«ՉՏԵՍԱՆ ՊԱՏԻՑ ԿԱԽ, ՏԵՍԱՆ ՃԱԿՏԻՑ ԿԱԽ» ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Երբեմն այն համոզումն եմ ունենում, որ իշխանությունը ուղեղային հատուկ կենտրոնների հետ է աշխատում, որոնք նրանց հուշում են, թե հերթական ինչ անբարո օրենքներով ու որոշումներով կարող են նվաստացել ժողովրդին, որին այնքան շատ են սիրում հղում անել ժողովրդամեռ իշխանավորները: Իրենց ժողովրդի ծոցից ելած համարողները, որ պատեհ ու անպատեհ առիթներով դատափետում են նախկինների թալանը, սեփական գրպանները լցնելը, ազգականներին յուղոտ պաշտոններ բաժանելը, հատկապես պատերազմից հետո աչքի են ընկնում պետբյուջեի հաշվին սեփական կոմֆորտն ապահովող օրենքներ մշակելով ու դրանք կյանքի կոչելով: 44-օրյա պատերազմից հետո, երբ թվում էր, թե պետությունը յուրաքանչյուր լուման խնայողաբար է ծախսելուՙ նույնը հորդորելով նաեւ քաղաքացիներին, իշխանության տարբեր ճյուղերի անդամներ հակառակն են ապացուցում: Դեռ չմարսած գրպանի գումարի 5-ապատկման հանգամանքը, ըստ որիՙ պատգամավորները կողմնակի ծախսերի համար բացի աշխատավարձը նաեւ 250 հազարական դրամ են ստանալու, կառավարությունն այժմ էլ առաջարկում է հոգալ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի ու նրանց ընտանիքի անդամների հիվանդանոցային ծախսերը: Ավելինՙ մեկ այլ նախագծովՙ առաջարկում են ԱԺ նախագահին առաձին բժիշկ հատկացնել: Իշխանության անդամները (անգամ նրանք, որոնք, վստահ եմ, հոգու խորքում դեմ են դրան) իրար հերթ չտալով արդարացնում են նախագիծն ու փորձում համոզել, թե այն պետբյուջեի վրա մեծ բեռ չի լինի: Իհարկե, թող Աստված բոլորին առողջություն տա, ու պետբյուջեն, իսկապես, ստիպված չլինի փակել որեւէ մեկի հիվանդանոցային ծախսը, բայց սահմռկեցուցիչ պատերազմից հետո սեփական հարմարավետության համար նման որոշումներ կյանքի կոչելը, թուլ տվեք ասել, անբարոյականություն է: Պատերազմի ընթացքում քանի-քանի հազար տղաներ են հաշմանդամություն ձեռք բերել, քանիսը բուժումն արտասահմանում շարունակելու խիստ անհրաժեշտություն ունեն, քանիսն էլ ամաչում ու վատ են զգում պետությունից որեւէ բան խնդրել ու լուռ, մղկտալով տանում են ցավն էլ, ցասումն էլ: Իսկ հայրենի իշխանությունները, որոնք երեւի ո՛չ տեսնում, ո՛չ էլ շփվում են կյանքի ու մահվան հետ կռիվ տված տղաների հետ, անձնական բժիշկ ունենալ են ուզում: Սա ոչ այլ ինչ է, քան անարգանք սեփական ժողովրդի ու կռիվ տվածների նկատմամբ: Չտես ու անկուշտ մարդը միայն, որի ձեռքում իշխանություն է հայտվել, ու ամենակարճ ժամկետներում փորձում է իրենով անել ամեն ինչ, իրեն նման շռայլություն թույլ կտա: Եթե «չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ» գործելաոճով շարունակեն առաջնորդվել ժողովրդի դարդուցավով ապրող իշխանավորները, ապա չի բացառվում, որ մոտ ապագայում նաեւ պաշտոնյաների համար առանձնատուն կառուցելու, ավտոմեքենա գնելու, երեխաներին պետության հաշվին ուսման տալու ու նմանատիպ այլ նախաձեռնությամբ հանդես կգան: |