ԲԵՐԱՆԸ ԲԱՑԵԼԻՍՙ ՄՏԱԾԵՔ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայերն, իրոք, յուրահատուկ ժողովուրդ են ամեն ինչում: Դիցուքՙ անվտանգային առումով: Բոլոր հարթակներում, բոլոր ասուլիսներում եւ հարցազրույցներում ամենքն ամեն ինչից խոսում են: Վերլուծաբան ու քաղաքական գործիչ, գլուխները տմբտմբացնելով, Հայաստանի ներքին եւ արտաքին կյանքի բոլոր վարկածներն են նկարագրումՙ քայլ-քայլ, դետալ առ դետալ, դրանց իրականացման կամ խափանման ուղիները քննարկում: Հայաստանը դարձել է մի երկիր /ինչու չէՙ այդպիսին է եղել միշտ/, որը բաց գիրք է արտաքին բոլոր հատուկ ծառայությունների համար, նրանք իրենց ռեզիդենցիաներում կամ հյուրանոցների համարներում նստածՙ առանց մի ջանք ծախսելու, առանց ավելորդ ֆինանսական միջոցներ ներդնելու բաց աղբյուրներից ողջ տեղեկատվությունը քաղում են, խմբավորում, համակարգում, իսկ նրանց տերերն էլ ժամանակին եւ առաջ ընկած, գաղափարը դեռ բնում, հակաքայլեր են ձեռնարկում եւ իրենց վնասող, բայց մեր շահերից բխող գաղափարներն ու նախաձեռնությունները հենց բնում խեղդում տարբեր միջոցներովՙ փափուկ եւ կոշտ: Ու սրա անունը ոչ թե դավաճանություն է, ոչ թե լրտեսություն է. այլ ՙ ժողովրդավարություն, իրազեկում, թափանցիկություն եւ այլն: Ոչ մի գաղտնիք չի մնացելՙ ոչ պետական, ոչ հանրային անվտանգության տեսակետից, որոնց մասին մեր հռետորները թվերով, փոստերով ու հնարավոր սցենարներով չխոսեն: Հայաստանը հեշտ վաստակի աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր իրենց դրամը վաստակում ենՙ լրտեսելով ազգերին եւ խափանելով նրանց զարգացման ծրագրերը: Բանակի, տնտեսության, Հայաստանի անցնելիք ճանապարհի, այս դժվարին պատերազմական վիճակում այսուայն հարցում ընտրելիք ռազմավարության, բանակի թույլ ու ուժեղ կողմերի, ռազմավարական օբյեկտների խոցելության մասին ամեն ինչ եւ լայն ծավալով բարձրաձայնվում է: Երբ ողջ լրահոսն ուղղակի ընթերցողին հասցնելու, կամ դրանք մեկնաբանությամբ հանրությանը հասանելի դարձնելու հետեւից ես ընկնում, խորքային առումով այդ բոլորի վտանգավորությունը չես նկատում: Բայց երբ մի պահ կանգ ես առնում, գիտակցում ես, թե մինչեւ ո:ւր են մերկացնում մեզ իրենց քաղաքական գործիչ ու վերլուծաբան անվանող շատերը, որոնք, անշուշտ, ոչ միայն այս կամ այն քաղաքական ուժի ածանցյալն են սովորաբար, այլեւ տարածաշրջանային խաղացողներից եւս տարբեր ադեցությունների են ենթակա / օրինակ, ռուսամետ կամ արեւմտամետ հանրային մարդիկ իմպուլս կարող են ստանալ համապատասխան դեսպանատներից, դրանք տարածել/: Մեկն ասում է, թե արդեն քայլեր են արվում դեպի արեւմտյան վեկտոր, որ դանդաղ կամ ոչ անհրաժեշտ արագությամբ է կատարվում, բայց ակնհայտ է, որ Փաշինյանը հայացքն ուղղում է արեւմուտք: Իրո՞ք: Ռուսներին եք հրավիրո՞ւմ խելքի բերելու հայերին: Մի ուրիշն ասում էՙ ռուսները տարածաշրջանից դուրս եկանՙ կորած ենք, նրանք են մեր սահմանները պաշտպանում. Ու դա ապացուցելու հմար մեր վայ-գործիչները ցույց են տալիս բոլոր խոցելի սահմանային կետերը, նշմար տալով թշնամուն, որն այդպիսով հաշվարկում է, թե օգտվելով տարբեր հանգամանքներից, ե՞րբ հարձակվի:Դիցուքՙ սեպտեմբերի 17-19-ին, երբ ռուսների գլուխը խառը կլինի Պետդումայի ընտրություններով եւ անհրաժեշտ հրամանը սեփական խաղաղապահներին միգուցե կուշացնի: Եւ այլն: Այ անկրկնելիներ, սեփական պատրոններին գոհացնելու մարմաջով տոգորվածՙ իքնամոռացության մեջ մի ընկեք, կամ հայտնի դառնալու ճիգով անվտանգության առումով վտանգավոր ակրոբատիկ թռիչքներ մի արեք, մի քիչ էլ գոնե այն երկրի մասին մտածեք, որը ձեզ մարդամեջ է հանել: Իսկ դե խորհրդարանը պարզապես դարձել է անվտանգային առումով հարկավոր նվազագույն դասընթացները չանցած մարդկանց /գոնե նրանց մի մասի առումով/ հավաքատեղի, փաբ, որտեղ միմյանց ոչնչացնելու խոսքի թվախեղդի ու փաստախեղդի մեջ հառնում է չպաշտպանված սահմաններով, տնտեսության բազմաթիվ խոցելի ոլորտներով եւ կոմպրոմատների տակ կքած քաղգործիչներով Հայաստանը, որպես տեղեկությւոնների շտեմարան օտարերկյա հատուկ ծառայությունների համար: Բանակի թվեր, սահմանային բաց մասեր, զինվորի վատ սնունդ, ջուրը թունավորելու հրավերՙ էլ ինչ ասես խորհրդարանում հնչել է անցած տասն օրում, որտեղ պատգամավորների մի մասը, իրենց ցածր գիտակցությամբ միմյանց ոչնչացնելովՙ ոչնչացնում են Հայաստանը: Եթե վստահեինք իշխանությանըՙ ապա չէինք պահանջի նրա ամեն քայլի գաղտնաերծում, որն անմիջապես արտաքին ուժերի կողմից արագ հակաքայլերի մշակման տեսանկյունից խոցելի է դարձնում այդ քայլերւ: Սակայն 44-օրյա պաըերազմի ողջ ընթացքը մեզ ստիպում է չվստահել ոչ իշխանությանը, ոչ էլ որեւէ ուժի, անվերջ մղելով հասկանալու բոլոր հնարավոր քայլերը եւ ժամանակին այդ քայլերը խափանելու միջոցներ գտնել: Բայց ախր բոլոր դեպքերում արտաքին ուժերն ու հենց թշնամին մեր ներսի տեղեկատվության տիրապետման առումով ավելի առաջ է, ու ավելի շուտ է իր հակաքայլերը իրացնում: Ահա եւ ստացվեց անելանելի վիճակՙ խոսում են, վարկածներ եւ լուծումներ են առաջադրումՙ թշնամին է շահում, չխոսեն ու շատ բան գաղտնի մնաՙ էլի թշնամին է շահում, քանի որ վստահ չենք նաեւ իշխանության հայանպաստ լուծումներից չնահանջելու վրա: Ինչով է զբաղված ԱԱԾ-ը, հետաքրքրական է, օրինակ Նաիրի Հոխիկյանի բացահայտումնե՞րն էին վտանգավոր, թե մի շարք պետական նշանակության գաղտնիքներիՙ մասամբ կամ ամբողջական քողազերծումը խորհրդարանում, որտեղ նույնիսկ զոհվածի հայր Գեղամ Նազարյանն է դա նկատում ու զգուշացնում, իսկ իրենց ձայնի հնչողության հմայքին տրվածներըՙ ոչ: Կամ որ որեւէ քաղգործիչ ասում էՙ Փաշինյանը գնում է ՆԱՏՕ /այսինքն թեՙ ռուսական ազդեցությունից դուրս է գալիս/, ու դրանից հետո ռուսական համապատասխան կառույցը պետք է որ համապատասխան լրացուցիչ բզբզոց սկսի մեր պետկառույցների դեմ , մեր անվտանգությունը սա նկատի առնո՞ւմ է: Է, ավելի շատ վնաս տվյալ քաղգործի՞չն է հասցնում երկրին, թե՞ թշնամու պրոֆեսիոնալ գործակալը: Երկրների արտաքին քաղաքականությունների անվտանգային բաղադրիչը պահանջում է քայլերի գաղտնիություն, անգամ իրականության ժխտում: Պատերազմի մեջ ենք, ամեն մեկը, որ բերանը բացում է, պետք է ելնի դրանից: |