ՊԱՏՎԱՍՏՎԵԼՈՒ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇԵՄԻՆ Ն. Յ. Նոր ուսումնական տարին կսկսվի ոչ այնքան լարված պայմաններում, ինչպես անցյալ տարի էր: Առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարությունները եկել են համաձայնության, որ ուսուցումն անց կացվի առկա եղանակով: Եթե անգամ դասարաններում աշակերտների թիվը 20-ից ավելի լինի, սահմանափակումներ չեն գործի. Նոր ուսումնական տարում աշակերտները կհաճախեն դպրոց ամեն օր, ոչ թե անցյալ տարվա նմանՙ օրումեջ: Կգործեն նաեւ արտադասարանական պարապմունքներ, կվերականգնվի դպրոցական ճաշարանների աշխատանքը: Սակայն այս ամենն ուղեկցվելու է հակահամաճարակային կանոնների պահպանմամբՙ դիմակներ, ախտահանում: Միայն այն դեպքում, երբ դպրոցներում կորոնավիրուսով վարակվածների թիվը 10 տոկոսը կգերազանցի, ստիպված կլինեն անցնել առցանց ուսուցմանՙ երկու շաբաթով: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նկատել էՙ ուսուցիչների պատվաստումը խրախուսելի է, բայց պարտադրանք չկա: «Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայցնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան»,- իր հերթին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը : Ակնհայտ է, որ թեսթի բացասական պատասխանի պարբերական պահանջը պատվաստվելու անուղղակի պահանջ է: Մեկ թեսթ հանձնելն արժե 15.000 դրամ: Ամսական երկու թեսթի համար պետական համակարգի աշխատողըՙ ուսուցիչը, դասախոսը, պետք է վճարի 30.000 դրամ, ինչն անհավանական է: Ուրեմն եւ առաջին իսկ թեսթի պահանջին նախորդելու է ինքնակամ, պարտադրված պատվաստվելը: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հիվանդանոցային մահճակալների ծավալները մեծացրել են, քանի որ «Դելտա» շտամով վարակման դեպքերը ոչ միայն շատացել են, այլեւ հիվանդությունն ավելի արագ է զարգանում ու ծանր ընթացք է ունենում: Կորոնավիրուսը երիտասարդացել է. մինչեւ 50 տարեկան պացիենտների հոսպիտալացման դեպքերը հաճախակի են դարձել: «Ես իմ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել եմ 22 եւ 28 տարեկան երկու երիտասարդների մասին, որոնք վերակենդանացման բաժանմունքում ենՙ միացված շնչառական սարքերին: Այս շտամի դեպքում համի եւ հոտի զգացողությունները չեն վերանում, փոխարենը հիվանդությունն ուղեկցվում է սուր հարբուխով: «1000-ից ավելի պացիենտներ այսօր օգտվում են հիվանդանոցային բուժօգնությունից: 60 հետազոտությունից 50-ը «Դելտա» շտամ է, որն ագրեսիվ է եւ ճնշել է շրջանառվող մյուս շտամերը, այդ թվումՙ անգլիականը»,- նշել է նախարարը: Հիշեցնենք, որ մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 250 հազար պատվաստում: |