ՀԱՅ ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ. ԼՈՒԻԶԱ ԶԵՅԹԱՂՅԱՆ ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ Ծննդյան 95-ամյակի առթիվ «Ո՞վ է դիրիժորի իմ իդեալը. ով կարողանում է քիչ միջոցներով շատ բան ասել: Սա արդեն գիտություն է, որն իր մեջ խտացնում է արվեստագետի տեսողությունը, լսողությունը, կենսափորձը, համերգային փորձը, նրա հոգեւոր ու մտավոր պաշարները»: Հովհաննես Չեքիջյան Հայ խմբերգային արվեստի վառ ներկայացուցիչ, խմբավար Լուիզա Զեյթաղյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 30-ին Լենինականում (այժմՙ Գյումրի): Փոքրիկ Լուիզայի երաժշտական ճանապարհը սկսվեց հոր ցանկությամբ, որը դստեր համար ձեռք բերեց «Բեկկեր» գերմանական մեխանիզմով խորհրդային արտադրության «Կարմիր հոկտեմբեր» դաշնամուրը: Լենինականում Լուիզան սովորում էր երաժշտական դպրոցում, լավ ձայն ուներ եւ աչքի էր ընկնում իր ունակություններով: 1945 թվականին Լուիզա Զեյթաղյանը ընդունվում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը, հետագայում որդուՙ Աշոտի ծննդյան առիթով ընդհատում է ուսումը, սակայն 1949-1954 թվականներին կրկին ընդունվում եւ ավարտում է կոնսերվատորիայի դիրիժորա-խմբավարական ֆակուլտետը: 1950-ից մինչեւ 1952 թվականը զուգահեռաբար աշխատում է Հայֆիլհարմոնիայի պետական երգչախմբումՙ որպես երգչուհի: 1954-1958 թվականներին աշխատանքի է նշանակվում Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ աշխատում է մինչեւ 1958 թվականըՙ որպես վոկալ եւ խմբավարական բաժնի վարիչ: Այդ տարիները Լուիզա Զեյթաղյանի համար հանդիսացել են մասնագիտական թրծման, հետաքրքրական իրադարձություններով լի շրջան: Շփվել է ժամանակի ականավոր երաժիշտների եւ կոմպոզիտորների հետ. հիշարժան են նրա հանդիպումները եւ շփումները հատկապես հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, կոմպոզիտորներ Ջեյմս Գյոզալյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, խմբավար եւ դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանի, դիրիժոր Օհան Դուրյանի, խմբավար Էմմա Ծատուրյանի եւ այլոց հետ: Լենինականում աշխատելու տարիներին զուգահեռաբար ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբերՙ Կարմիր բանակի տան երգչախումբը, Ախուրյանի շրջանի կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը, Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի երկսեռ երգչախումբը, որը 1957 թվականին Հայաստանի երիտասարդական առաջին փառատոնի դափնեկիր էր դարձել: Լուիզա Զեյթաղյանը 1958 թվականից տեղափոխվելով Երեւանՙ աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1958-1980 թթ. հանդիսացել է խմբավարական բաժնի վարիչ, ղեկավարել ուսումնարանի երգչախումբը: Դասավանդում էր նաեւ երգչախմբագիտություն եւ երգչախմբի հետ աշխատելու մեթոդիկա: 1968-1974 թթ. ղեկավարել է նաեւ Միքայել Միրզայանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը: 1970-1977 թթ. Լուիզա Զեյթաղյանն աշխատել է պետական ակադեմիական կապելլայումՙ որպես խմբավար: Նրա խմբավարական ձիրքը եւ պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատվել կապելլայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի կողմից, իսկ կապելլայի հետ ունեցած ելույթների մասին բարձր գնահատանք է հնչեցվել մամուլի մի շարք հրապարակումներում: 1967-ից մինչեւ 1982 թվականները ղեկավարել է Հանրապետական Լուսաշխի տան երկսեռ երգչախումբը: Այդ ժամանակահատվածում նրա ջանքերով ինքնագործ երգչախումբը ձեռք է բերել բարձր պրոֆեսիոնալ մակարդակ: Երգչախումբը բեղուն համերգային գործունեություն է իրականացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ պատվով է դրսեւորել իրեն նախկին ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, ինչպես նաեւ արտերկրում: 1980 թվականին Լուսաշխի տան