ՏՈՄԱՇ ՊԱԼՈՆԴԵՐ. «ԻՄ ՀԱՅ ԾԱԳՈՒՄԸ ԽՈՐԱՊԵՍ ԱՐՄԱՏԱՎՈՐՎԱԾ Է ՀՈԳՈՒՍ ՄԵՋ» ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ Սլովակյան հայազգի երգիչ-դերասան Տոմաշ Պալոնդերին մեզանում առաջինն անդրադարձավ Հակոբ Ասատրյանըՙ «Օրեր» հանդեսիՙ Սլովակիային նվիրված համարում (2016, թ. 9-12): 40-ամյա Տոմաշը ծնվել է Մոսկվայումՙ սլովակ հոր եւ հայ մոր ընտանիքում: Ավարտել է Բրատիսլավայի պետական կոնսերվատորիայի երաժշտության եւ դրամայի բաժինը, ապա դերասանական կրթություն է ստացել Կատարողական արվեստների ակադեմիայում: 2000 թվականից նկարահանվել է հեռուստասերիալներում, գովազդներում, վարել «Դեկա» եւ «Դեկաբոքս» հեռուստաշոուները: Այսօր նա առավել հայտնի է Բրատիսլավայի տարբեր թատրոններում իր դերակատարումներով եւ որպես «Բրունո Բենեդտոն» եւ «Լավ ֆոր մանի» համույթների նախկին երգիչ: Պարբերաբար հանդես է գալիս որպես կրկնօրինակող դերասան եւ խոսնակ: 2010-ին Մարսել Պալոնդերի հետ միասին հանդես է եկել Սլովակիայում կայացած Եվրատեսիլի երգի մրցույթումՙ «Բառերի բառ» երգով: 2019 թվականից նա Ռադիո Սլովակիայի ձայնն է: - Հարգելի Տոմա՛շ, միշտ հիանում եմ այն մարդկանցով, որոնց «արյան մեջ է» արվեստը: Հայրդՙ Ֆրանտիշեկ Պալոնդերը, բեմադրիչ է, բեմագրող եւ թատերագիր, հորեղբայրդՙ Մարսել Պալոնդերը, երգիչ, երաժիշտ եւ երաժշտության ուսուցիչ: Քո դերասան եւ երգիչ դառնալը վիճակվա՞ծ էր, թե՞ սկզբում ցանկանում էիր այլ մասնագիտություն ընտրել: - Բնականաբար, արվեստի հանդեպ հետաքրքրությունս ձեռք եմ բերել ընտանիքիս շնորհիվ, միշտ ցանկացել եմ խաղալ թատրոնում եւ զբաղվել երաժշտությամբ: Սա իմ կյանքն է: Ես հավերժ շնորհակալ եմ Աստծուց, որ կարող եմ իմ հացը վաստակել մի բանով, ինչի մասին երազել եմ մանկուց, չնայած պետք է խոստովանեմ, որ դա շատ դժվար ճանապարհ է: - Շառլ Ազնավուրը մի անգամ ասել է. «Երբ հոգնում եմ երգելուց, նկարահանվում եմ եւ հակառակը»: Իսկ դո՞ւ: - Ցավոք, ես ընտրության մեծ հնարավորություն չունեմ: Ես չեմ սիրում զանգվածներին զբաղեցնող արվեստը: Ես ունեմ իմ յուրահատուկ ճաշակն իմ կատարած աշխատանքների մեջ, եւ դա գործն ավելի է բարդացնում: Օրինակ, իմ նախկին երաժշտական գործունեությամբ շատ քիչ էի վաստակում: Դա ավելի շուտ հոբի էր: Որպես դերասան կարող ես որոշակի եկամուտ ունենալ, եթե բազմապլան նկարագիր ունես: Ես ձայնագրվում եմ անգլերեն, սլովակերեն, չեխերեն եւ ռուսերեն լեզուներով, խաղում եմ տարբեր թատերական ներկայացումներում, կատակերգություններում եւ դրամաներում: Երբ հեռուստատեսությունից դեր են առաջարկում, սովորաբար ընդունում եմ: Վարում եմ տարբեր միջոցառումներ: Աշխատանքը շատ է: - Դու խաղում ես ինչպես դրամաներում, այնպես էլ կատակերգություններում: Ո՞րն ես նախընտրում: - Կատակերգությունն ինձ համար դրամա է եւ հակառակը: Չեխովի պիեսները նրան շրջապատած մարդկանց ծաղրանկարներն են, սակայն նրա թատերգությունները որպես կատակերգություն չեն բեմադրվում: Յուրաքանչյուր ոք նրա պատմություններն ընկալում է որպես ծանր հոգեբանական բեռ, ինչը ճշմարիտ է, բայց միաժամանակ առկա է մեծ հեգնանք: Օսքար Ուայլդը կամ Մոլիերը նույնպես կատակում էին իրենց թատերախաղերում, որոնք