ԱԺ ՆԻՍՏԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ԵՎՍ ՃԻՇՏ ՉԷ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի «Ազգ»ի առաջատար լրագրող, մեր գործընկեր Մարիետա Խաչատրյանը թերթի կայքէջում ամսի 16-ին հրապարակված «Բերանը բացելիս մտածեք» հոդվածում անվտանգային առումով կարեւոր հարց է արծարծել: Խոսքն այն մասին է, որ մեզանում այսօր տարբեր հարթակներում, ասուլիսներում, հարցազրույցներում մեր երկրի ներքին ու արտաքին կյանքի տարբեր կողմերին վերաբերող հաճախ անհարկի մանրամասներով տեղեկությունների հրապարակումը Հայաստանը դարձրել է բաց գիրք արտաքին բոլոր հատուկ ծառայությունների համար, դրանից բխող բոլոր վատ հետեւանքներով: Ու սրա անունը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարություն, իրազեկում, թափանցիկություն եւ այլն: Նորություն չէ, որ աշխարհում հռչակված գեղեցիկ կամ այդպիսին թվացող շատ գաղափարներ, կարգախոսներ հաճախ իրենց մեջ նաեւ թաքնված վտանգներ ունեն, մանավանդՙ դրանց ոչ չափավոր ու անխելամիտ գործադրման դեպքում: Անգամ դրանք գերակա հռչակած հզոր երկրներն այդ գաղափարները գործի են դնում այն չափով, որչափով դրանք չեն վնասում կամ հակասում տվյալ երկրի ազգային շահերին: Դեռ խորհրդային տարիներին մեզ նախ դպրոցի ավագ դասարաններից որոշ սկզբնական, իսկ բանակում արդեն հստակ պատկերացում էին տալիս ու պահանջ ներկայացնում պետական եւ ռազմական գաղտնիքի, դրա պահպանման առումով: Ինքս տասնամյակներ առաջ ժամկետային զինծառայություն անցած լինելով ժամանակի գաղտնի զորամասերից մեկում, արդեն այս տարիներին համացանցի մի հատուկ կայքէջում հեռակա կապ հաստատելով նույն զորամասի տարբեր տարիների ծառայողների հետ, անգամ նրանց գրում էի ոչ բաց տեքստով, չնայած վաղուց ո՛չ զորամասը կա, ո՛չ գաղտնիքը... Ժամանակի դաստիարակությունը թույլ չէր տալիսՙ անգամ այս պարագայում: Իրոք ինչպիսի՞ն պետք է լինի այսքան մարտահրավերների, մշտական թշնամական վտանգի առջեւ կանգնած մեր երկրում տարբեր ռազմավարական եւ այլ տվյալների, տեղեկությունների գաղտնիության պահպանման վիճակն առհասարակ: Այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվո՞ւմ է գոնե հրապարակային լսարան ունեցող մարդկանց, տարբեր պետական աշխատողների, պատգամավորների եւ այլոց շրջանում: Թվում էՙ այս հարցերի մասին մտածելու բան հաստատ կա: Ինչպես եւՙ հետեւյալի մասին: Հայաստանի խորհրդարանը, կառավարությունը այն տեղերն են, որոնցում քննարկվում են երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները, առկա բացերն ու վտանգները, մտածվում են այդ խնդիրներին, մարտահրավերներին, վտանգներին դիմակայելու ուղիներ, ծրագրեր, հրապարակվում են ամեն տեսակ տեղեկություններ... Միշտ զարմանալու տեղիք կա, թե ինչո՞ւ են Ազգային ժողովի կամ, մասամբ, կառավարության նիստերն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվում, սկզբից մինչեւ վերջ: Մի կողմից ինչ-որ տեղ կաշկանդող կամ ոմանց էլ ամբոխահաճությանը ծառայող, մյուս կողմից մեր բոլոր գաղտնիքները, խոցելի տեղերն ու հնարավոր քայլերն ում ասես ի ցույց դնելով... |