RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021



Տեղադրվել է` 2021-08-12 02:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2603, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Պատմության յուրաքանչյուր պահը խաչմերուկ է: Անցյալը ներկայի հետ կապում է միակ արահետը, որն արդեն անցել ենք: Իսկ ահա ներկայից դեպի ապագա բազմաթիվ արահետներ են ձգվում: Որոշները ավելի լայն են, հարթ ու գեղեցիկ գծանշված, բայց երկար են ձգվում, եւ հաճախ մեզ, որոնց հատուկ են չափից ավելի զգացմունքայնությունն ու ռոմանտիզմը, համբերատարությունը չի բավականացնում քայլել այդ ճանապարհով, քայլել դանդաղ, բայց վստահ ու ապահով: Իսկապես, անհագ շտապողականությունը մեր ազգային թերությունն է: Այստեղից էլ երկարաժամկետ պլանավորման մշակույթի բացակայությունը, տեսլականի եւ առաքելության փիլիսոփայական ըմբռնման անկարեւորության արտացոլումը: Եվ հենց այս հոգեկառուցվածքի բացակայությունն էլ հնարավորություն է բացում, որպեսզի ժամանակ առ ժամանակ ազգի ու պատմության ղեկին հայտնվեն արկածախնդիրներ եւ խոստանալով ավելի շուտ «տեղ հասցնել», կատարեն անպատասխանատու շրջադարձեր:

Հավանաբար նաեւ դա է եղել այն կարեւոր պատճառներից մեկը, որ ինչպես իրավամբ արձանագրում է ռուսաստանցի արեւելագետ եւ տնտեսագետ, Իսրայելի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների քաղաքականության եւ տնտեսության ոլորտի առաջատար փորձագետներից Եվգենի Սատանովսկին . «Թուրքական ցեղերը տարածաշրջանում հայտնվել են 10-րդ դարում` հասել պատմական Հայաստանի տարածք 11-րդ դարում: Հայերն այդ հողում բնակվել են մեր թվարկությունից առաջ 15-րդ դարից: Այսինքն հայերը մինչեւ թուրքերի ներխուժումը այդ հողերում ապրել են մոտ 2500 տարի :

Ի դեպ հայկական առաջին Արարատյան թագավորությունը, որ ավելի հաճախ Ուրարտու անունով է հիշատակվում, առաջացել է մեր թվարկությունից առաջ 9-րդ դարում: Իսկ թուրքականը` դրանից 1800 տարի հետո: Ադրբեջան պետությունը ստեղծվել է 20-րդ դարում թուրքերի կողմից: Հիմա, պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես 4500 տարի այդ հողերում բնակվող ազգը պետք է զիջի ընդամենը մեկ դար գոյություն ունեցող երկրին»:

Իսկապես, եթե նման բան պատահի, ապա ընդհանրապես եւ անկախ ամեն ինչից, այս աշխարհում անհասկանալի կդառնա ամեն բան: Չի պատահի, քանի որՙ

1. Երբ մ.թ.ա. 714թ. Ասորական կայսրությունը հարձակվեց Հայաստանի վրա եւ ավերեց այն, ընդամենը վաթսունչորս տարի անց (մ.թ.ա. 650թ.) Ասորական կայսրությունն ընդմիշտ անհետացավ աշխարհի երեսից:

2. Երբ մ.թ. 387թ. Հռոմեական կայսրությունը դավաճանաբար խաբեց հայերին եւ ոչնչացնելով Մեծ Հայքըՙ բաժանեց այն իր եւ Պարթեւստանի միջեւ, ութ տարի անց (մ.թ. 395թ.) Հռոմեական կայսրությունը կործանվեց եւ ընդմիշտ հեռացավ համաշխարհային քաղաքական ասպարեզից:

3. Երբ Բյուզանդական կայսրության ջանքերով 1045թ. դավաճանաբար ոչնչացվեց հայկական Անիի թագավորությունը, ընդամենը քսանվեց տարի անց (1071թ.) Բյուզանդիան կորցրեց իր ունեցվածքի 80 տոկոսը, որն էլ դարձավ դրա ավարտի սկիզբը եւ ասպարեզից ամբողջովին անհետանալու գլխավոր պատճառը:

4. Երբ Պարսկական կայսրությունը Շահ Աբասի ձեռքով հայերին տեղահանեց Այսրկովկասիցՙ ավերելով եւ արնաքամ անելով հայկական քաղաքներն ու գյուղերը եւ բնակեցրեց դրանք մահմեդականներով, 33 տարի անց (1827-1828թթ.) պարսիկները գլխովին ջախջախվեցին ռուսների կողմից եւ կորցրին վերահսկողությունն ամբողջ Անդրկովկասի վրա: Դա էլ կայսրության վերջի սկիզբը դարձավ:

5. Երբ 1915թ. Օսմանյան կայսրությունը իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, երեք տարի անց (1918թ.) այն կործանվեց եւ անհետացավ աշխարհի քաղաքական քարտեզից:

