ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԸ ԽՕՍԻ ԱՒԵՏԻՍ ԱՀԱՐՈՆԵԱՆ Ազգ, Կռուէ՛ ամբողջութեամբը քու միսերուդ: Եթէ միսերդ ինկան պատառ-պատառ, կռուէ դնդերներո՛վդ, ջիղերո՛վդ, երակներո՛վդ: Եթէ պայքարը զանոնք լափեցՙ կռուէ ոսկորներո՛վդ: Եթէ ոսկորներդ փշրուեցան, կռուէ ծուծո՛վդ: Եթէ ծուծ չմնաց, կռուէ աճիւններո՛վդ: Եթէ ասոնք ալ տարտղնուեցան, կորսուեցան, չքացան, այն ատեն կռուէ՛, ազգ, Հերոսո՛վդ: Շահան Շահնուր, «Թերթիս կիրակնօրեայ թիւը»: «Կռուէ՛, ա՛զգ, Հերոսո՛վդ»: Շահնուրի այս պատգամը այսօր, մանավա՛նդ այսօր, երբ սպառված են թվում ազգային մեր կռվանները, մեր ներուժը, հնարավորություններն անգամ, Հերոսով ու հերոսներով կռվելու, պայքարը շարունակելու խորհուրդն է կրում իր մեջ: Այն էլ այնպիսի Հերոսի, որը մարմնացումն է եղել մեր ազգային անվեհերության, ռազմական հանճարի, արդարամտության, պարկեշտության, քաղաքական խաղերից վեր մնալու, թշնամուն ու թշնամիներին լավ ճանաչելու, նրանց երբեք չվստահելու, նրանցից չխաբվելու եւ մենք մեզ չխաբելու ողջամտության: Զորավար Անդրանիկ: Մեր ազգային հերոսներից, գոնե վերջին 150 տարիների ընթացքում, ոչ ոք ավելի մեծ սիրո եւ հիացմունքի չի արժանացել, որքան նա, հակառակ ժամանակին նրա նկատմամբ եղած հալածանքներին ու մինչեւ օրս որոշ պատմաբանների կողմից հնչող քննադատություններին (ինչո՞ւ չմասնակցեց սարդարապատյան հերոսամարտերին, ինչո՞ւ հետ կանգնեց արցախյան արշավանքից, եւլն): Այո, հենց այս օրերին, երբ ոմանք, նույնիսկ պաշտոնական մարմիններ, Հայոց պետությունը փորձում են հանձնել թուրք-ազերինի ողորմածությանըՙ հանուն «խաղաղ գոյակեցության» ու «տնտեսական բարօրության», կրկին Անդրանիկն է գալիս օգնության, հաստատելով այն միտքը, որ իսկական հերոսները շարունակում են կռվել իրենց մահից հետո էլ, եւ միշտ: *** Այս եւ հետագա համարներում ներկայացնում ենք 1974 թ.ին Լոս Անջելեսում, ՌԱԿ «Նոր օր» պաշտոնաթերթի տպարանում լույս տեսած «Զօրավար Անդրանիկ կը խօսի» գրքույկից հատվածներ, մեր մեծագույն հերոսի դառը փորձառություններից, պատմված իր իսկՙ Անդրանիկի կողմից: Մինչ այդ, ներկա համարում, երեք վկայություն Զորավարի մասին, առաջինըՙ ռամկավար նշանավոր գործիչ, խմբագիր եւ գրող Անդրանիկ Անդրեասյանի, երկրորդըՙ Օսմանյան խորհրդարանի պատգամավոր եւ հետագայում Մ. Նահանգներում Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան Գարո Փաստրմաճյանի (Արմէն Գարօ), իսկ երրորդըՙ նշանավոր գրող, Փարիզում Հայաստանի պետական պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանի ստորագրությամբ: Խմբ. ԱՆԴՐԱՆԻԿՙ Հայ ժողովուրդի ազատութեան մարտիկ Շապին Գարահիսարի սէգ բարձունքերուն վրայ, դեռ նորահաս պատանի, ան իր հոգիէն թօթափեց եաթաղանի բռնակալութեան ու սարսափին շղթան: Եւ իբրեւ ձերբազատ արծիւ սաւառնեցաւ դէպի գերութեան ու տառապանքի մղձաւանջին տակ հեծեծող հայրենի լեռները, դաշտերն ու կիրճերը: Եւ խրոխտ խոյանքով, իր պողպատէ կտուցը, իր հրեղէն մագիլները զարկաւ թշնամի յելուզակներուն, աւերի հրձիգներուն ու արիւնի վամբիռներուն: Երբեմն վիրաւոր, կամ ծուարած անմատչելի ծերպերուն մէջ, երբեմն ցասում մռնչելով եւ ահ սփռելով գիշատիչ ոսոխին դէմ, ան եղաւ, ամբողջ երեսուն տարի, հայ ժողովուրդի ազատութեան կռիւին ու կեանքի գոյամարտին անպարտելի հերոսը, գերբնական խորհրդանիշը: Անդրանի՜կ, - դարերու առասպելէն ժայթքած ու բիւերեղացած մարմնաւոր հրաշք: Իր սրբազան զայրոյթին ու անողոք վրէժին, իր զինակիցներուն հանդէպ տածած խանդակաթ սէրին ու հայրական նուրիումին մէջ, աւելի տարերային ու վսեմ քան Աքիլլէսը, առանց անոր ոխակալ քէնին, առանց անոր խոցելի կրունկին: Եւ բռնութեան դէմ իր մշտավառ ըմբոստութեան, եւ հայոց ազատութեան երազին իր անձնուրաց պաշտամունքին մէջ, Սասունցի Դաւիթի հարազատ անձնաւորումը, ահեղ թշնամիին հանդէպ կանգնած նոյն դիւցազնական հերոսութեամբ,- առանց անոր թռչող նժոյգին ու կայծակէ թուրին: Եւ պատանի Դաւիթի բարեգութ, նոյնիսկ միամիտ պարզութեան դէմ, Անդրանիկ եղա՛ւ դարաւոր ոսոխին վայրագութիւնն ու վատութիւնը ճանչցող, մեր ազգային ճակատագիրին պայմանները ըմբռնող ու լծակները գնահատող առաջնորդը:- Մարտի դաշտին վրայ, անգերազանց ռազմագէտ ու սխրալի զօրական: Հանրային կեանքին մէջՙ անշահախնդիր մատուցող ու ճշմարտախոյզ ղեկավար,- կարծր ու հատու, ինչպէս չտաշուած ադամա՛նդը, որ արդարութեան ոգին ու ճշմարտութեան լոյսը կը ճառագայթէր: Եւ քաղաքական ասպարէզի վրայՙ հեռահաս, թափանցող իմաստութեամբ օժտուած Ոդիսեւսը,- որ ո՛չ մէկ մոլորիչ հովէ քշուեցաւ, եւ ո՛չ մէկ փառքի ու վայելքի հրապոյրէ կարթուեցաւ: Անդրանի՛կ,- մա՜րդ ու հերո՛ս... եւ արդէն կենդանի առասպել, եւ արդէն յաւերժական խորհրդանիշ...: ԱՆԴՐԱՆԻԿ ԱՆԴՐԵԱՍԵԱՆ ՌԱԿ «Նոր օր թերթի խմբագիր Անդրանիկի հեռատեսութիւնը Գարօ Փատսրմաճեանի խոստովանութիւնը Դաշնակցական ծանօթ դէմքերէն հանգուցեալ Գարօ Փաստրմաճեան, որ վարած էր Ուաշինկթընի մէջ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչի պաշտօնը, Երեւանի մէջ ի պատիւ Զօր. Անդրանիկի սարքուած ճաշկերոյթի մը միջոցին հետեւեալ ուշագրաւ խոստովանութիւնը ըրած է. - Յարգելի հայրենակիցներ, այսօր հոս ձեզի խոստովանութիւն մը պիտի ընեմ: Օսմանեան սահմանադրութեան օրերուն, երբ մենքՙ յեղափոխականներս, Կ. Պոլիս կը վազէինք իրարու ետեւէ, Անդրանիկ մեզի ամենուս հետ կը վիճէր, կը խրատէր, որ Կ. Պոլիս չերթանք եւ կ՛ըսէր. «Մեզի բոլորիս համար թուրքերը մեծ եւ խոշոր թակարդ մը լարած են եւ մեզ ամէնքս ալ մէջը պիտի ձգեն»: Բայց մենք անտեսեցինք անոր խրատները եւ «յոռետես» մակդիրով որակեցինք զինք եւ գացինք Կ. Պոլիս եւ գաւառները: 1909ին, երբ պուլկարական կեղծ անցագրով Կ. Պոլիս եկաւ իր հետ բերելով իր սեփական միջոցներով պուլկարահայ գաղութէն հաւաքած 127 ոսկիի գումարը ի նպաստ Սասունի եւ Մուշի դպրոցներուն եւ յանձնեց զայն Դուրեան Սրբազանին ու