ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Ինչքա՞ն հետեւողական կարող է լինել Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զանգեզուրի միջանցքի իր պահանջներում: Հոկտեմբերի 26-ին ծրագրված էր, որ Ադրբեջան այցելի մասնակցելու 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զորքի գրաված Վարանդայի օդանավակայանի հանդիսավոր բացման արարողությանը: Նախքան մեկնելը նա կրկնեց Հայաստանի ինքնավար տարածքից այդ միջանցքը պահանջելու միտքը, ասելով, որ Թուրքիան այդ հարցում մտքափոխ չի եղել: «Մենք դեռեւս վճռական ենք այդ միջանցքը բացելու հարցում», ասաց նա: Նրա հոգեւոր սանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը , որ սպառնում էր ուժի գործադրմամբ ձեռք բերել այդ միջանցքը, լուռ էր վերջերս: Նա նույնիսկ հինգ հայ ռազմագերիների է ազատ արձակել եւ լուրեր են պտտվում, որ մինչեւ նոյեմբեր ուրիշներին էլ է վերադարձնելու Հայաստանին: Այս զարգացումները չէին կարող տեղի ունենալ առանց որոշակի պատճառների: Հստակ է, որ քաղաքական մթնոլորտում փոփոխություններ են կատարվում: Նախ նշենք, որ միջանցքի հարցը այլեւս Հայաստանը չէ, որ պետք է լուծի: Այն արդեն դարձել է գլոբալ, համընդհանուր խնդիր: Թուրքիան այդ միջանցքը պահանջում է որպես մասնաբաժին իր պանթուրանական ծրագրերի, բայց տարածաշրջանային այլ դերակատարներ մտահոգված են նրա ծավալապաշտական փառասիրություններով: Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է դարձել Իրանի համար, որը պատրաստ է պատերազմ մղել Ադրբեջանի դեմ: Հնդկաստանը նույնպես շահագրգռված է եւ դա ցույց է տալիս իր ավելի ակտիվ ներկայությամբ տարածաշրջանում: Մեկ այլ գործոն է նաեւ նախագահ Էրդողանի հնարավոր վատառողջությունը: Նրա հավանական հաջորդը պաշտպանության նախարար Հուլուսի Ակարն է, որի անունը վերջերս հիշատակվում է միջազգային լրատվամիջոցներում եւ որին վերագրում են Թուրքիայի զինված ուժերի նոր կազմավորումը: Ի հակադրություն այդ զինված ուժերի, Թուրքիայի տնտեսությունը անկում է ապրում, եւ ընդդիմությունը Էրդողանին է մեղադրում, որ իր արտասահմանյան թանկ արկածախնդրությունների հետեւանքում հարազատ երկիրն է տուժում: Սրան գումարածՙ շարունակվում է նաեւ հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի եւ Մ. Նահանգների միջեւ F-35 տիպի կործանիչ ինքնաթիռների վաճառքի առնչությամբ: Մթնոլորտի փոփոխության մեկ այլ գործոն են հանդիսանում 3+3 ձեւաչափի բանակցությունները, որոնք արդեն սկսել են կորցնել իրենց նշանակությունը: Այդ ձեւաչափը առաջ էին քաշում Թուրքիան ու Ռուսաստանը: Նպատակը տարածաշրջանային խնդիրների լուծումն էր Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությամբ: Վերջերս Վրաստան կատարած իր այցի ընթացքում Մ. Նահանգների պաշտպանության քարտուղար (նախարար) Լոյդ Օստինը քննադատեց այդ ձեւաչափը` նշելով, որ դրա մասին խոսելուց առաջ Ռուսաստանը պարտավոր է Վրաստանին վերադարձնել նրանից խլած տարածքները: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ զգուշավոր արտահայտություն արեց` ասելով, որ իր երկիրը ուսումնասիրում է այդ առաջարկը, բայց դեռ վաղ է որեւէ մեկնաբանություն անելը, քանի որ այդ ձեւաչափը նախատեսում է Արեւմուտքին հեռու պահել Կովկասից: Ավելացնենք, որ այդ ձեւաչափում ընդգրկված երկրներից ոչ մեկը շահագրգռված չէ բանակցությունների միջոցով լուծելու Արցախի կարգավիճակի հարցը: Ռուսաստանը հանկարծ ետ քաշվեց այդ ծրագրից: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ այդ գաղափարը Մոսկվայում չի առաջացել, այլ առաջարկվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանը պարզապես համաձայնել է դրան: Այս զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքական ուժերի միջեւ մրցակցություն է ծավալվում. մի կողմը ցանկանում է Արեւմուտքին դուրս մղել Կովկասից, մյուս կողմը փորձում է մասնակցություն ունենալ տարածաշրջանի խնդիրների լուծման հարցերում: Ամենայն հավանականությամբ այս ներքին տարաձայնությունն է, որ հետաձգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերի գումարումը, որի հույսին է մնացել Հայաստանը` լուծելու համար Արցախի կարգավիճակի հարցը: Գործողությունների առաջխաղացմանը զուգահեռ որոշվել է երկու