6. Երբ 1903-1905թթ. Ռուսական կայսրությունըՙ Նիկոլայ 2-րդի գլխավորությամբ հալածանքներ սկսեց հայ Առաքելական եկեղեցու դեմ եւ Այսրկովկասի մահմեդականների միջոցով կազմակերպեց հայկական ջարդեր, ընդամենը տասներկու տարի անց (1917թ.) Նիկոլայ 2-րդն ամբողջ ընտանիքի հետ գնդակահարվեց, կորցրեց իշխանությունը, իսկ 1918 թվականին ցարիզմն էլ կործանվեց եւ ընդմիշտ հեռացավ համաշխարհային ասպարեզից:

7. Երբ ԽՍՀՄ-ի նման հզոր գերտերությունը 1988-90թթ. հակահայկական քաղաքականությամբ «Օղակ» գործողություն կազմակերպեց եւ հայերին արտաքսեց Արցախի զգալի մասից, իսկ այնուհետեւ ազերիներին թույլատրեց ջարդեր կազմակերպել Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում, ընդամենը մեկ տարի անցՙ 1991թ. փլուզվեց եւ առհավետ դադարեց գոյություն ունենալուց:

Համաշխարհային պատմությունից հայտնի այս իրողությունների մասին խոսել է նաեւ ազգությամբ ռուս արեւելագետ Ալեքսանդր Բակուլինը : Իսկ դա բոլորովին էլ զարմանալի չէ, քանի որ ամեն ազգի մեջ էլ կան արդարասեր եւ ճշմատությանը ծառայող մարդիկՙ նույնիսկ թուրքերի եւ ազերիների մեջ, ռուսների մեջ ինչո՞ւ չպիտի լինեին: Բարին միշտ չարից ավելի շատ է լինում այս աշխարհում, պարզապես բարին լավ չի ճանաչում չարին, հաճախ խաբվում է նրա տեսքին, խոսքին, ժպիտին, վարքին ու բարքին: Մնում է ավելացնել, որՙ

8. 2020 թվականին Թուրքիան եւ Ադրբեջանըՙ Իսրայելի մասնակցությամբ եւ որոշ մեծ տերությունների օրհնությամբ կամ գուցե նաեւ օժանդակությամբ ոչնչացման եզրին հասցրին Հայաստանըՙ Արցախով հանդերձ: Եվ ընդամենն ամիսներ անց ակներեւ է դառնում, որ նրանք ակնհայտ խնդիրների առջեւ են կանգնած, իսկ ապագան էլ գնալով ավելի մշուշապատ է դառնում: Ռուսաստանն աստիճանաբար քարուքանդ է լինում, Պուտինը դաժան ճակատագրի է արժանանալու: Նույնը սպասվում է նաեւ Ալիեւին եւ էրդողանին: Իսրայելի առաջնորդին էլ արդեն տեսանք, թե ինչ բախտի արժանացավ:

Մեզ թույլ ենք տալիս ենթադրելու, որ այս ամենի մեջ, անշուշտ, նախախնամության մատը խառն է եւ սա միստիկա չէ, այլ պարզ իրողություն: Կարող ենք նաեւ ավելացնել, որ այս հետաքրքրական ցուցակն ակնհայտ վկայում է, որ աշխարհի ուժեղագույն տերությունները ոչնչացվել են, երբ փորձել են ոչնչացնել հայերին: Իսկ Հայաստանը շարունակում է ապրել: Իրականությունից հեռու չէ նաեւ այն, որ Աշխարհը կկործանվի, եթե հանկարծ մարդկության նախապապ հայի կամ դրախտ Հայաստանի հետ մի բան պատահի: Բոլորովին էլ պատահական չէ, որ Աստված հային օժտել է ոգեղենությամբ հզոր «Հավլունի» զենքով, մի կենսաուժով, որի դեմ անզոր են մնացած բոլոր չար ուժերի զենքերն ու դավադրությունները:

Սակայն կարեւոր է նաեւ, որ տուրք չտանք նախախնամությանը եւ հույսներս միայն դրա վրա դնենք: Նախՙ անհրաժեշտ է, որ սթափ գնահատենք կատարված իրողությունները, չմոռանանք, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու սահմանները պահպանում է ռուս զինվորը, իսկ մենք ավելի հաճախ ենք սկսել նայել դեպի Ֆրանսիա եւ Ամերիկա: Ավելին, մոռանալով Լեռնային Ղարաբաղում կրած պարտության մասին, մեր իշխանությունները նույնիսկ պատրաստ են հանձնվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությանը եւ «սա է ներկայիս Հայաստանի ամենաողբերգական վիճակը»,-նշում է Կասպյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեեւը :

