RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2021-07-16 > #028, 2021-07-23 > #029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-08-12 02:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2570, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴՙ ԳԵՂԵՑԻԿ ԿՅԱՆՔԸ

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ

Թափոնները, աղբը որպես երկրորդական հումք օգտագործելը այսօր աշխարհում տարածված երեւույթ է, այն խնայում է մայր բնության բարիքները, տնտեսում մարդկաց միջոցները, մաքուր պահում շրջակա միջավայրը եւ այլն: Թափոնների օգտագործումը իբրեւ երկրորդական հումք կարեւոր է հատկապես բնական պաշարներով ոչ հարուստ այնպիսի երկրի համար, ինչպիսին մերն է:

Թափոնների օգտագործման մի ուղղություն է, ապրանքներ, սպառողական արժեքներ ստեղծելուց բացի, դրանցից գեղեցիկ իրեր, անգամ արվեստի գործեր արարելը: Մեր երկիրը նույնպես անմասն չի մնացել այս գործընթացից, վերջինիս առնչվող հայաստանյան նախաձեռնություններից է «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» մրցույթը: Հուլիսի 23-ին «Իբիս» հյուրանոցում տեղի ունեցավ մրցույթի սկիզբն ազդարարող սեմինար-տեղեկատվական հանդիպումՙ «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» խորագրով: Սեմինարը բացեց Նորաձեւության եւ դիզայնի պալատի ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը : Նա ներկայացրեց պալատի գործունեությունը, ասաց, որ այս ծրագիրը իրենց գործունեության շարունակությունն է: Բանախոսը նշեց, որ մրցույթի իրականացման գործում իրենց միացել են Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ (ISSD) ՀԿ-ն եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

ISSD-ի նախագահ, համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը խոսեց աշխարհում թափոնների հետ կապված առկա խնդիրների մասին: Անդրադարձավ երկրագնդի բնակչության թվին, սոցիալ-տնտեսական վիճակին եւ այն հարցին, թե երկրագնդի կենսաբանական տարածքը կբավականացնի՞ մարդկությանը հետագա կյանքի համար: Նրա խոսքի մի հատվածը նվիրված էր Էկոլոգիական ոտնահետք հասկացությանը: Մխիթար Ավետիսյանը ներկայացրեց պլաստիկի թափոնների մասին փաստերՙ աշխարհում եւ Հայաստանում, լուսանկարներով ցույց տվեց թափոններից պատրաստված գեղեցիկ իրեր, ներկաներին ծանոթացրեց պլաստիկի թափոններից հնարավոր նորարարական լուծումներ եւ արտադրանք ստանալու իրենց փորձին:

Ապա խոսք ասաց Նորաձեւության եւ դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը : Նա վարեց «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» խորագրով շնորհանդեսը, նաեւ մանրամասն ներկայացրեց «Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» մրցույթը եւ մասնակցելու պայմանները: Նշեց, որ մրցույթի շրջանակներում տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ աշխատելու են իրար հետՙ կարեւորելով միասին աշխատելու փաստը: Վահան Խաչատրյանը լուսանկարներով ներկայացրեց թափոններից արվեստի գործեր ստեղծող արվեստագետների աշխատանքները:

Սեմինարի ընթացքում ծավալվեց հետաքրքրական ու բովանդակալից քննարկում:

«Ստեղծիր արվեստ պլաստիկի թափոններից» մրցույթին կարող են մասնակցել ստեղծագործ ոլորտում ներգրավված մասնագետները եւ ուսանողները (մոդելավորող, պրոդուկտ-դիզայներ, գրաֆիկ-դիզայներ, նկարիչ, լուսանկարիչ, ոճաբան, օպերատոր, քանդակագործ եւ այլն):

Ընտրված մասնակիցները ծրագրի շրջանակներում.

1. Կմասնակցեն թափոնների վերամշակման նորարարական լուծումներ առաջարկող դասընթացների եւ սեմինարների,

2. 3-4 աշխատանքային խմբերով (յուրաքանչյուր խմբում կլինեն մոդելավորողներ, ապրանք եւ գրաֆիկ դիզայներներ, նկարիչներ, լուսանկարիչներ, ոճաբաններ եւ այլն) պլաստիկ թափոններից կստեղծեն արվեստի առարկա, արտադրանք, հավաքածուՙ հիմնված ստեղծագործական եւ նորարարական մոտեցման վրա,

3. Յուրաքանչյուր մասնակցի եւ խմբի ստեղծագործ աշխատանքը զանգվածային իրազեկման արշավի միջոցով կլուսաբանվի,

4. Կստեղծվեն հետագայում համատեղ աշխատելու եւ համագործակցելու նոր հնարավորություններ:

Մրցույթը կեզրափակվի ցուցահանդեսով, որը տեղի կունենա սեպտեմբերին եւ կուղեկցվի բնապահպանական մեծ արշավով:

Ծրագրի նպատակն է միավորել ստեղծագործ ոլորտի ներկայացուցիչներինՙ միասին աշխատելու, համագործակցելու եւ արդյունքում գեղարվեստական առարկաներ կամ հավաքածուներ ստեղծելու շուրջՙ իրազեկելով հասարակությանը պլաստիկ թափոնների խնդրի մասին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմիցՙ իրենց ծրագրերի շրջանակներում:

Նախաձեռնությանը մաղթենք հաջողություն եւ հուսանք, որ թափոնները գեղեցիկին ծառայեցնելը Հայաստանում կդառնա կայուն ու արդյունավետ բնագավառ, մանավանդ այս ուղղությամբ մեր մեջ նախադեպեր կան. փայլուն օրինակներից մեկըՙ մեր անմահ մեծությանՙ Սերգեյ Փարաջանովի ստեղծած արվեստի գործերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 12-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