ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ Ֆիզիկայի գիտավանի բնակիչների բողոքի ակցիաներն ու իրավապահ մարմինների կողմից այդ ակցիաները ճնշելու քայլերը նոր հանգրվանի են հասել: Սեպտեմբերի 14-ին բերման է ենթարկվել Ֆիզգորոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը , որը 20 օր հացադուլ էր արել, իսկ վերջին երկու օրերինՙ նաեւ ջրադուլ: «Ցանկացել են ասֆալտի վրա թեքահարթակ պատրաստել, որպեսզի իրենց ծանր տեխնիկայի անցուդարձը հեշտացնեն: Հայկն էլ ընդդիմացել է, ու ոստիկանները բերման են ենթարկել»,- պատմել է թաղամասի բնակչուհիներից մեկը: Հիշեցնենք, որ Ֆիզգորոդոկ կոչվող գիտավանի բնակիչներն ամիսներ շարունակ բողոքում են այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներից եւ դրանք համարում ապօրինի: Նախատեսվում է տարածքում կառուցել 12 հարկանի բազմաբնակարան շենք: Բնակիչները մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, ինչի հետեւանքով հարուցվել է քրեական գործՙ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչեւ կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարեցվել: «Ռատկո» ՍՊԸ-ն ջարդում ու վերացնում է Ֆիզգորոդոկի ծառերը, կանաչ տարածքը: Իսկ թաղամասի բնակիչները պահանջում են կասեցնել աշխատանքները մինչեւ գործի քննության ավարտը: Ֆիզգորոդոկի բնակիչները Կենտրոն եւ Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացրել, որտեղ քննվել է բնակիչների բողոքարկումըՙ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները շարժվել են Երեւանի քաղաքապետարանՙ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, որին նախապես հասցեագրել էին բողոքագիրՙ հետեւյալ բովանդակությամբ. «Մեր պահանջը Երեւանի քաղաքապետարանից նույնն էՙ - Անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը, - Տրամադրել մի տարի շարունակ պահանջվող (շինթույլտվության) փաստաթուղթը, - Վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը, Ավագանու անդամներից ակնկալում ենքՙ - Դուրս գալ եւ հանդիպել քաղաքացիներին, - Մեր բողոքը հնչեցնել (Ավագանու) նիստի ընթացքում եւ ստանալ կոնկրետ պատասխաններ, - Անել հանրային հայտարարությունՙ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր էՙ հացադուլի մեջ է, որոնցից մեկն այսօր անցել է ջրադուլի: |