ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԽԱՐԽԼՎԱԾ ԵՐԿՐՈՒՄ ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը Հայաստանի պատմության թերեւս ամենանշանակալի տարեթիվն է: 30 տարի առաջ հենց այդ օրը հայ ժողովուրդը տվեց իր քվեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ ակախանալու: Դժվար թե այդ ժամանակ որեւիցե մեկը իր ամենավատ պատկերացումներում անգամ կարող էր մտածել, որ օրերից մի օր Հայաստանի հանրապետությունը կհայտնվի նման բարոյալքված ծանր վիճակում: Անկախությունից ուղիղ 30 տարի անց մենք ունենք ծանրագույն վիճակում հայտնված մի պետություն, որտեղ ապրում եւ գործում են մարդիկ, ովքեր խոսում են գունագեղ միջոցառումների եւ տոնակատարությունների մասին, երբ 44-օրյա պատերազմից չի անցել անգամ մեկ տարի եւ մեր վերքերը դեռ բաց են: Մի՞թե չի արժեզրկվել 30 տարի առաջ ձեռք բերված մեր անկախությունը, որը պահպանվել է լոկ բառերով ու խոսքերով: Սակայն երկիրը պետք է պահել ոչ թե խոսքով, այլ գործով, ի գիտություն, առաջին հերթին, մեր նախկին ու ներկա ղեկավարների, բանակի հրամանատարությանը, ովքեր խոսքով պատրաստ են ոչնչացնել մեր սահմանները հատած թշնամուն, սակայն գործելու ժամանակ ամեն կերպ խույս են տալիս պատասխանատվությունից: Մենք հասել ենք մի մակարդակի, երբ անգամ Ադրբեջանի նախագահ Ալիեւն է հոխորտում այն մասին,որ մենք իզորու չենք անկախ պետություն ունենալու: Իհարկե դա ամենեւին էլ կոստյումով ահաբեկչի որոշելու բանը չէ, սակայն մենք մեր վարած քաղաքականությամբ չպետք է թույլ տանք քոչվոր ցեղախմբի առաջնորդին իրեն իրավունք վերապահել կասկածի տակ դնելու մեր անկախությունը եւ դրա համար վճարված գինը: Ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի հայտարարությունը` կապված սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումների հետ, բացասական գնահատականի արժանացավ հասարակության գիտակից զանգվածի կողմից: Այս դեպքում ի՞նչը կլիներ լավագույն տարբերակը անկախության 30-ամյակը մոռացության չմատնելու, բայց եւ տոնի չվերածելու համար: Լավագույն լուծումը կլիներ Հանրապետության հրապարակում բեմ հավաքելու փոխարեն զինված ուժերին զինվորական շքերթի դուրս բերելը: Շքերթի մասնակից զինվորները եւ ներգրավված զին-տեխնիկան լավ ազդակ կլինեին մասնավորապես թշնամու համար,ցույց տալով, որ անկախ կրած անհասկանալի պարտությունից եւ ապրած մեծ վշտից, Հայաստանը դեռեւս ունի եւ ունենալու է բանակ, որը չնայած քաղաքական խաղերի, հարկ եղած դեպքում կրկին պատրաստ կլինի պաշտպանելու սեփական երկիրը, պետությունը, անկախությունը: Անկախության տոնը հնարավոր կլինի լիակատար կերպով նշել այն ժամանակ, երբ սեփական ժողովուրդը չի ունենա վտանգ արտաքին թշնամուց, նույն այդ թշնամին չի համարձակվի ոտնձգություններ անել մեր պետական սահմանների նկատմամբ, կամ էլ անելու դեպքում կզգա դրա ծանր հետեւանքները: Մեր ինքնիշխանությունը հարցականի տակ է դրվել թշնամու կողմից, ինչն էլ հանգեցրել է պետականության խարխլմանը: Երբ կվերանան այդ հարցականները եւ Հայաստանը կվերադարձնի նախկինում ունեցած իր հաղթողի հոգեբանությունն ու միջազգային հեղինակությունը, այդ ժամանակ հնարավոր կդառնա մտածել «գունագեղ» տոնակատարությունների մասին: |