երկու օր յետոյ վերադարձաւ Եգիպտոս: Ի պատիւ իրեն երբ Թոքաթլեան ճաշարանի ներքնայարկի սենեակներէն մէկուն մէջ հացկերոյթ մը սարքած էին ընկերներ Վարդգէս, Շահրիկեան, ինքս, Ակնունի, Մինասեան եւ ուրիշներ, մեզի հետ երեք ժամ վիճաբանեցաւ Անդրանիկ, թէ «մեծ թակարդ մը կայ, զգոյշ եղէք, եւ այն երիտնսարդներն ալ, որ զինուոր տուիք, այդ պատրուակին տակ պիտի կոտորուին ամէնքն ալ»: Լուսահոգի Ակնունի ըսաւ. «Անդրանիկ ջան, այլեւս ոչ մէկ հայու քիթը պիտի չարիւնի»: Երբ Ակնունի «յոռետես» կոչեց Անդրանիկը, Անդրանիկ ըսաւ. «Այսքան երկար խօսելէ վերջ երբ տակաւին համոզուած չէք խօսքերուս, խերը տեսէք ձեր Էնվերին ալ, ձեր Թալէաթին ալ», եւ ոտքի ելլելով «մնաք բարի» ըսաւ եւ հեռացաւ: Այս խօսքերէն հազիւ քառասուն օր անցած էր, երբ Երիտասարդ Թուրքերը Ատանան կոտորեցին: Ատանայի կոտորածին Անդրանիկ Եգիպտոսէն այսպէս գրած էր Ակնունիին. «Ահա իմ յոռետեսութիւնս եւ ձեր լաւատեսութիւնը, երբ ժամանակը գայ ձեր Թալէաթն ու Էնվէրը ձեզ ալ պիտի կոտորեն»: Եւ այսօր կը խոստովանիմ, թէ միակ մարդն էր, որ չխաբուեցաւ թուրքերէն եւ չշլացաւ պաշտօններէ: Մենք խաբուեցանք եւ խաբուած էինք թուրքերէն: Շեֆը Առաջնորդ, շեֆ էր ծնուած Անդրանիկ: Իր ձեռքի շարժումը լայն էր, տիրական. հայեացքըՙ անխարդախ ու կախարդիչ. խօսքըՙ անկաշկանդ ու միշտ հրամայողական. ձայնը իշխանական ու անհոգօրէն հզօր. հակառակ իր թովիչ քաղցրութեան: Գեղջուկ իր ապրուստի եղանակով, իր նիստ ու կացով, իր ուտել խմելով, իր հոգեկան պարզութեամբ, իր բարոյական ու քաղաքական ըմբռնումներով, բայց ի սպառ զերծ գեղջկական գձուձ նիւթապաշտութիւնից եւ մանաւանդ, ժողովրդի քծնող ստրկամտութիւնից, նրա համբերատար ոգուց: Սքանչելի մանկական ծիծաղի հետՙ ահագին անհնարին ցասումն ունէր որպէս ամպրոպային Արամազդ: Յախուռն ու յանդուգն իր վճիռների մէջ, նաեւ խիզախ էր իր գործերի ու շարժումների մէջ: Հայ ժողովրդից, հայ շինական ժողովրդից դուրս աշխարհում ոչինչ չէր ճանաչում եւ ոչինչ չէր սիրում: Ատելով ատում էր քաղաքն ու յղփացած քաղաքացին. մեծատուններին հազիւ համբերում էր, մինչեւ որ մի օր պոռթկաց իր կուտակուած զայրոթյը նրանց քաջածանօթ ու վանիչ նիւթապաշտութեան եւ գձձութեան համար: Չկար հասարակական շրջան, որքան եւ այն բարձր լինէր, որ այս գաւառացի անանուն հայը, այս երէկի արհեստաւոր հիւսնը ինքզինքը մազի չափ նեղուած զգար: Արքայՙ թէ մեծանուն զօրավար, նախարար թէ առաջնակարգ քաղաքական գործիչ, գիտուն թէ գրագէտ, նրա համար միեւնոյն էր, ամէնքի մօտ եւ ամէն տեղ նա հաւասարակշռուած, հանդարտ ու տիրական մարդն էր, մերթ լրջօրէն ծանրախոհ, մերթ մանկան պէս քրքջուն: Մասնաւորապէս հանդէս, ճառ, գովք ու ներբող, պճնուած կանայք, սեթեւեթանք, անզօր էին նրան խռովք պատճառել, եւ յաճախ փարթամ յարկերի տակ, ճոխ սեղանի շուրջը նրան զարմացնելու կամ հաճելի լինելու ճիգերը վերջանում էին միշտ հակառակ արդիւնքով,- Անդրանիկ պոռթկում էր իր հին զայրացկոտ յակներգը,- թէ «դուք անպէտ, անսիրտ մարդիկ էք, չէք օգնում ժողովուրդին»: Ամէն տեղ ու ամէն պարագաներում Անդրանիկ մնում էր տիրական, իշխող ու հրամայող: Նա առհասարակ խնդրել, մանաւանդ հայցել չգիտէր, ո՛չ ընկերական շրջանում, ո՛չ հասարակութեան մէջ: Անծանօթներ ու նրա հռչակով յափշտակուած մարդիկ յաճախ դէմ առ դէմ գալով այս անսովոր հայդուկինՙ մնում էին շուարած ու քարացած: Անհամբերող ու յախուռն, հպարտ, անողոք ու անդրդուելի ժայռի պէս, նա միշտ սիրելի մնաց իր համհարզներին, իր զինակից ընկերներին, որոնք նրա մի խօսքով, ձեռքի մի շարժումով, յօնքի մի գալարով պատրաստ էին հուր ու ջուր նետուել: Ի՞նչ ունէր այս անօրինակ մարդը այս աստիճան մոգական ազդեցութիւն ներշնչելու համար իր զինակիցներին: Ու հարցրի մի անգամ Մուրատին, թէ ինչո՞վն է Անդրանիկ շեֆ, երբ ինքն ու իր միւս ընկերները նրանից ոչինչով պակաս չեն: Հարցս հաճելի չեղաւ նրան: - Ջանըմ, ի՞նչ կը հարցնես, ասաց, ան գլխաւոր է. չէ՞, մէկը պէտք է գլխաւոր լինէր, որ միւսները հնազանդէին. էհ, ըշտէ ան յարմար եղաւ... Հայտէ, քէլա էրթանք պտտինք, վերջացրեց նա վարպետօրէն խոյս տալով իմ հարցի պատասխանից: Չգիտեմ, գուցէ ինքն եւս այս մասին մտածած չէր: Օձիքը չթողի: - Ինչո՞ւ սակայն Անդրանիկ «յարմար եղաւ» եւ ոչ մի ուրիշը ձեզնից, կրկնեցի հարցը: Նա ո՛չ ձեզնից աւելի քաջ է եւ ո՛չ... - Ջանըմ, համ քաջ է, համ խելացի, ընդհատեց ինձ Մուրատ ժպտելով. ամա գիտնաս, բանը քաջութեան մէջ չի, Անդրանիկ «աչք ունի», մենք չունինք: Այժմ ժպտալու հերթն իմն էր, արտայայտութիւնն ինձ համար պարզ չէր: - Չէ, ինչո՞ւ կը ժպտաս, ես ճշմարիտ կ՛ըսեմՙ Անդրանիկ աչք ունի,- վէպ գրելու համար չէ, տնաշէն,- էտիկ քո բանն է: Հա, սար ու ձորով կ՛անցնինք խմբով հրացաննիս ուսերնիս, ու ամէն մէկս իր ճամբան կը քալէ, իսկ Անդրանիկՙ ամէնքիս ճամբան. մենք անհոգ կ՛երթանք, ան կը տեսնի, կը դիտի, կը պրպտի ամէն քար ու դար, ամէն ժայռ ու բլրակ, դար ու փոս, մացառ ու պուրակ: Ոչինչ չի վրիպի նրա տեսողութիւնից: Եւ ինչ որ մի անգամ տեսաւ, էլ երբեք չի մոռանայ. թէ նոյն ճամբով ետ գալու լինինք կռուելով ու նահանջելով, նա հրաշալի գիտէ, թէ մինչեւ ուր պիտի քաշուինք այսինչ բլուրին, քարին, սարին, ժայռին, թմբին, դարերին հանդիպելու համար: Յետոյ նա գիտէ աննման դիրք բռնել թշնամու դէմ. եւ մի անգամ, որ նա մեր տեղերը որոշեց կռուից առաջ, այն ժայռի տակ, այս բլրի ետին, այն պուրակի ծոցում, ապա մենք վստահ ենք, որ դա լաւագոյնն է: Արդարեւ նա երբեք չէ սխալւում. ամբողջ օրը կռիւ կ՛անենք եւ մեր դիրքերը լաւագոյն կը մնան: Անդրանիկի հրամանի տակ կռուիլը խաղ ու պար է: Աչք ունի, ասում եմ, վերջացրեց Մուրատ, եւ ըստ սովորութեան անցաւ մի ուրիշ նիւթի: Դժուար էր աւելի յստակ պատկերացնել փորձուած բնազդով շեֆը, որ «աչք ունի». այդպէս էր ծնուած, կռիւն էլ իր «տեսնողն» ունի, ինչպէս մտքի ասպարէզըՙ Անդրանիկ «տեսնող» էր ծնուած. այստե՛ղ էր նրա մեծութիւնը: |