ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Տեղին ու արդար է այն զայրույթը, որն առաջացրեց Բաքվում Ռուս Ուղղափառ եկեղեցու նորանշանակ հոգեւոր առաջնորդ, ծայրագույն վարդապետ (архимандрит) Ալեքսիյ Նիկանորովի տված հարցազրույցը «Նեզավիսիմայա գազետա» թերթին: Զայրույթ է պատճառել հատկապես նրա այն պնդումը, թե «Բյուզանդիայի ու Պարսկաստանի միջեւ հայկական պետության բաժանումից ի վեր չկա ոչ մեկ հուշարձան, կառուցված այս տարածքում, որը կարելի լինի անվանել հայկական»: Պարզվում է, որ Ադրբեջանում ծնված այս եկեղեցականը դեռեւս 2004 թ.ին Մոսկովյան հոգեւոր ակադեմիայում ավարտաճառ է պաշտպանած եղել «Քրիստոնեությունը կովկասյան Ալբանիայում» թեմայով, որտեղ, ըստ «Հնդեվրոպական քաղաքակրթություն» կազմակերպությունից Լուսինե Ազնաուրյանի հավաստիացման, հանգել է այն «բացառիկ» եզրակացության, որ «հազարավոր տարիների ընթացքում Ադրբեջանը գերազանցապես եղել է քրիստոնեական երկիր»: Եվ, փոխանակ հարց տալու եւ բացատրելու, թե այդ ի՞նչպես եղավ, որ իր կողմից «Ադրբեջան» հորջորջված այդ տարածքում (որը, ի դեպ, դեռեւս 7-րդ դարից սկսած արաբները կոչել են Էրմենիա) քրիստոնեությունը իսպառ վերացավ, առաջ է քաշում այսպես կոչված «Աղվանական գործոնը», որպեսզի դրա վրայով կամ միջոցով ցատկ կատարի դեպի Ուղղափառություն եւ ընդհուպՙ Ռուս Ուղղափառ եկեղեցի: Խնդրին անդրադարձ է կատարել նաեւ «Ազգ»ի հիմնադիր կազմի անդամ, հայկական համակարգչային տառատեսակների առաջին ստեղծողներից Պավել Դալլաքյանը Մոսկվայից: Անհրաժեշտ ու կարեւոր մի քանի հղումներով ֆեյսբուքյան իր էջում նա հարցին մոտենում է մյուս կողմիցՙ ռուս մեծապետական (վելիկոռուսկի) հավակնություն եւ Ամենայն հայոց հայրապետի կրավորական կեցվածք, նկատի ունենալով հոկտեմբերի 13-ին (Կարսի պայմանագրի ստորագրման 100-րդ տարելիցի օր) Մոսկվայում Կիրիլ պատրիարքի, Ամենայն հայոց հայրապետի եւ Կովկասի մահմեդականների շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեի միջեւ եռակողմ հանդիպումը, որից, դատելով համապատասխան պաշտոնական հաղորդագրություններից, ըստ ինձ մի մուկ անգամ չծնվեց: Թեեւ Դալլաքյանն իր հոդվածում դավանաբանական կոպիտ սխալ է թույլ տալիս Հայ առաքելական եկեղեցուն վերագրելով ուղղափառություն, այսուհանդերձ նրա դիտարկումները, ինչ վերաբերում է Ռուս եկեղեցու նվաճողական քաղաքականությանը, տեղին են եւ մտահոգիչ, մանավանդ ներկա կացության մեջ, ուր շարունակվում է Մոսկվայի զիջողական կեցվածքը Բաքվին, եւ, զուգահեռաբար, Ռուս եկեղեցու քծնողական դիրքը թուրքո-ազերիականության նկատմամբ, բոլորն էլ մեր, ներառյալ արցախահայությունը, հաշվին: Այլապես ի՞նչ անուն պետք է տալ հայր Ալեքսիյ Նիկանորովի բարբաջանքներին, որոնց մեջ միակ ճշմարիտն այն է, որ ներկայիս Ադրբեջան կոչվող ողջ տարածքը եղել է քրիստոնեական: Նա հարց չի տալիս, թե ո՞ւր գնացին այդ քրիստոնյաները, ի՞նչ եղան նրանց սրբատեղիները, որոնց ավերակների վրա բոլոր արձանագրությունները հայերեն ու հայատառ են: Նաեւ, գալով մեր օրերին, ինչո՞ւ եւ ո՞վ կործանեց Շուշիի Կանաչ ժամը, ինչո՞ւ ուղիղ նշանառության տակ առնվեց Ղազանչեցոց տաճարը, հայկական մյուս աղոթատեղիները: Ինչո՞ւ 30 տարուց ի վեր պահեստարանի է վերածվել Բաքվի առաջնորդանիստՙ այժմ թափուր եկեղեցին: Ինչո՞ւ դատապարտման ոչ մի խոսք չլսեցինք Ռուս եկեղեցու առաջնորդներից: Ավելինՙ այսպես կոչված աղվանական հարթակից դեպի ռուս ուղղափառություն ցատկ կատարելիս Ալեքսիյ Նիկանորովը որպես, իբր, եկեղեցական պատմության մասնագետ պիտի՛ իմանար, որ Աղվանից եկեղեցին հիմնադրվել է հայազգի քարոզիչ Գրիգորիսի կողմից, որ Մեսրոպ Մաշտոցն է գիր ստեղծել աղվանների համար, որ Աղվանից եկեղեցին իր կաթողիկոսով հանդերձ անմիջական ենթակայության տակ է եղել Ամենայն հայոց կաթողիկոսին, որին վերապահված է եղել նրա եպիսկոպոսներին օծելու առանձնաշնորհությունը: Ու տակավինՙ նա գիտի՞, որ աղվանները, իրենց կաթողիկոսի գլխավորությամբ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել հայոց հակաթուրքական ու հակապարսկական ազատագրական պայքարներին: Ու գիտի՞ նաեւ, ո՜վ հեգնանք, որ 1815 թ.ին ռուս կառավարության հրամանով է վերացել Աղվանից կաթողիկոսությունը: Այն կաթողիկոսության, որը Գանձասարի իր գահանիստ կենտրոնով կրում էր «կաթողիկոսություն Աղվանից, Լփնաց եւ Չողա»: Վերջին տեղանունը այլապես մեզ ծանոթ Ճորա եւ ավելի ծանոթՙ Դերբենդի դուռն է, որը Գուգարաց եւ ավելի ուշՙ Սյունյաց իշխանների պահակակետն էր, բդեշխությունը, որը պահպանելու համար բյուզանդացիք ու պարսիկները հայոց արշակունի թագավորներին գումար էին տալիս ամուր պահպանելու այն, որպեսզի թուրք-մոնղոլական հորդաները Կասպից ծովի եւ կովկասյան լեռնաշղթայի այդ նեղ անցքով չներխուժեն Անդրկովկաս: Այո, Աղվանից եկեղեցին 551 թ.ին, Դիվինի 2-րդ ժողովում, վերջնականապես հրաժարվեց Բյուզանդական եկեղեցուց ու դավանանքից, այսինքնՙ այն Ուղղափառությունից, որն այսօր, հետնյալ թվով, ինչ-որ Ալեքսիյներ, թիկունք տված «կրոնների համերաշխության ու միջէթնիկ մշակույթների պաշտպանության» քղամիդ հագած Մեհրիբան խանումինՙ փորձում են վերականգնել եւ օգտագործել հօգուտ Ռուս ուղղափառ եկեղեցու քաղաքակա՛ն շահերի: Աղվան ժողովուրդը, որը հայերի հետ դարավոր նույնականությամբ տիրապետել է Փայտակարանից մինչեւ Դերբենդՙ ներառյալ Բաքու նահանգը, համաձուլվել է հայ ժողովրդի հետ, տառապել, աղոթել, կռվել ու պայքարել միասին ընդդեմ թուրք-թաթարական ներխուժողների: Ո՛չ մեզ եւ ոչ էլ ձեզ կոկորդիլոսի արցունքներ պետք չեն: Աղվանները հայեր են, քրիստոնյա եւ առաքելական հայեր: Մի՛ փորձեք տարանջատել մեզ իրարից: Եթե ինքներդ քրիստոնյա եք, ապա ձեր պետությունն ու պատրիարքությունը պետք է օգնեն մեզ: Դրանով առաջին հերթին օգնած կլինեք ձե՛ր պետությանն ու ձե՛ր եկեղեցուն: |