երգչախումբը հյուրընկալել է Չեխոսլովակիայի Լիբերեց քաղաքից ժամանած «Եշտեդ» երգչախմբին, որը հանդես են եկել Համամիութենական առաջին փառատոնի շրջանակներում: 1982 թվականին կայացել է երգչախմբի պատասխան այցը Չեխոսլովակիա. հիշարժան են երգչախմբի ելույթները Պրահայում, Բռնո, Օլոմոուց, Լիբերեց քաղաքներում եւ «Բարձր տատրաներ» լեռնային հանգստավայրում: Չեխական մամուլն այս իրադարձությանն արձագանքել է «Երեւանցի երգիչները Լիբերեցում» դրվատալից հոդվածով: Լուիզա Զեյթաղյանի ղեկավարությամբ գրեթե բոլոր երգչախմբերը մշտապես արժանացել են տարատեսակ մրցույթ-ստուգատեսների, փառատոների բարձր պարգեւների եւ պատվոգրերի: Լինելով նաեւ խորաթափանց մանկավարժՙ Լուիզա Զեյթաղյանը գիտակցում էր մեթոդական աշխատանքների դերը ապագա սերունդների մասնագիտական դաստիարակության հարցում եւ իր լուման ներդրեց նաեւ այս կարեւոր գործումՙ հեղինակելով մի շարք մեթոդական ձեռնարկներ ապագա խմբավարների համար: Լուիզա Զեյթաղյանի ուսանողներից շատերն այսօր պահանջված եւ գործող խմբավարներ են ինչպես Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում եւ երգչախմբերում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս: Նրա ուսանողներն են եղել դիրիժոր Գեւորգ Մուրադյանը, երգիչ եւ դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, խմբավարներ Մարիկա Եդիգարյանը, Լյուբա Հովհաննիսյանը, Սարգիս Դեմիրճյանը, Արթուր Հակոբյանը, Նոնա Հակոբյանը, Նունե Մելիքսեթյանը, Բաբկեն եւ Անահիտ Մխիթարյանները եւ ուրիշներ: Նրանք չափազանց ջերմ ու անմիջական հուշեր, ինչպես նաեւ երախտագիտության անգնահատելի զգացում ունեն իրենց անփոխարինելի ուսուցչի նկատմամբ: Պատմում են, որ Լուիզա Զեյթաղյանը, որպես իսկական գյումրեցի, նաեւ յուրահատուկ հումորի տեր կին էր: Չափազանց ամուր եւ ուժեղ բնավորություն ուներ, միեւնույն ժամանակ ամեն մի գործի մեջ հոգի էր դնում, արագաշարժ էր եւ բոլոր գործերում շնորհալի: Կարուձեւի հրաշալի վարպետ էր, ուսանողները եւ դուստրը հիշում են տարբեր առիթներով նրա կարած հագուստները: Լավ գործում էր, համեղ պատրաստում ու թխում: Նրա տանը երգչախմբի անդամների եւ ուսանողների հետ միասին մշտապես խնջույքներ էին կազմակերպվում, որտեղ անպակաս էին կատակային ոճով երգերը, հումորը, անմիջական շփումը: Դստերՙ Նունեի հիշողություններում վառ են դրվագները, երբ ուսանողներին իր տուն էր հրավիրում եւ իր խոհարարական հմտություններն օգտագործելովՙ դասերից հետո հաճախ հյուրասիրում ու նաեւ զբաղվում էր նրանց ինքնակրթության եւ ընդհանուր դաստիարակության հարցերով: Հաճախ էր միացնում ձայնապնակներ, որից հետո քննարկում էր լսած ստեղծագործությունը, որպեսզի ուսանողներն ավելի շատ ճանաչեն դասական երաժշտությունը, գեղարվեստական գրականություն էր առաջարկում ընթերցանության համար, իսկ դստերը նույնիսկ հանձնարարում էր ուսանողներին ուղեկցել պատկերասրահներ, ցուցահանդեսներ: Կարելի է փաստելՙ Լուիզա Զեյթաղյանն իր ուսանողների համար ոչ միայն նեղ մասնագիտական դասատու էր, այլեւ երաժշտության աշխարհի մեծ ծովում մի հուսալի փարոս, որն օգնում էր նոր կայացող երաժիշտներին կողմնորոշվել, ձեւավորել լայն աշխարհահայացք եւ բարձր ճաշակ, զգալ եւ կախարդվել երաժշտության հմայքով: Մեծ է եղել Լուիզա Զեյթաղյանի դերը նաեւ իր որդու դստերՙ թոռնուհի Արմինե Բաբայանի մասնագիտական կյանքում: Դեռ վաղ հասակից տատիկը նրա լավ ընկերն էր, նրան մասնակից էր դարձնում երգչախմբային փորձերին: Թոռնուհու խոսքերովՙ նա միշտ ասում էր. «Լա՛վ նայիր, թե որտեղ եմ ես աշխատում: Կգա այն օրը, երբ դու էլ այս դռները կբացես, եւ որտեղ իմ անունը տասՙ այնտեղ քեզ կժպտան»: Եվ իրոք, սրանք մարգարեական խոսքեր եղան թոռնուհուՙ Արմինեի համար, որն իր մասնագիտական կյանքը եւս կապեց խմբավարական արվեստի հետ եւ ցայսօր պատվով շարունակում է վաստակաշատ տատիկի գործը... |