RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2021-08-12 > #030, 2021-08-19 > #031, 2021-08-26 > #032, 2021-09-03 > #033, 2021-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021



Տեղադրվել է` 2021-08-25 22:46:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3194, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂ, ԵՐԲ ԱՐՀԱՄԱՐՀՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Օգոստոսի 23-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի վճիռը եւ բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բկ նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը եւ կայացրեց բժշկին մեկ ամսով կալանավորելու որոշում:

Որոշման հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքը հայտարարեց, թե Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը , կատարելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը, որոշեց իրավական ամենաթողությամբ կալանավորել մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարգաքիծ դրսեւորած Արմեն Չարչյանին:

«Կալանքըՙ որպես միակ խափանման միջոց քաղաքական գործերով դիտարկելու ձեւ, այս իշխանության կայուն ձեռագիրն էՙ խախտելով սահմանադրական եւ իրավական սկզբունքները մարդու ազատության իրավունքի վերաբերյալ:

Նշվածը պայմանավորված է մեկ անձի ծայրահեղ վախերով:

Անկախության հռչակագրի օրը մեր անկախության դեմ պայքարող իշխանությունները «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի որոշել են պահել պատանդի կարգավիճակում: Մեր արձագանքն այս ապօրինություններին լինելու է համարժեք»,- նշված է դաշինքի հայտարարության մեջ:

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանիՙ կառավարության ծրագրերը ներկայացնելուց առաջ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պահանջեց, որ գլխավոր դատախազը ներկայանա Ազգային Ժողով եւ բացատրություն տա:

«Քաղաքական իշխանությունների կողմից կալանավորվեց մեր գործընկեր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, դատավորի վարքագիծը պետք է արժանանա համապատասխան իրավական գնահատականի»,- հայտարարեց նա:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի ղեկավար Թագուհի Թովմասյանը եւս հայտարարեց, որ պատգամավոր Արմեն Չարչյանի ձերբակալման համար գլխավոր դատախազը պարտավոր էր ներկայանալ Ազգային ժողով եւ ստանալ օրենսդիր կառույցի համաձայնությունը, նաեւ լսեր նրան, ում նկատմամբ ընտրվում է խափանման միջոց կալանավորումը:

Սահմանադրության 96-րդ հոդվածն է խախտվել, պատգամավորական անձեռնմխելիության հարցն է շրջանցվել: Նշենք, որ Սյունիքի համայնքապետեր Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի նկատմամբ նույն ապօրինություններն են կիրառվել:

«Այս շաբաթ պատգամավորները մտադիր են այցելել նրանց եւ պարզել հետաքննության վիճակը: Այնուամենայնիվ, գլխավոր դատախազի ժամանումը մնում է օրակարգում, որպեսզի անձեռնմխելիության ինստիտուտը, որպես այդպիսին, չզրոյանա»,- նշել է Թագուհի Թովմասյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն արձանագրում է, որ պատգամավորի անձեռնմխելիություն ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած նմանօրինակ որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում եւ խայտառակ ապօրինություն, որն իրավաչափ չէ եւ հակասում է ՀՀ օրենքներին:

«Վերաքննիչ դատարանն, առանց Ազգային ժողովի համաձայնության, որոշում է կայացրել կալանավորել 21 օր առաջ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանին:

Քանի դեռ չկա Արմեն Չարչյանին ազատությունից զրկելը թույլատրելու մասին Ազգային ժողովի որոշում, որեւէ պետական մարմին, այդ թվումՙ քրեակատարողական ծառայությունը, չի կարող կատարել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը», - ասված է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

Կենտրոնի մասնագտները նշել են, որ այս դատական ակտը չի կարող հանգեցնել դատավարական հետեւանքների:

Արմեն Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից:

«Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ»,- հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը :

Փաստաբանական իր ամբողջ գործունեության ընթացքում նա առաջին անգամ սեփական ձեռքերով իր պաշտպանյալին ուղեկցել եւ ներկայացրել է քրեակատարողական հիմնարկ:

«Ցանկանում եմ, որ բոլորը շատ հստակ մի բան ֆիքսենՙ ոչինչ չի մոռացվել ու ոչ ոք չի մոռացվելու: Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն»,- ասել է Ալեքսանյանը:

«Վարդաշեն» ՔԿ մուտք գործելուց րոպեներ առաջ Արմեն Չարչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն կալանավորելու համար Դատախազության ներկայացրած երկու հիմքն էլ այլեւս գոյություն չունի, ուստի իրեն կալանավորելու որոշումն ապօրինի է. Ինքն այլեւս «Իզմիրլյան» բկ-ի տնօրենը չէ, այլ պատգամավոր է: «Երկրորդ հիմքն առ այն, որ եթե ես կարող էի ազդել ցուցմունք տված անձանց վրա, ապա ցուցմունքներն արդեն տրված են, բայց իրենք ասել են, որ ձայնագրությունն են հիմք ընդունելու: Ազդեմ, թե չազդեմ ցումունք տվողի վրաՙ հիմք չեն ընդունում, հետեւապես, երկու հիմքն էլ չկա: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է հարգարժան դատավորն ինձ կալանավորելու որոշում կայացրել»,-հարց է հնչեցրել նա:

Պատգամավորն ասել է, որ դատարանի նման որոշումն իր համար սպասելի էր, որոշումՙ կայացված ոչնչի վրա, գործՙ կառուցված ոչնչի վրա:

«Պատճառը միայն այն, որ ես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ եմ»,- հավելել է Արմեն Չարչյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