RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3175, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓԱՌԱՏՈՆ ՀԱՄԵՄՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Լոռու մարզի Ախթալա քաղաքն իր դռներն էր բացել խորավածասերների համար: Խորովածի փառատոնը իրական տոն է, որն անցկացվում է բնության գրկում, լեռնային տեղանքում, որն էլ գրավում է թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին: Օգոստոսի 22-ին Ախթալայում տեղի ունեցավ ավանդույթ դարձած Խորովածի համահայկական 12-րդ մրցույթ- փառատոնը, որի մասնակիցների թիվը հասնում էր 40-ի:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ զրույցում ասում է. «Փառատոնի նպատակն է գրավել հատկապես զբոսաշրջիկների ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնել հայկական խոհանոցի նկատմամբ ու դրանով ավելի ակտիվացնել մարզի սննդի կենտրոններ, ռեստորաններ այցելությունները»:

Խորովածի փառատոնը եւս մեկ առիթ էր մեկ տեղում հավաքվելու համար: Այստեղ ներկա էին հասարակության տարբեր շերտեր, ինչպես նաեւ զբոսաշրջիկներ արտերկրից:

Փառատոնի ընթացքում քաղաքի լավագույն ռեստորաններն ու խոհարարները հյուրերին հիացրին խորովածի պատրաստման իրենց գաղտնիքներով:

«Առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին եւ ոգեւորությունս շատ մեծ է: Պատրաստածս խորովածը մյուսներից տարբերվում է օգտագործվող սոուսներով, որոնք ինքս եմ պատրաստում»,- մեզ հետ զրույցում ասում է Կոլյա Բալյանը , ապա ավելացնում, որ փառատոնին մասնակցելը արդեն իր համար առաջըթաց է, իսկ սպասելիքներըՙ շատ:

Փառատոնը հրաշալի հնարավորություն է տալիս տարբեր կազմակերպություններին մասնակցել եւ միեւնույն ժամանակ հասարակության համար ճանաչելի դառնալ: Փառատոնի ընթացքում անցկացվեց մրցույթ երեք անվանակարգերումՙ «Լավագույն համ», «Լավագույն տեսք» եւ «Լավագույն մտահղացում»:

Փառատոնի անցկացման գործում ներգրավված էին նաեւ մի շարք կամավորական թիմեր եւ հասարակական կազմակերպություններ, որոնք հայերեն եւ օտար լեզուներով հյուրերին ներկայացնում էին տաղավարների գործունեությունն ու ցուցանմուշները:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Հայ ընկերներիցս լսել եմ, որ հայկական խորովածը ամենահամեղն է, եւ երբ տուրիստական ընկերությունից առաջարկեցին ուղղություն դեպի Ախթալա մասնակցելու խորովածի փառատոնինՙ միանգամից համաձայնեցի: Կարող եմ ասել, որ մասնակցելով այս փառատոնին զգացի Հայաստանի համը եւ վստահ ասում եմ, որ հաջորդ տարի ընկերներիս հետ եմ վերադառնալու Հայաստանը նորովի բացահայտելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս զբոսաշրջիկը:

Էլ ինչ խորոված առանց հայկական երգ-երաժշտության ու պարերի: Փառատոնն ուղեկցվում էր Adana Project ռոք խմբի հայկական ժողովրդական երաժշտության ժամանակակից մատուցմամբ, ավելի գեղեցկանում ու ներկայանալի դառնում հայկական ժողովրդական պարերով:

Պետք է նշել, որ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Ուտելիքի համաշխարհային ատլասի» վարկածով ճանաչվել է հայկական ամենահայտնի ուտեստներից մեկը:

Ասում ենՙ խոհանոցը կարող է ստիպել մարդուն սիրել տվյալ ուտեստի հայրենիքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