չափազանց սուր էին: Ես անկեղծորեն սիրում եմ երկու ժանրն էլ եւ կարող եմ հպարտորեն ներկայանալ որպես շատ ունակ դերասան թե՛ կատակերգության մեջ, թե՛ դրամայի: Օրինակ, Թրեւիս Բիքլի կերպարն իմ սիրած «Տաքսու վարորդը» ֆիլմում (1976) ցավալիորեն դրամատիկ է, բայց շատ դեպքերում երեխայավարի զվարճալի է: Ռոբին Ուիլյամսի դերերը զավեշտական էին, բայց «Արթնացումներ» ֆիլմում (1990) նա պարզապես սարսռեցնում էր ինձ: - Քո խմբերից «Բրունո Բենետոնը» ժամանակին շատ սիրված էր սլովակ երիտասարդների շրջանում: Հիմա ինչպիսի՞ն է ռոք երաժշտության ասպարեզը Սլովակիայում: - Այսօրվա սլովակյան ռոք երաժշտությունն իմ ճաշակին չէ: «Բրունո Բենետոնը» չափազանց շատ ճանապարհորդեց ու հանդես եկավ բազմաթիվ համերգներով, սակայն շատ քիչ վաստակեց: Այնուամենայնիվ, դա հիանալի փորձառություն էր: - Ռոք երաժշտության լեզուն անգլերենն է, երգերի տեքստերը նույնպես անգլերեն են: Ի՞նչ եք կարծում, այլ լեզուներ, ներառյալ սլովակերենը, կարո՞ղ են «տեղավորվել» ռոքի մեջ: - Այո՛, սլովակերենով մեծ թվով հիանալի երգեր կան: Ինձ համար սլովակյան հիանալի նվագախմբերն են «Իզաբելը», «Տուբլատանկան», «Էլանը», «Վիդիեկը», «Մետալինդան» եւ սլովակերեն երգով հետաքրքրական երգիչներից նշեմ որոշ անուններՙ Դեժո Ուրսինի (այժմՙ հանգուցյալ), Ռիխարդ Մյուլլեր, Պետեր Լիպա, Սոնյա Հորնակովա, Բեատա Դուբասովա: Ես սիրում եմ նրանց. Ինձ համար անգլերեն աշխատելը մի փոքր ավելի հեշտ է: Անգլերեն բառերն ունեն բազմաթիվ իմաստներ: Դա անյ էր, ինչ ինձ պետք էր: - Դու երեք տարի աշխատել ես Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, բայց նախընտրել ես վերադառնալ Սլովակիա: - Այո, իհարկե: Ես այստեղ չունեմ եղբայրներ, քույրեր, եւ այդ ժամանակ նույնիսկ զարմիկ չէի: Հայրական պապս հիվանդացավ, մայրական տատիկս նույնպես մեծ օգնության կարիք ունեցավ: Ես հավաքեցի պայուսակներս եւ վերադարձա Բրատիսլավաՙ ընտանիքիս օգնելու: - Կարծում եմ ՙ քո կես հայ լինելը քեզ մի փոքր տարբերում է սլովակ դերասանների ընտանիքումՙ արտաքնապես թե ներքնապես, ճի՞շտ եմ: - Անկեղծ ասածՙ այստեղ ոչ մեկի հոգը չէ իմ հայկական արմատները: Բնակչության կեսը այստեղ պատկերացում չունիՙ ինչ է Հայաստանը, այդ պատճառով ոմանք կարծում են, թե ես կես թաթար եմ, ռումինացի, հրեա եւ այլն: Նրանք ինձ ամեն ինչի հետ շփոթել են: Իմ տեսքն այստեղ այնքան էլ նախընտրելի չէ: Ես այստեղ, ինչպես նաեւ Չեխիայում, զրոյական առաջարկ եմ ստանում կինոյից, ինձ «բացառում են», անկախ նրանից, թե որքան լավ է իմ անգլերենը, չեխերենը կամ ռուսերենը: Վերջապես, ես համագործակցել եմ մի երիտասարդ դերասանական գործակալի հետ եւ հուսով եմ, որ վերջապես կստանամ մի քանի հետաքրքրական կինոդերեր: - Հակոբ Ասատրյանին տված հարցազրույցում ասել ես, որ հայրական պապդՙ Արտաշես Մովսիսյանը, ծագումով Արցախից էր, իսկ Վարվառա տատիկդՙ Թբիլիսիից: Եղե՞լ ես Հայաստանում, եւ ի՞նչ է քեզ համար նշանակում այս մասնակի հայկական ժառանգությունը: - Իմ հայ ծագումը խորապես արմատավորված է հոգուս մեջ: Ես խորապես հարգում եմ հայ մշակույթը եւ պատմությունը: Միշտ կարդում եմ այդ թեմաներով համապատասխան