ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԱՇՆԱԿԻՑԴ Է... «Ազգ» Շատեր ճիշտ են նկատել. Սփյուռքում կան մարդիկ, որոնք մեզնիցՙ հայաստանաբնակներիցս ավելի աչալուրջ հետաքրքությամբ են հետեւում հայաստանյան ներքին իրադարձություններին, անգամՙ տարբեր առիթներով արտասանված խոսքերի մանրամասնություններին: Եվ դա լավ է, մանավանդ եթե տվյալ անձը ասպարեզով լրագրող է, այս պարագայումՙ խմբագիր: Իրադարձություններին ուշադիր հետեւելու նման օրինակ է ցույց տվել Բեյրութում հրատարակվող ՌԱԿ 84-ամյա պաշտոնաթերթ «Զարթօնքի» պատասխանատու խմբագիր Սեւակ Հակոբյանը, որը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության խոսնակ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանին եւ նրա ուշադրությանը հանձնել վերջերս Հայոց խորհրդարանում ի պաշտպանություն իր թիմակից պրն Իշխան Սաղաթելյանի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի առաջադրման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում թույլ տված պատմագիտական կոպիտ սխալը, որը չի արդարանում, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է դաշնակից կուսակցությանը... Վերոհիշյալ ելույթում գեներալ Ս. Օհանյանը, ինչպես կարդում ենք «Զարթօնքի» օգոստոսի 9-ի համարում, ՀՅԴաշնակցությանը որակել է իբր «մեր պատմության ամենահին ավանդական քաղաքական ուժ», որը «Զարթօնքի» խմբագիրը առաջարկել է սրբագրել: Մեր հերթին, որեւէ տեղ չհանդիպելով նման սրբագրմանը, հարգարժան գեներալի ուշադրությանն ենք հանձնում պատմական փաստը, որ ՀՅԴաշնակցություն կուսակցությունից առաջ մեր ժողովրդի ազգային-քաղաքական կյանքում ծնունդ են առել ու գործել երկու կուսակցությունՙ Արմենական կուսակցությունը 1885 թ.ինՙ Արեւմտահայաստանի մայրաքաղաքը համարվող Վանում, Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը 1887 թ.ինՙ Ժնեւում, իսկ ՀՅԴաշնակցությունը 1890 թ.ինՙ Թիֆլիսում: Իսկ ինչ վերաբերում է ավանդական մեր մյուսՙ Ռամկավար Ազատական կուսակցությանը, այն պաշտոնապես հիմնադրվել է 1921 թ.ինՙ Կ. Պոլսում, Արմենական կուսակցության վերապրող անդամների, Վերակազմյալ Հնչակյան, Ազատական-Ազգայնական եւ Սահմանադիր Ռամկավար Կուսակցությունների համաձուլումից: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Արմենական կուսակցությունն է եղել կազմակերպիչը 1896 թ.ի Վանի հերոսական առաջին ինքնապաշտպանությանը, իսկ երկրորդիՙ 1915-ի ինքնապաշտպանության ժամանակ Զինվորական խորհրդի (մերօրյա հասկացողությամբՙ ԶՈՒ գլխավոր շտաբի) ղեկավարը եղել է արմենական նշանավոր հայդուկ Արմենակ Եկարյանը: «Ազգ»ի խմբագրությունը պատրաստ է ցանկության դեպքում հարգարժան գեներալին տրամադրել համապատասխան գրականություն: |