RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2021-07-02 > #026, 2021-07-09 > #027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021



Տեղադրվել է` 2021-07-15 23:29:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2903, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆ ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ Է ՆԿԱՏՎՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վերջին օրերին տարածաշրջանային ակտիվությամբ պայմանավորվածՙ աշխուժացել են Հայաստան-Իրան հարաբերությունների մասին քննարկումները: Հայաստանում իրանական ներդրումների եւ Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ, քան իրացվում է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 28-ին մասնակցել են Prom Expo եւ IPM ընկերությունների համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովին: Իսկ արդեն հունիսի 29-ին մեկնարկել է Հայաստան-Իրան բիզնես ֆորումը, որի շրջանակում գործարարներն առեւտրային կապերի ամրապնդման բանակցությունների սկիզբ դրեցին:Մասնակիցների նպատակն էր խթանել հայ-իրանական առեւտրային հարաբերությունների զարգացումը, գործարկել ներկրման եւ արտահանման նոր ձեւաչափեր, ինչպես նաեւ նպաստել երկու երկրների միջեւ գործարար կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

«Ֆորումի ընթացքում իրանական կողմը մեծ հետաքրքրվածություն ցուցաբերեց հայկական կողմի հետ տնտեսության տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում: Առաջարկ եղավ նաեւ ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները,ինչը կարծում եմ նոր ոլորտ է, նոր ճյուղ ,որը խիստ հեռանկարային կլինի երկու երկրների հետագա զարգացման տեսանկյունից»,- մեզ հետ զրույցում նշեց իրանագետ Կարեն Մկրտչյանը :

Մկրտչյանն ավելացրեց, որ տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության շրջանակում աշնանըՙ Թեհրանում նախատեվում է անցկացնել համաժողով, որի ընթացքում կքննարկվեն հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրների ողջ շրջանակը եւ որոշակի պայմանավորվածությունների դեպքում տեղում վերջնական տեսքի կբերվեն :

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներիՙ 2021 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստան-Իրան առեւտրաշրջանառությունը կազմել է 136.4 մլն ԱՄՆ դոլար: 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 22,5 մլն դոլարՙ մինչդեռ Իրանից Հայաստան ներմուծումը զգալի ավելացել էՙ կազմելով 113,9 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշով Իրանը զիջում է միայն Ռուսաստանին եւ Չինաստանին:

Վերջին 10 տարիներին Հայաստան-Իրան առեւտրաշրջանառության ծավալների էական աճ է նկատվել 2018-2019 թվականներինՙ կրկին ի հաշիվ ներմուծման: 2020 թվականին տեմպերը որոշակիորեն թուլացել են:

«Երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների դրական աճ է արձանագրվել, ինչը փաստում է 2021թ. առաջին չորս ամիսներին Իրանի հետ երկկողմ առեւտրի արժեքը: Չնայած նրան, որ հայ-իրանական հարաբերությունների տնտեսական դաշտի շատ փոքր մասն է օգտագործվում, համենայնդեպս մենք ունենք ահռելի չօգտագործված ոլորտներ, որոնք, իրոք, հեռանկարային կարող են լինել եւ պետք է դրանց վրա առավել ուշադրություն դարձնել»,- ասաց Մկրտչյանը:

Վերջերս Իրանում տեղի ունեցավ նախագահական ընտրություններ: Իրանագետ Կարեն Մկրտչյանի համոզմամբՙ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր արտաքին քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները չի պայմանավորում նախագահի ընտրության արդյունքներով, որովհետեւ երկիրը հիմնականում ունի մշակված եւ, ըստ էության, հաստատված արտաքին տնտեսական քաղաքականություն, որը շարունակական բնույթ է կրում: Նա նշում է, որ անկախ երկու երկրների գործող իշխանություններից, երկու պետություններն էլ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններում իրենց կապերը խորացնելու հեռանկար ունեն. դա ցույց է տալիս այն կարեւոր փաստը, որ Հայաստանը եւ Իրանը բնական դաշնակիցներ են, ինչը շատ կարեւոր է: Մկրտչյանը շեշտում է նաեւ, որ ներկայիս իշխանություններն այս ուղղությամբ, այնուամենայնիվ շատ անելիք ունեն:

«Մենք իրանական շուկան պետք է ավելի մանրամասն ուսումնասիրենք, ՀՀ-ում լուրջ պատկերացում չկա, թե Իրանը ի՛նչ է ներկայացնում իրենից այսօր, ի՛նչ ռեսուրսներ ունի եւ հատկապես որ ոլորտներում կարող ենք մենք ավելի արդյունավետ փոխգործակցություն ունենալ: Եթե հաշվի առնենք միջպետական նախաձեռնությունը, ապա ավելի ճիշտ կլինի ձեւակերպել դրանք որպես իրանահայկական հարաբերություններ, այլ ոչՙ հայ-իրանական, որովհետեւ միշտ նախաձեռնողականությունը գալիս է մեր հարեւան երկրից եւ ոչ թե մեզանից»,- նշում է հայտնի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը :

Տնտեսագետի խոսքով, հայ-իրանական հարաբերությունների տնտեսական ոլորտում, լուրջ դինամիկա չկա. այն ամենն ինչ արվում է, իներցիոն բնույթ է կրում եւ ավելի շատ առանձին ձեռներեցների ծրագրերի հետ է կապված:

«Մենք չունենք արհեստավարժ մոտեցում որեւէ հարցի շուրջ, այդ թվում արտաքին տնտեսական կապերի»,- շեշտում է պրոֆ. Մանասերյանը: Նրա դիտարկմամբ պետության կողմից ծրագրեր չեն իրականացվում,իսկ բիզնես ֆորումները, որպես այդպիսին, արդյունք չեն տալիս, պայմանագրերը կնքվում են առանց իրագործվելու:

«Իրանում այն ինչ տեղի կունենա, Հայաստանի համար ունի զրո նշանակություն,մենք չենք նկատում մեր կողքի մեծ հսկային, մեր բարեկամ երկրին, 80 մլն. սպառողական շուկա ունեցող այդ երկրի փոխարեն անընդհատ որոնում ենք հեռավոր արտերկրում մեր կապը, բայց վաղուց ժամանակն է ճանաչել մեր հարեւանին, նրան վերաբերվել ավելի հարգալից եւ բարեկամաբար, քայլեր ձեռնարկելՙ ավելի մերձենալու համար: Մենք պետք է սկսենք զրոյից եւ իրանահայկական հարաբերությունները դարձնենք հայ-իրանական, լինենք ավելի նախաձեռնողական եւ ավելի բանիմաց այս հարցում»,- նշում է պրոֆեսորը:

Սյունիքում ստեղծված իրավիճակը բավականին լուրջ քննարկումների առարկա է դարձել Իրանում: Իրանը սկսել է նկատելի դիվանագիտական ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներում: Իրանին ընդհանրապես ձեռնտու չէ թուրքական ազդեցության աճը տարածաշրջանում, այն լիովին բախվում է Իրանի շահերին, եւ Իրանը ամեն կերպ ձգտում է եւ մեծացնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում: Պետք է բավականին լուրջ աշխատել, նախաձեռնողական լինել եւ բոլոր ոլորտներում զարգացնել համագործակցությունն Իրանի հետ, մանավանդ որ իրանական կողմից կան հստակ ազդակներ ե՛ւ տնտեսական, ե՛ւ անվտանգային, ե՛ւ մնացած բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 16-07-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