ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ. ԳՈՒՑԵ ՀԻՄԱ՞ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Եվրոպայում 6,5 միլիոն մարդ ապրում է երկրներում, որոնք աշխարհի ճանաչված պետությունների կարծիքով «գոյություն չունեն»: ԽՍՀՄ-ի եւ Հարավսլավիայի փլուզմամբ 21 նոր, անկախ երկիր հիմնվեց, իսկ տասնյակից ավելի ազգային խմբերի ինքնորոշված երազը չիրականացավ, գրում է vice-ի մեկնաբան Ռոբերտ Օ՛Քոննորն ՙ օգոստոսի 20-ի իր հրապարակման մեջ առաջինն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին: «2020-ին ԼՂ-ում հակամարտությունը վերաբռնկվեց, երբ ադրբեջանական զինուժը Թուրքիայի սատարմամբ տարածքներ գրավեց», գրում է vice-ըՙ այդուհետ ներկայացնելով զրուցակից Սարո Սարյանի խոսքը: «2020-ից, Շուշիում մեր տունը հարկադրաբար լքելուց ի վեր փախստական է մեր ընտանիքը: Դրանից առաջ 1988-ին Բաքվից էինք փախելՙ հակահայկական վայրագության զոհ չդառնալու համար: Կարծես ամբողջ ժամանակ վիրահատվում ես, որոշ ժամանակ հետո ցավին ընտելանում ես, էլ վախ չես զգում: Մազոխիզմ է», Շուշիի երկրաբանական թանգարանի նախկին ղեկավար Սարյանի պատկերավոր բացատրությունն էՙ իրենց հոգեբանության նկարագրությունը: «Պատերազմից առաջ զգում էինք, որ դամոկլյան սուր է ճոճվում մեզ վրա: Բայց մեր երեխաների մեջ ատելություն չէինք սերմանում ադրբեջանցի հարեւանների հանդեպ: Հայոց մշակույթն արտացոլված է մեր կերտած քաղաքների, թանգարանների, եկեղեցիների, բանակի մեջ: Մենք Բարձրյալին հավատում էինք: Հիմա դժվար է վերստին հավատալը: Միջազգային ճանաչումը մեզ առավել անվտանգություն կտար: Ինչու՞ դա մինչեւ հիմա չեղավ»: |