ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ II մաս Նախորդ հոդվածում գրել էի ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայի տարածքում ռուսական հատուկ ծառայության ակտիվ գործունեության մասին: Նշել էի այդ պետության հակահետախուզության ղեկավարի հաշվետվության մասին, որտեղ ընդգծվում են ռուսական հետախուզության կողմից ստեղծվող «գլխացավանքները» իրենց երկրում: Այս հոդվածում, համեմատության կարգով, կնշեմ մի այլ պետության հակահետախուզության աշխատանքի մասին: Մի պետություն, որը դեռ նոր է պատրաստվում անցնել ՆԱՏՕ-ի շարքերը: Խոսքս Վրաստանի մասին է: 2021թ. ապրիլի 20-ին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը երկրի պառլամենտին զեկույց ներկայացրեց 2020թ. Վրաստանին նետված մարտահրավերների, ինչպես նաեւ դրանցից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ: Հաշվետվությունը հիմնականում վերաբերում է Ռուսաստանի էքսպանսիոնիստական (ընդլայնվող) քաղաքականությանը Սեւ ծովի եւ Կովկասի տարածաշրջանում, որը ըստ վրաց հակահետախույզների խաթարում է ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս պետությունների անվտանգությունը: Զեկուցելով Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին, Վրաստանի հատուկ ծառայությունները ոչ մի բառ անգամ չեն նշում Թուրքիայից եւ Ադրբեջանից սպառնացող «փափուկ» ներթափանցման եւ ընդլայնման վերաբերյալ իրենց երկրում: Այդ էքսպանսիան անզեն աչքով դիտվում է Աջարիայում (Բաթումի) եւ Վրաստանի հարավային շրջաններում, որտեղ ամենուր տիրում է թուրքական բիզնեսը: Սկզբից դա ընդամենը տնտեսական էքսպանսիա էր, իսկ հետո վերաճեց նաեւ քաղաքական եւ դեմոգրաֆիկ ընդլայնման: Բաթումիի օդանավակայանը գործնականում Թուրքիայի ներքին օդանավակայան է: Էլ չենք խոսում վրացական խանութների մասին, որտեղ լայն սպառման ապրանքները, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքները, լրիվ մատակարարվում են Թուրքիայից: Սրան զուգընթաց վրացական ներքին շուկայում անընդմեջ ավելանում են աշխատանքային տեղերը թուրք աշխատավորների համար, վրացիները գնալով ավելի ու ավելի դժվար են աշխատանք ճարում: Թուրքական էներգետիկ ընկերությունները Վրաստանում կառուցում են խոշոր հիդրոէլեկտրակայաններ, որով լրջորեն վնասում են շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակին: Աջարիայում բոլոր հյուրանոցները եւ տուրիստական օբյեկտները պատկանում են թուրքական բիզնեսին եւ կապիտալին: Ադրբեջանը Թուրքիային չի զիջում Վրաստանում ընդայնվելու հարցում: Նույն հյուրանոցային բիզնեսում եւ հատկապես ածխաջրածնային բիզնեսում (վառելանյութեր) Ադրբեջանը բավականին առաջ է գնացել Վրաստանում: Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում կարող եք տեսնել «SOCAR» ադրբեջանական ընկերության լիցքավորման կայանները: Ընդգծենք եւս մի հետաքրքրական փաստ. եթե հայ համայնքը Վրաստանում գրեթե չի խառնվում ներքաղաքական իրադարձություններին, ապա ադրբեջանական համայնքը ուժեղ ազդեցություն ունի երկրի ներքին անցուդարձի վրա: Եվ այսպես, վերադառնանք հակահետախուզության զեկույցին: Այնտեղ նշվում է, որ օկուպացիայի շրջանակներում ռուսական համապատասխան կազմակերպություններն ու գերատեսչությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել «հիբրիդային պատերազմների» գործիքակազմը: Նպատակըՙ վարկաբեկել Վրաստանի պետական ինստիտուտները եւ կառույցները, նիհիլիզմ եւ պեսիմիզմ «ներարկել» վրաց հասարակության մեջ: Եվ ամենակարեւորըՙ արգելքներ ստեղծել եվրոատլանտիկ ինտեգրման գործընթացում: Հաշվետվության մեջ որոշակի տեղ է հատկացված նաեւ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմին: Ընդգծվել է, որ դա հատուկ, տարածաշրջանային խնդիր է: Հակահետախուզության տվյալներով Վրաստանում այդ ժամանակաշրջանում ակտիվ աշխատել են «շահագրգիռ խմբեր», որոնց նպատակն էր էթնիկ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ հրահրել: Իհարկե կոնկրետ պետության կամ կոնկրետ անձանց անուններ չեն նշվում: (Եվ չէին կարող վրաց հակահետախույզները նշել թուրքերի եւ ադրբեջանցիների անուններ.- հեղինակ): Զեկույցում արտահայտված է նաեւ Վրաստանի պետության բացասական վերաբերմունքը Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների տեղաբաշխման վերաբերյալ: Ինչպես եւ գերմանական հակահետախուզության զեկույցում, վրացական զեկույցում նույնպես նշվում է, որ ռուսական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են ապատեղեկատվությունը եւ կիբեռ հարձակումները Վրաստանի դեմ: 2020թ. հոկտեմբերին Վրաստանի պետական անվտանգության ղեկավար նշանակվեց Գրիգոլ Լիլիուաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մտերիմներից: 2021թ. ապրիիլ 23-ին, Վրաստանի նոր վարչապետըՙ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի արտաքին հետախուզության պետ նշանակեց Գիորգի Լոմիձեին: Վերջինս նախկիում զբաղեցնում էր երկրի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի պետի պաշտոնը: Նշենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության պետըՙ Ալի Նագիեւը, 2021թ. ապրիլի 28-ին շտապ կերպով այցելեց Վրաստան, հանդիպումներ ունեցավ ինչպես վարչապետ Ղարիբաշվիլիի, այնպես էլ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ: Մտածելու բան կա... (Շար. նախորդ համարից եւ վերջ) |