ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ «Ազգ»ում առաջին անգամն է հրատարակվում այս անունըՙ Սեւակ Վրույրի Վարդումյան: Ծննդով Լոռու մարզից էՙ Ախթալայից: Լրագրության մեջ առաջին քայլերը ուսանող ժամանակ է արելՙ 2010-ինՙ թղթակցելով «Եթեր» շաբաթաթերթին, այնուհետՙ «Առավոտ» օրաթերթին: Միջնակարգ կրթությունը Ախթալայի թիվ 1 դպրոցում է ստացել, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Բակալավրիատը գերազանց ավարտելուց հետո ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, այն նույնպես ավարտել գերազանցությամբ: Աշխատել է «Հայոց Աշխարհ» եւ «Իրատես» թերթերում, 24News.am ու այլ կայքերում: Շուրջ 6 տարի խորհրդարանի աշխատանքներն է լուսաբանում: Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մասնագիտական պարտականությունները կատարելիս բեկորային վերք է ստացել: Նիկոլ Փաշինյանի վերընտրված կառավարության ծրագիրը ոչ միայն սեփական թիմի ու համախոհների, այլեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար է ընդունելի ու դրվատանքի արժանի: Օրերս Թուրքիայի նախագահը հարկ է համարել գնահատական տալ Փաշինյանի կաբինետի ծրագրային դրույթներին ու եւս մեկ անգամ հիշեցնելՙ Հայաստանը պետք է գնա հարեւանների հետ խաղաղ ապրելու ճանապարհով: «Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նույն դիրքորոշումն ունի նաեւ Ադրբեջանը, որը Հայաստանին առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել` միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչման հիման վրա»,- ընդգծել էր Էրդողանը: Թեեւ Հայաստանի իշխանությունը վստահեցնում է, թե խաղաղության պայմանագրի մասին որեւէ խոսակցություն, քննարկում ու երկխոսություն չկա, բայց դրա մասին խոսակցությունները կարմիր թելի նման անցնում են բարձրագույն ղեկավարության հայտարարություններում: Օրերս խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներից Մարիա Կարապետյանը , անդրադառնալով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, ասել էր, թե Էրդողանի ասածներն իր համար դրական իմաստով ընկալելի են: Դեռ մինչեւ պատերազմը, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, թե Արցախյան հարցի լուծումը պետք է բխի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերից: Պատերազմը, սակայն, ցույց տվեց, որ, ի տարբերություն Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բնավ էլ այդպես չի մտածում: Մինչ մեր իշխանավորները հերքում են, թե մտքերի ծայրով անգամ խաղաղության պայմանագրի մասին չեն մտածել, ռուսական կողմը տրամադրությունն է շոշափում: Օրերս ռուսական հեռուստաալիքներից մեկը հենց այդՙ հայերի ու ադրբեջանցիներիՙ իրար կողքի հաշտ ու խաղաղ ապրելու մասին ռեպորտաժ էր պատրաստել: Տեսանյութի հիմնական ասելիքն այն էր, որ հարեւան ժողովուրդները կարող են ապրել առանց կռիվ-դավի: Հարցվածներն անգամ օրինակ էին բերում, թե ինչպես են խորհրդային տարիներին փոխադարձ այցեր կատարել ու բարեկամության փառատոներ կազմակերպել: 44-օրյա պատերազմի արհավիրքը, հազարավոր զոհերի ու վիրավորների, հարյուրավոր անհետ կորածների աղետը տեսնելովՙ հնարավո՞ր է, թե՞ ոչ ադրբեջանցիների կամ թուրքերի հետ խաղաղ, հաշտ ապրել, հարեւանություն անել: Պատասխանը լավագույնս տվել է Հրանտ Մաթեւոսյանը . «Բա հազար տարի ապրես թշնամուդ հետ ու չհասկանա՞ս, որ քեզ մորթելու է»: Ու մինչ մենք, տեսածից ու ապրածից դասեր չքաղելով, շարունակում ենք «հում-հում հումանիզմ» խաղալ, Ադրբեջանի նախագահն իր օրակարգն է թելադրումՙ խաղաղության պայմանագրի կնքելուն ինքն էլ է համաձայն, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: |