվություն կատարելու մասին հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել ՀԲԸՄ զարգացման եւ արտաքին կապերի հարցերով տնօրեն Քերըն Փափազյանի հետ էլ. Փոստի հետեւյալ հասցեով` kpapazian@agbu.org: |