ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՙ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԻՆԱՏԵՍԱԿԸ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ 44-օրյա պատերազմը իրավամբ համարվում է հիբրիդայինՙ ոչ միայն օգտագործված զինատեսակների բազմազանության, այլեւ մարտավարական ընդունված եւ նույնիսկ արգելված միջոցների կիրառման, պատերազմական գործողություններին թուրք-ահաբեկչական ուժերի մասնակցության պատճառով: Պատերազմՙ որին ըստ ամենայնի նախապատրաստված չէր մեր բանակը, եւ որին դիմակայելը, չհաշված դավաճանական արարքները եւ հակառակ հայ զինվորի մարտական ոգուն եւ անձնազոհությանը, վեր էր մեր ուժերից: Եվ այժմ, երբ, շուրջ 10 ամիս առաջ ստորագրված անձնատվական հայտարարությամբ իբր զինադադար է հաստատվել Հայաստան-Ադրբեջան շփման եւ շփշփման գծերի երկայնքով, եւ դադար են առել լայնածավալ ու խորքային ռազմական գործողությունները, Ադրբեջանը շարունակում է հիբրիդային մի այլ տեսակիՙ մաշեցումի ու կրծոտումի պատերազմ, ուղեկցված մասնակի ներխուժումներով, առեւանգումներով ու ցանքատարածքների հրդեհումով, որին ավելացել է մի շատ հին զինատեսակի նորօրյա օգտագործումըՙ տեղանունների պատերազմը: Սույն զինատեսակի կիրառման էությունն այն է, որ հարեւան երկրի, այս պարագայումՙ Հայաստանի եւ Արցախի բոլոր այն բնակավայրերը, քաղաք, շրջան, թաղամաս, գյուղ, լեռ ու կիրճ, որոնք ունեն թուրքական անուն, ազերիներն իրենց նախագահի բերանով հայտարարում են սեփական տարածք, որը հայերս զավթել ենք եւ որը ենթակա է վերադարձման: Միջազգային պրակտիկայում չլսված ու չտեսնվածՙ զուտ թուրքական գործելակերպ, որին զուգահեռվում է միայն էրդողանյան հավակնությունըՙ նախկին Օսմանյան կայսրությանը հպատակ երկրներից տարածքներ վերազավթելու- Սիրիա, Լիբանան, Լիբիա, Եմեն, Կիպրոս, Եգեական կղզիներ ու... Իրաք: Չկա ուրիշ զուգահեռ, նույնիսկ նախկին գաղութարար այլ երկրների շարքում: Միջազգային պրակտիկայում դրան նման կլիներ, օրինակ, եթե Կանադայի ֆրանսախոս զանգվածները, Քվեբեքի նահանգի գլխավորությամբ, ԱՄՆ-ից պահանջեին Դետրոյթ (Detroit) քաղաքը վերադարձնել, հիմք ընդունելով փաստը, որ այդ քաղաքի անունը անգլերեն խեղաթյուրված ձեւն է ֆրանսերեն Dếtroit (նեղուց) տեղանվան: Իսկական անհեթեթություն, որը պիտի քմծիծաղ առաջացներ համաշխարհային հանրության մոտ: Դժբախտաբար, ո՛չ Էրդողանի եւ ո՛չ էլ Ալիեւի անհեթեթ պնդումները, գոնե մեր պարագայում, ոչ ոքի մոտ ծիծաղ չեն առաջացնում, քանի որ մեր կողմից համապատասխան հարվածի չեն հանդիպում: Հակառակ փաստին, որ միջազգային գիտական հանրույթը- պատմաբաններ, աշխարհագրագետներ եւ սահմանագետներ- քաջ գիտի, որ թուրքական եւ պարսկական 650 տարվա տիրապետության ներքո Հայաստանի (Արեւմտյան թե Արեւելյան) եւ հարակից շրջանների տեղանունները վարչական «տնօրինումներով» թե այլապես, կա՛մ փոխվել են, կա՛մ էլ խեղաթյուրվել: Ասենքՙ գիտնական լինելու կարիք էլ չկա հասկանալու համար, թե ինչո՞ւ են, օրինակ, բիբլիական Արարատը թուրքերը վերածել Աղրը Դաղի («Ցավի լեռ»), կամ ինչպես է ուրարտական 2803 տարիներով Էրեբունին, այսինքն Երեւանը, թուրքերեն դարձել «Էրիվան»: Բայց գիտնական պե՛տք է լինել հասկանալու համար, թե հայկական Զանգեզուրը (ալիեւյան խեղաթյուրմամբՙ «Զենգեզյուր») հնում կոչվել է «Ձագեձոր», եւ քանի որ թուրքերենը չունի ձ հնչույթը եւ այլ լեզուների բոլոր ձ-երը հնչում է զ (հատկանշական է, որ թուրքախոս հայերը «ձմերուկ» բառը արտասանում են «զմերուկ» կամ «զմուրուկ»), ստացվել է զանգ ու զանգակ հիշեցնող Զանգեզուրը: Այս պարագայում էլ մենք գործ ունենք հայկական ծուլության հետ: Մեր գիտնականները , որոնք նախորդ դարի 60-ական թվականներին, հետեւելով ուկրաինացիների օրինակին, Խ. Հայաստանի կառավարության իսկ նախաձեռնությամբ սկսել էին հին հայկական տեղանունների վերականգման կամ թրքացվածների հայացման գործընթացը, հետագայում, ավելի բարենպաստ պայմաններում չշարունակեցին տեղանունների հայացման գործընթացը եւ բավարարվեցին, անկախության առաջին տարիներին, Երեւանի եւ մի քանի այլ քաղաքների փողոցները սովետական գործիչների անուններից «ազատագրելու» գործով, մինչդեռ, առաջին հերթին, անհրաժեշտ էր հայացնել թրքացված տեղանունները, ինչպես արել էին իրենց նախորդներըՙ Դարաչիչակը դարձնելով Ծաղկաձոր, Բասարգեչարըՙ Վարդենիս, Ղալթախչինՙ Հարթագյուղ, Աղջըղալանՙ Ծաղկալանջ, հին ուրարտական Էլար տեղանունն անգամ (սխալմամբ կարծելով թուրքական)ՙ Աբովյան, եւլն: Ասենք նաեւ, որ սկզբից եւեթ աններելի բացթողում է եղել, երբ համապատասխան ֆիզիկական քարտեզներում չեն փոփոխվել կամ սրբագրվել լեռնագագաթների, գետերի ու լճերի անունները, որոնք գրեթե համատարած թուրք-պարսկական են: Այդ տեղանունները մեծամասամբ տրվել են Կովկասում թափառող թուրքական ու պարսկական խաշնարած ցեղերի քոչվորների կողմից եւ առ այսօր օգտագործվում են տարածաշրջանային զինվորական քարտեզներում, եւ, ինչպես տեսնում ենք, Ալիեւի կողմիցՙ իբրեւ «ապացույց» այդ տարածքների «ադրբեջանականության», մինչդեռ բոլորին է հայտնի, որ թյուրքալեզու առաջին ցեղախմբերը մեր տարածքներում հայտնվել են 12-13-րդ դարերում: Ու պատկերացնել, որ այժմ, երբ օրակարգի վրա է սահմանազատման ու սահմանագծման հարցը, նման քարտեզներն են լինելու մասնագետների ուղեցույց ոչ միայն Հայաստանի, այլեւ ադրբեջանավրացական սահմանները ճշտելիս: Եվ այս պայմաններում տարօրինակ, արտառոց է արձանագրումը, որ հայկական կողմից, արդեն պաշտոնական մակարդակով, ինքնամատույց ընդառաջ քայլեր են արվում դեպի թուրք-ադրբեջանական տեղանվանական բլեֆները: Այս պայմաններում ուրիշ ի՞նչ բացատրություն տալ, նմանօրինակ այլ քայլերի շարքում, Նիկոլ Փաշինյանի կողմից Էյվազլու եւ Չայզամի անունների բարձրաձայնմանը, որը, ինչպես հայտնի է, գորովանքով ընդունվեց Բաքվի կողմից: Միաժամանակՙ այդ եւ նման ընդառաջ քայլերը ծաղրն են միջազգային իրավունքի, որը մերժում է, անհեթեթ է համարում «տարածքի անունը իմ լեզվով է, հետեւաբար ինձ է պատկանում» գոյություն չունեցող սկզբունքը: Ոչ ոք իրավունք չունի, ինչ գույնի եւ ինչ մետաղից էլ լինի նրան տրված կամ չտրված մանդատը, հայ ժողովրդի հաշվին, այս անգամ էլ տեղանունների քողի տակ, զիջումների գնալ թշնամու հետ: |