ԵՐԲ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՉԷ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Հայաստանի հանրապետության կայացման, առավել եւս զարգացման առաջնահերթություններն այնքան անորոշ են, որ թվում է դրանց իրականացմանն անզոր է օգնել անգամ իշխանությունների չափից անդին լավատեսությունը: Թե ինչու է հանրության որոշ մասն այսկերպ մտածում, պարզից էլ պարզ է. հայաստանաբնականերն աշխարհի չորս կողմերում ժամանակվորապես թե հիմնավորապես հաստատված բարեկամներ ու հարազատներ ունեն, ովքեր ու իրենց շրջապատը որեւէ հատուկ ջանք չեն գործադրում առօրյան բարեփոխելու ուղղությամբ, սակայն գոհ են ապրած ու անցկացրած օրից ու ժամանակից: Մեզանում չգիտես ինչու այդպես չի ստացվում. թե սեփական գործ ունեցող փոքր ու միջին գործարարները, թե պետական հաստատությունների մինչեւ միջին օղակների հարյուր հազարավոր պաշտոնյաները հավաստում են, որ... ապրելը շատ է դժվար, անվերջ շարունակվող գների ու ծառայությունների աճը լավատեսության տեղ չի թողնում: Օրվա իշխանություններն այս վիճակից մեկ հիմնական բացատրություն ունենՙ Հայաստանի հանրապետության տնտեսությունը պետք է արտահանման կողմնորոշում ունենա: Ավա՜ղ, այսքանով հարցն ավարտվում է, քանզի խնդիրը չի մանրամասնվում, չի տեղայնացվում, չի կոնկրետացվում: Ընդհանուր մոտեցումն ու պատկերացումն այն է, որ ներկայիս մոտ 4 մլրդ ներմուծման ու 2 մլրդ արտահանման տեղերը փոխելով ու շարունակական աճ ապահովելով դեպի երկիր դոլարային հոսքերը կաճեն, որն էլ կայացման ու զարգացման երաշխիք է: Այսպիսին է տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի մոտեցումը, որը տարօրինակորեն թե ցավալիորեն մինչ այժմ դրական տեսանելի արդյունք չի ցուցադրել: Փորձենք ներկայացնել երկրների վիճակագրություններ, որոնք չեն տեղավորվում մերոնց կողմից մշակված ու ներդրվող հիշատակված մոտեցումներում: Առաջինը ծանոթանանք երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի ցուցանիշներին, որոնք վերցրել ենք այս երկրում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2021» տեղեկատուից: ԱՄՆ-ի ներմուծումն ու արտահանումը, որը առեւտրային հաշվեկշիռ է համարվում, 1780-1880 թվականներին բացասական է եղել, սկսած 3 մլրդ դոլարից մինչեւ 60-70 մլրդ դոլար: 1880-ից սկսած մինչեւ 1980-ը այն դրական է դարձել, սկսած մոտ 170 մլրդ դոլարից նվազելով մինչեւ մի քանի մլրդ դոլարի: Սկսած 1980-ից, երբ նախագահ դարձավ Ռ. Ռեյգանն ու սկսվեց ռեյգանէկոնոմիկայի շրջանը, ներմուծումը սկսեց գերազանցել արտահանմանը, 20 մլրդ բացասական հաշվեկշռից տասնամյակի ընթացքում հասնելով 80 մլրդ դոլարի: Հաջորդ նախագահներից եւ ոչ մեկը չհրաժարվեց տնտեսական այս քաղաքականությունից, որի արդյունքում ԱՄՆ-ի առեւտրային հաշվեկշիռը բացասական է մինչեւ օրս, 20 մլրդ դոլարից 2005 - 2008 թվականներին հասնելով 700 մլրդ դոլարի, վերջին տարիներին կայունանալով 600 մլրդ դոլարի մոտակայքում: Պետք չէ տնտեսագիտական խորը ու կայուն գիտելիքներ ունենալ համոզվելու համար, որ 40 եւ ավելի տարիներ շարունակվող առեւտրի բացասական հաշվեկշիռը որեւէ ձեւով չի խոչընդոտել ԱՄՆ-ի կայացմանն ու զարգացմանը: 1980-ի 3 տրիլիոն դոլարի չհասնող համախառն ներքին արտադրանքը 2019-ին հասել է 21,4 տրիլիոն դոլարի, որոշ տասնամյակների կրկնապատկվել, որը թռիչքաձեւ զարգացում է համարվում: Համանման բացասական առեւտրային հաշվեկշիռների ենք հանդիպում եվրոպական առաջատար երկրների վիճակագրությունում, անգամ Ճապոնիայի պարագայում: Թե ինչու է ձեռնտու առեւտրային նման քաղաքականությունը, մասնագետների ուսումնասիրման եւ բացատրության խնդիրն է, որը մեզանում, թող ներվի լրագրողիս, չի առանձնանում: Տարիներ շարունակ խոսվում է մեր երկրում յուրօրինակ Դավոս կազմակերպելու անհրաժեշտությունից, որն այդպես էլ իրականություն չի դառնում: Ամեն ինչ ավարտվում է ՀՀ վարչապետների բուն շվեյցարական Դավոս այցելելով, որպիսի փաստ ունեցանք 2019- ին Ն. Փաշինյանի կողմից: Վստահ չեմ, որ արտահանումը գերակա խնդիր դիտարկելու գաղափարը նման այցերի արդյունքում է կազմավորվել: Փորձեմ ասելիքս, թող որ սիրողական մակարդակով, հիմնավորել հետեւյալ օրինակով: Հաճախ է խոսվում հայկական գինու համաշխարհային պահանջարկից, այն դիտարկվում է հայկական բրենդներից մեկը: Երբ նշվում են հարեւան Վրաստանի ու մեր գինեգործների արտադրանքի ցուցանիշները, մեր թվերը արտառոց համեստ են: Նկատենք, որ վրացիները հայտնի են իրենց գինին սպառելու առումով, երբ մենք գինի հազվադեպ ենք օգտագործում, թեեւ հիշատակվում են գինեգործության դարավոր ավանդույթները: Առայժմ փաստ է, որ վերջին մի քանի տասնամյակներին խաղողի այգիները կտրուկ պակասել են եւ ըստ իրականացվող հաշվառումներիՙ ներկայում կազմում են մոտ 12 հազար հեկտար: Հիշենք օրինակ Ոսկեվազի համայնքապետի հեռուստատեսային ասուլիսը, որտեղ նշվեց, որ գյուղի երբեմնի 250 հեկտար խաղողի այգիներից հիմա հազիվ 7-8 հեկտարն է նմացել: Ըստ բերքատվության 10 տոննա միջին ցուցանիշի 12 հազար հեկտար այգիներից կարելի է ակնկալել 120 հազար տոննա բերք, որն ամբողջությամբ գինի ստանալու նպատակով վերամշակելու պարագայում կունենանք 75 հազար տոննա հյութ, 1 բնակչի հաշվով մոտ 25 լիտր գինի: Ընդունենք, որ ոգեւորող ցուցանիշ չէ, հատկապես եթե ՀՀ-ում կյանքի մակարդակը փոխվի եւ մենք էլ սկսենք առօրյայում գինի վայելել: Ցավոք, այս առումով մեր ակնկալիքները համեստ են, կապված խմիչքի գնի, որակի, մատչելիության առումներով: Խաղողի մթերման գինն այն չէ, ինչ սպասում է խաղողագործը, որը պայմանավորված է մի շարք խնդիրներով: Այգին 7-8 անգամ ջրել է պետք... Երբ մի առիթով ավստրիացի խաղողագործի նման հարց ուղղեցի, նա ընդամենը երկնքից թափվողը նշեց: Երկրորդը խաղողաթաղն է, որը նույնպես երկիր մոլորակի որեւէ հատվածում չի իրականացվում: Հաջորդը սեփական հումքը սեփական ուժերով վերամշակելն է, որի արդյունքում աշխարհի չորս կողմերի խաղողագործները ահռելի քանակների տարիներով հնեցրած արտադրանք ունեն, կայացած տնտեսվարներ են: Հիմնական հոգսը վայելք պարգեւող հեղուկի իրացումն է, որը կատարվում է ամենատարբեր միջոցներով, սկսած շուկաներում այն վաճառելով, սրճարաններ ու ռեստորաններ հիմնելով, վաճառքի կոոպերատիվներ կազմակերպելով: Պարզ է, որ այս բոլորը աշխատատեղեր են, մատուցվող ծառայություններ, հարկային մուծումներ, առօրյայի այն մակարդակը, որի հանդեպ մենք հարգանք ու պատկառանք ունենք: ՀՀ տնտեսվարական միտքը պատրա՞ստ է երկիրն առաջնորդել այսպիսի ուղղությամբ, քանզի ծրագրային փաստաթղթերում խոսվում է առաջիկայում, մինչ 2050 թվականը ՀՀ-ում կյանքի որակը էականից արմատապես փոխելու անհրաժեշտության մասին: Կրկնեմ. թող որ սիրողական մակարդակով քննարկվող հարցի պարագայում պահանջվում է խաղողի այգիների տարածքները հասցնել 40-50 հազար հեկտարի, 1 բնակչի հաշվով գինու արտադրությունը հասցնել 50-60 լիտրի, այն վայելել երկրի ներսում, նաեւՙ զբոսաշրջիկներին, ժամանող գործարարներին հրամցնել: Հիշենք նաեւ, որ խաղողը մեր սեղաններին է անհրաժեշտ, այս պտղից նաեւ չամիչ է պատրաստվում, հյութ է ստացվում, իմ ուսանողության տարիների անմոռաց ըմպելիքը, բաժակը 10 կոպեկ: Չմոռանանք քացաղի, օղու եւ իհարկե կոնյակի մասին: Տեսար այս ամենի արդյունքում ՀՀ առեւտրային բացասական արդյունքի կողմը նայող էլ չկա, որպիսի մտահոգություն չունեն երկիր մոլորակի կայացած ու զարգացած տնտեսություն ունեցող շատ պետություններ: Այսկերպ են երկրների ընդամենը մեկ ոլորտի մեկ ճյուղում հարյուրավոր միլիոնների, ինչու ոչՙ միլիարդավոր դոլարների համախառն ներքին արդյունքներ ստեղծվում ու կուտակվում, խնդիրները լուծվում, երբ հակառակը չգիտես որտեղից հայտնվող գերխնդիրներն են, դրանք հաղթահարելու գերմարդկային ջանքերը, անհեթեթ արդարացումները, ժամանակի կորուստը, որը երբեւէ չի ներվում: Եվՙ ստացվում է բացասականը միշտ չէ որ բացասական է: 24.08.2021 թ. |