ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ ԻՏԱԼԱՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ԿԱՏԱԼՈԳՈՒՄ Ա. Բ. Վենետիկում վերջերս լույս է տեսել այդ քաղաքի ճանաչված քանդակագործ Մատեո Լո Գրեկոյի ստեղծագործությունների պատկերագիրքը: Կատալոգում ընդգրկված են Թերեզա Լո Գրեկոյի, Էտորե Մերկելի եւ Արծվի Բախչինյանի գրությունները քանդակագործի մասինՙ իտալերեն եւ անգլերեն լեզուներով: Ներկայացնում ենք Արծվի Բախչինյանի գրությունը, որը լույս էր տեսել 2000-ին, «Գարուն» ամսագրում. «1998-ի նոյեմբերին Վենետիկի փողոցներում թափառելիս աչքիս ընկավ գեղարվեստական իրերի վաճառքով զբաղվող մի ոչ մեծ խանութ, որտեղ ցուցադրված էին կնոջ հսկա քանդակներ: Մայրության եւ կանացիության հիպերբոլիկ շեշտադրումներով, կնոջ մարմնաձեւերի չափազանցված արտահայտություններով այդ քանդակները հիշեցնում էին աշխարհի տարբեր մասերում պեղված մարդկության զարգացման արշալույսին ստեղծված պարզունակ, ծիսական-պաշտամունքային բնույթ կրող արձանիկները, որոնց արձագանքը նշմարելի է նաեւ մեր երկրում գտնված հնագիտական արժեքներում, ինչ-որ տեղՙ նաեւ աղամաններում: Այդ ստեղծագործությունների հեղինակը սիցիլիացի քանդակագործ Մատեո Լո Գրեկոն էր, որի հետ ծանոթացա խանութում: Նա ինձ ընծայեց իր մասին պատմող մի բուկլետ, հետեւյալ մակագրությամբՙ «Հայաստան. մեծ մշակույթի երկիր, որը մի օր կցանկանայի ճանաչել: Մատեո Լո Գրեկո»: Այս տեքստը կատալոգում լույս է տեսել որոշ կրճատումներով, «Գարունի» տարեթիվը 2000-ի փոխարեն գրվել է 1998 եւ չի նշվել իտալերեն թարգմանչի անունըՙ Հուսիկ Համբարձումյան , որին հայտնում ենք մեր շնորհակալությունը: |