ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ԳՆԱՃԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԻՐ ԲՆԱԿԱՆՈՆ ՀՈՒՆՈՎ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ Հայաստանում գործազրկության մակարդակի բարձրացմանը զուգահեռ աճում են նաեւ պարենային եւ ոչ պարենային մթերքների գները: «Մինչեւ 2021 թվականի տարեվերջ Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի եւ միայն եկող տարվա սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի թիրախային 4%-ին», լրագրողների հետ զրույցում հայտատարարել է Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը: Սպառողական շուկայում 2021թ հուլիսին 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 8,2% գնաճ է գրանցվել, իսկ հունիսին նախորդ տարվա նկատմամբՙ 6,5%: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ մայիսին տեմպերի որոշակի թուլացումից հետո հունիսի-հուլիս ամիսներին գնաճը կրկին արագացել է: Հուլիսին սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 13,5% գնաճ: Հարկ է նշել, որ սեզոնային գործոնների ազդեցությամբՙ սննդամթերքի որոշ խմբերՙ միրգն ու բանջարեղենը, այս տարվա հուլիսին նախորդ տարվա համեմատ էժանացել են: Գնանկում է տեղի ունեցել նաեւ ձեթի ապրանքախմբում, որն էլ պայմանավորված է միջազգային շուկաներում դրա գնանկմամբ: 2021թ հուլիսին 2020թ հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9,6% գնաճ, իսկ այս տարվա հունիսի համեմատՙ 0,2% գնանկում է նկատվել: Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ բենզինի գներն աճել են 2,3%-ով, իսկ դիզելային վառելիքի գներըՙ 1,1%-ով: Իսկ 2020-ի հուլիսի համեմատ բենզինը թանկացել է 56,8%-ով, դիզելային վառելիքըՙ 43,6%-ով: Այս ամենին զուգահեռ բարձրանում է նաեւ գործազրկության մակարդակը Հայաստանում այն 17% է, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրներում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ ԵՏՀ-ի, ԵԱՏՄ երկրներում գործազրկությունը 50,2%-ով նվազել է 3,4% գործազրկությունը 2021 թ հունիսի վերջին դարձել է 1,7%: Հայաստանում 2021թ հունիսի վերջին զբաղվածության կենտրոններում գրանցված է եղել 61,4 հազար գործազուրկ մարդ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նրանց թիվը 2%-ովՙ 1200-ով ավելացել է: Ըստ Հայաստանի Զբաղվածության պետական գործակալության տվյալների, 2021թ հունվարին գործազուրկների մեծ մասը կանայք են: Եվ այսպես կարող ենք ասել, որ գները շարունակաբար աճում են, իսկ գործազրկության մակարդակը բարձրանալով չի զիջում իր դիրքերը: |