Թշնամու կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներից 8 ամսվա ընթացքում գտնվել եւ տարահանվել է մեր զինվորականների եւ տեղի խաղաղ բնակիչների ավելի քան 1600 սրբազան մասունք: Իսկ մեր հասարակության մի մասի համար անհետ կորածների եւ հայտնաբերված մասունքների վերաբերյալ հաղորդագրություններն արդեն դիտվում են այնպես, ինչպես եղանակի տեսությունը կամ Վեոլիա ջրի հայտարարությունները: Սա մեր ամոթն է ու ողբերգությունը: Ողբերգություն է նաեւ այն, որ Արցախը, մի բան էլ ավելի, տվեցինք թուրքին: Իսկ ո՛ւր է ՀՀ առաջին նախագահի տարիներ առաջ խոստացած խաղաղությունը: Չկա եւ չի էլ երեւում: Հետաքրքրական է, Հայաստանին եւ հայ ժողովրդին մահացու հարված հասցնելուն միտված հողեր հանձնելու այդ գաղափարը արտաքին ո՛ր ուժի կամ ուժերի պատվերն էր: Արդյո՞ք դժվար է այսքանից հետո հասկանալ, որ թուրքը մեր ռազմավարական թշնՔմին է եւ արել, անում ու անելու է ամեն ինչՙ մեզ ոչնչացնելու կամ առնվազն տարածաշրջանից ամբողջովին դուրս մղելու համար:

Ուրեմն ինչ է պետք անել այս տխուր կացությունը շտկելու համար...

Հանգամանքների բերումով որպես վերլուծաբան անցյալ տարի Հայաստանում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ յոթհոգանոց խմբի կազմում եղա Չինաստանում: Չինական կողմն արել էր ամեն ինչ մեր այցն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար: Չափազանց հագեցած այդ օրերի ընթացքում կարողացանք այցելել այդ հինավուրց ու հրաշալի երկրի մի քանի պատմական, ազգային, հնագիտական ու մշակութային կենտրոններ: Եղանք մի քանի քաղաքներում: Ճանապարհորդեցինք գերժամանակակից գնացքներով, որոնց արագությունը 300 կմ/ժամից ավելի էր: Ծանոթացանք արտադրական մի քանի հսկաների, առեւտրաարդյունաբերական համալիրների ու դրանց ղեկավարների հետ: Աշխատանքի բերումով շատ երկրներում եմ եղել եւ տպավորությունս այն էր, որ Չինաստանն աշխարհին ասում էՙ դուք շարունակեք տեղում դոփել, իսկ ես գնացի՜ դեպի ապագա:

Բնականաբար հետաքրքրությունս մեծ է այդ երկրի նկատմամբ: Բնականաբար սովորելու եւ, ինչու չէ, նաեւ ընդօրինակելու շատ բաներ կան: Ուստի ուշադիր հետեւում եմ այս օրերին ընթացող Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյա հոբելյանի տոնակատարություններին: Անթաքույց հիացմունքով պիտի նշեմ, որ մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն բնակչություն ունեցող այդ երկրում այսօր լրիվ հաղթահարված է աղքատությունը, բնակչության մեջ մեծամասնությունը կազմում է բարձ կենսամակարդակով միջին խավը: Եվ սաՙ միակուսակցական ավտորիտար քաղաքական համակարգի պահպանման պայմաններում: Հիսուն տարի առաջ մեծ բարեփոխիչ Դեն Սյաոպինի նոր քաղաքական կուրսըՙ սոցիալիզմի կառուցման չինական ուղին, հաղթանակեց: Չինաստանն իր հզորությամբ այսօր հավասարվել ու որոշ ոլորտներում առաջ է անցել նույնիսկ ԱՄՆ-ից: Փառք ու խոնարհում կարելի է ասել աշխատասեր, կարգապահ, պետականամետ չին ժողովրդին եւ անդադար սովորել նրանից:

Համեմատության համար ասեմ, որ Հայաստանը Չինաստանի մեկ գյուղի չափ բնակչություն ունի, որի 70%-ն աղքատության մեջ է: Բոլորս առավոտից երեկո զբաղված ենք «ազգային» բնույթի պոռոտախոսությամբ եւ «ժողովրդավարական» հաղթանակներով: Մինչդեռ տասնամյակներ շարունակ հարյուր հազարավոր չինացիներ կրթվում էին աշխարհի լավագույն բուհերում, վերադառնում հայրենիք կառավարում, զարգացնում սեփական երկիրը, իսկ մեր «ամենագետների» բույլը երեսուն տարվա իր փայլուն կառավարմամբ բոլոր առումներով երկիրը մտցրեց գրեթե անհաղթահարել փակուղի եւ վերջնականպես կործանեց: Ցավալի է, իհարկե, սակայն հարկավոր է միշտ թունելի վերջի լույսը նշմարել, առաջնորդվել դրանով եւ յուրաքանչյուրիս կողմից պատասխանատվության մեծ զգացողությամբ եւ քրտնաջան աշխատանքով բուժել մեր վերքերը, շենացնել երկիրն ու առաջ տանել դեպի ոչ թէ լոզունգային, քարոզչական, այլ իրական ապագա, որին ինքս հավատում եմ:

11-27.07.2021

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