հոդվածներ: Այդուհանդերձ, ինձ եվրոպացի եմ զգում. շատ եմ սիրում եվրոպական քաղաքակրթությունը: Հորական պապս ծագումով գերմանացի էր, իսկ հայրական տատս հունգարական ընտանիքից էր: - Նույն հարցազրույցում ասել ես, որ քո հայրական տատի տատը նույնպես հայուհի էրՙ Սալվյան ազգանունով: Չնայած այն հայկական չի թվում, կարո՞ղ ես որոշ մանրամասներ ներկայացնել նրա մասին: - Այդ նախատատս փախստական էր Օսմանյան կայսրությունից: Մայրս Հունգարիայում տեսել է իր ծննդյան վկայականըՙ գրված հայերեն: Այս մասին մենք իմացանք ընդամենը մի քանի տարի առաջ, երբ ընտանեկան հին լուսանկարներ էինք նայում: Մենք չէինք կարող հավատալ նման զուգադիպությանը: Սա նշանակում է, որ ես ունեմ ավելի քան 50 տոկոս հայկական արյուն: - Մայրդՙ Մոսկվայում ծնված Լուդմիլա Մովսիսյան Պալոնդերովան, աշխատում է Սլովակիայի Մշակույթի նախարարությունում, նպաստում է հայ-սլովակական մշակութային կապերի զարգացմանը: Ի՞նչ կոնկրետ հայկական նախագծեր է նա նախաձեռնել: - Նա կազմակերպել է Հայաստանին նվիրված ցուցահանդես, իսկ 2015-ինՙ սլովակ երգիչների համերգը Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, ինչպես նաեւ Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարար պարոն Մարեկ Մադարիչի այցը Հայաստան: Մայրս նաեւ կազմակերպել է հայ ժողովրդական պարողների ելույթը մեր ամենահեղինակավոր ազգագրական փառատոնումՙ «Վիխոդնայ»-ում: Հատկապես այս առումով ես հպարտ եմ նրանով: Նա չափազանց տաղանդավոր եւ նվիրված կազմակերպիչ է, ինչի համար բոլորը նրան սիրում են: Մի ճշմարիտ, աշխատասեր, հայ գեղեցկուհի՛: - Կապ ունե՞ս Սլովակիայի հայերի հետ: Որո՞նք են քիչ թե շատ հայտնի անունները: - Կարող եմ նշել հետեւյալ անունները. իմ հիանալի ընկեր, շատ տաղանդավոր հայ երգչուհի եւ դաշնակահարուհի Կարինե Սարգսյան, ծնունդով Երեւանից: Ունենք մի հետաքրքրական գործիչՙ Սլովակիայի հեռուստատեսության նորությունների բաժնի տնօրեն Վահրամ Ճուղուրյանը, կամ մեկ այլ հրաշալի մասնագետՙ մեծ եւ ճանաչված պարուսույց Ռաֆայել Ավնիկյանը: Պարոն Գեւորգյանը շատ հաջող ձեռնարկատեր է, պողպատի գործարանի սեփականատեր Սլովակիայում: Հիշեմ նաեւ Սլովակիայում Հայաստանի դեսպան պարոն Բագրատ Հակոբյանին: - Շնորհակալություն պատասխաններիդ համար, Տո՛մաշ: Մաղթում եմ, որ շարունակես Սլովակիայում մայրիկիդ գործըՙ հայ մշակույթի խթանումը եւ, ընդհանրապես, համոզված եմ, որ տարբեր երկրներում ապրող յուրաքանչյուր հայ կարող է մի տեսակ դեսպան դառնալ Հայաստանի համար: - Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, Արծվի՛: Ես փորձում եմ անել առավելագույնը: Չնայած իմ տունը Եվրոպան է, բայց ես մշտապես հնարավորինս աջակցում ու նպաստում եմ Հայաստանին: Դա ինձ համար շատ անձնական հարց է, նույնիսկ եթե ես հայերեն չեմ խոսում: Այս հարաբերություններն ամուր են եւ անվիճելի: Նաեւ շատ ուրախ եմ, որ հայրսՙ Ֆրանտիշեկը միշտ եղել է հայ մշակույթով եւ պատմությամբ հիացող, նույնիսկ նախքան իմանալը, որ իր մեծ տատը հայուհի Սալվյանն էր: Ես նույնպես կցանկանայի քեզ մաղթել մեծ հաջողություն, քաջառողջություն եւ հիանալի, ուրախ մարդկանց շրջապատ, որտեղ էլ որ լինես: |