ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆՙ ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Անհանգիստ մեր ժամանակների թոհուբոհի մեջ այս շաբաթասկզբին համարյա աննկատ տեղի ունեցավ հայ թարգմանական գրականության համար նշանակալի իրադարձությունՙ լույս տեսավ Մարինա Ցվետաեւայի 80 բանաստեղծության հայերեն ժողովածունՙ հիանալի բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի թարգմանությամբ: Սա այն դեպքն է, երբ եւ Ցվետաեւայի բախտն է բերելՙ իր բանաստեղծության խորքը զգացող ու այդ խորքը, թրթիռը, մեղեդին հայկական ալգորիթմով հնչեցնող նույնքան նուրբ, նույնքան բառի ու զգացմունքի մեղեդին միաձուլող հայ բանաստեղծուհուն հանդիպելով, իսկ Ռուզանի բախտն էլ բերել է, որովհետեւ ամեն մեկին չէ վիճակված դիպչել Ցվետաեւայինՙ վերապրելով նրան տողի ու պատկերի մեջ, բանաստեղծությա՛մբ: Մանավանդՙ Մարինա Ցվետաեւայի մի շարք ամենահայտնի բանաստեղծությունները հայկական հնչողության են փոխադրել Հրաչյա Բեյլերյանը , Անահիտ Պարսամյանը , ուրիշներ, այդ տարբերակները հայ ընթերցողը հասցրել է սիրել, եւ հիմա դրանցից շատերը նոր տարբերակով են ներկայանում: Ասենք, որ Ցվետաեւա-Հովասափյան հանդիպումն, իրոք, ստացվել է, Ցվետաեւայի պոեզիայի սիրահարներին , կարելի է ասել, իսկական նվեր է մատուցվելՙ նրա խորը, մեղեդային, անպարփակ զգացումներով լի պոեզիան հայերեն հնչողությամբ ըմբոշխնելու նոր առիթի առումով: Ցվետաեւայի 80 բանաստեղծությունները հայերեն տարբերակների կողքին կան նաեւ բնօրինակները ռուսերեն, իսկ այս հիանալի հրատարակությունը կայացել է Հայաստանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ, որտեղ էլ ջերմ մթնոլորտում շաբաթասկզբին կայացավ գրքի շնորհանդեսը: Գաղափարը սիրված ասմունքող Սիլվա Յուզբաշյանինն է, գրքի խմբագիրը թարգմանիչ Խորեն Գասպարյանն է: Ասել այս բոլորը, նշանակում է ոչինչ չասել, եթե չգիտեք Ռուզան Հովասափյան բանաստեղծուհուն: Նրա մասին առաջին անգամ իմացել եմ գրականագետ եւ բանաստեղծ Լեւոն Սարգսյանից , որը տարիներ առաջ Ռուզանի առաջին գրքի մասին հրապարակում էր բերել «Ազգ»ՙ ոգեւորված, որ գրական աշխարհ նոր եւ հիանալի բանաստեղծուհու մուտքն է ավետում: Այդ օրվանից հետեւել եմ Ռուզան Հովասափյանի պոեզիային, որին ընթերցողը որեւէ մեկի հետ չի շփոթի երբեքՙ այնքան ինքնատիպ, հիշվող ու գեղեցիկ են նրա բանաստեղծությունները: Դրանք պատկերներ են, որտեղ երեք-չորս բառի մեջ գուցե գտնեք մի ողջ կյանք, մի ողջ սեր, զգացմունքի մեղեդին ու մեղեդու զգացական կողմը: Ու, իրոք, այդքան խորը զգացող, բառի հոգին պեղող, բանաստեղծական պատկերն ու կյանքի դիպվածները նույնականացնող բանաստեղծուհու առնչությունը Ցվետաեւայի պոեզիային պետք է լիներ հաջողված եւ վառ ժողովածուն, որն ընթերցողին կարող է կտրել նյութական աշխարհից: Փոխանցենք նաեւ գրքի առաջաբանի հեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու Թադեւոս Թադեւոսյանի գնահատականը, թե կարելի է ասել, որ առաջին անգամ Ռուզան Հովասափյանն է Ցվետաեւայի բանաստեղծական արվեստում մարմնավորված ռուս դասական գրականության գլուխգործոցները ներդրել հայ քնարական մշակույթի գանձարանում: Ահա ռուս բանաստեղծուհուց մեզ փոխանցված մի պատկեր. Ձեր նուրբ բերանը-ողջը համբույր է...- Եւ դա ամենն է- ես ոչինչ չունեմ: Նվաճո՞ղ եմ ես, ո՛չ, նվաճու՞մ եմ Ո՞վ եմ ես հիմա- Միա՞կ, ոչ, բյո՛ւր եմ.
Արդյոք սե՞ր է դա, թե՞ սքանչացում, Նախապատճա՞ռ է, թե՞ գրչի քմայք, Հրեշտակային ծեսով տառապա՞նք, Թե՞ ըստ կոչումի հորինվածք շինծու...
Հոգու տրտմություն, աչքերի հմայք Գրչի մի շարժում, ա՜խ , մեկ չէ՞ միթեՙ Ինչպես կկանչեն շուրթերը երբ դեռ Ձեր նուրբ բերանը- համբո՜ւյր է համակ: |