ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՓԱՍՏԱՑԻ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՎԵՑ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Օրեր առաջ, երբ ադրբեջանցները, իբրեւէ թե դանակահարության միջադեպի պատրվակով փակել էին Երեւան-Գորիս-Կապան ավտոճանապարհը, համոզում ունեի, որ ներկայացում հիշեցնող գործողությանը մեզ համար անակնկալ ինչ-որ հայտարարություն կամ պայմանավորվածություն է հետեւելու: Ցավոք, մտածածս անտեղի չէր: Միջպետական ճանապարհը բացելու անմիջապես հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ Նոր Առաջնաձոր ու Որոտան գյուղերը հիշատակեց ադրբեջանական տեղանուններովՙ էյվազլի եւ Չայզամ: Ճանապարհը բացել-փակելու միջադեպ-ներկայացումը, կարելի է ասել, կողմերը լավ խաղացին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այնպիսի ոգեւորությամբ էին հայտարարում, թե ճանապարհը բաց է, ասես պատերազմի հաղթանակն էին ավետում: Նրանցից որոշներն անգամ կանգնել էին Ադրբեջանի վերահսկողությանն անցած ճանապարհատվածում, խրոխտ կեցված ընդունել, լուսանկարվել ու այն տարածել սոցիալական ցանցերում: Տպավորություն էր, թե ինչ-որ տարածքներ են ազատագրել ադրբեջանական գերությունից: Պատկերը սակայն առավել քան հստակ է: Ադրբեջանը շարունակում է իր օրակարգը թելադրելՙ Հայաստանից փորձելով ստանալ հնարավոր ամեն բան: Այս միջադեպը, փաստացի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման ու սահամանագծման գործընթացի մեկնարկն էր, ու Հայաստանը, վարչապետ Փաշինյանի շուրթերով, ադրբեջանական ճանաչեց Երեւան-Գորիս-Կապան ճանապարհատվածի 21 կմ-ը: Ճանապարհ «ազատագրելու», այնուհետեւ դրանք ադրբեջանական ճանաչելու հերթը, հուսանք, Տավուշում գտնվող 5-6 գյուղերին ու Տիգրանաշենին չի հասնի: |