համաձայնագիր ստորագրել նոյեմբերի 9-ին, խորհրդանշելու համար հրադադարի հայտարարության առաջին տարելիցը: Համաձայնագրերը ստորագրելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը , Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը : Առաջին համաձայնագիրը վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցերին` ԽՍՀՄ հին քարտեզների վրա հիմնվելով: Երկրորդը` ճանապարհների եւ հաղորդակցության ուղիների բացմանը, որի շուրջ բանակցում էին վերոնշյալ երեք երկրների վարչապետների տեղակալները: Երկու փաստաթղթերում էլ գոյություն ունեն հնարավոր վտանգներ: Անհրաժեշտ է պարզել, թե երկու երկրների (Հայաստան, Ադրբեջան) տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթղթում որեւէ նշում կա՞ Արցախի վերաբերյալ, հաշվի առնելով նախագահ Ալիեւի պնդումներն այն մասին, որ Հայաստանը պետք է ընդունի, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում: Երկրորդում խնդրո առարկան միջանցքի հարցն է: Զգուշավորությունը այս հարցերում չափազանց կարեւոր է: Չմոռանանք նախագահ Պուտինի վերջերս կատարած երկդիմի արտահայտություններն այն մասին, որ երկու կողմերը զիջումների պետք է գնան: «Կան բաներ, որոնք փոխադարձ զիջումներ են պահանջում, կան վայրեր, որոնք պետք է փոխադարձվեն», ասաց նա: Ցավալի ճշմարտությունն այն է, որ Հայաստանն այլեւս ի զորու չէ հավելյալ զիջումներ անելու` այն բանից հետո, երբ կորցրել է Արցախի 75 տոկոսը եւ հարցականի տակ է դրել իր սահմանների անվտանգությունը: Միեւնույն ժամանակ փաստաթղթեր են շրջանառության մեջ դրվում պատերազմի եւ այդ պատերազմում Ադրբեջանի զոհերի մասին: Բաքվի իշխանությունները ցարդ խոստովանել են, որ պատերազմում 2.700 զոհ են ունեցել: Բայց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, որ Ադրբեջանի զոհերը գերազանցում են 18 հազարը: Նա հիմնավորում է իր տեսակետը` մեջ բերելով հոլանդական մի կայքի եւ ընդդիմադիր լրատվամիջոցների տվյալները: Եվ իրոք, Ադրբեջանի ընդդիմադիր ներկայացուցիչները վերջերս այցելել են գերեզմանատները եւ հաշվել թարմ հողակույտերի վրա ծածանվող դրոշները: Բագրատյանը նաեւ համոզված է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այլեւս զինվորներ չունեին գրավելու համար Շուշին, որն իրենց արծաթե սկուտեղի վրա մատուցեց Ռուսաստանը: Եթե անգամ ընդունենք, որ Ադրբեջանը երեք անգամ ավելի զոհեր է տվել, քան Հայաստանը, ապա դա մխիթարվելու որեւէ հիմք չպետք է տա մեզ: Բայց դա նշանակում է, որ Հայաստանի բանակը իրոք արժանի է Կովկասում ամենամարտունակը լինելու իր համբավին: Անթիվ-անհամար թշնամի ուժերի դեմ 44 օր պատերազմը շարունակելն ու ամենաարդիական մահասփյուռ ռազմատեխնիկական զինամթերքին դիմակայելն իսկապես աննշան բան չէ: Ճիշտ է, հայկական բանակի որոշ ստորաբաժանումներ շփոթմունքի զոհ գնացին, բայց մյուսները արիաբար պայքարեցին մինչեւ վերջ: Ռազմական իմաստության համաձայն, պատերազմներում կորուստների ընդունված տոկոսը հետեւյալն է. հարձակվող կողմը երեք անգամ ավելի զոհ պետք է ունենա, քան պաշտպանվող կողմը: Եթե այդ պրիզմայով առաջնորդվենք, ապա Բագրատյանի հաշվարկները պետք է ռեալ լինեն: Չափազանց հեղհեղուկ իրավիճակը շարունակվում է: Կրակոցները տեղի են ունենում, եւ հայկական կողմը անընդհատ կորուստներ է ունենում ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանակներում: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ ուժերին կարծես հրամայել են չպաշտպանել հայկական կողմին: Եթե վերջին լուրերը ճշգրիտ են, հայկական զինուժը դիմակայում է ադրբեջանական բանակի հարձակումները երկու ճակատներում, մեկը Հայաստանի սահմաններում, մյուսը` Արցախում, մինչդեռ ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայված են ոչ թե երկու հակամարտող կողմերի միջեւ, այլ հայկական բանակի ետեւում: Ոչ ոք չի հավատում, որ ռուսական զորքերն այնտեղ են խաղաղությունը պահպանելու համար, մինչդեռ նախագահ Պուտինն ու արտգործնախարար Սերգեյ Լավրովն անընդհատ հպարտանում են, որ ի՜նչ հիանալի գործ են կատարում խաղաղապահները: Ռուսաստանը երկար ժամանակ է, ինչ սպասում էր հարմար առիթի, որպեսզի իր զորքերը տեղակայի Ադրբեջանի տարածքում: 44-օրյա պատերազմն ընձեռեց այդ հնարավորությունը: Այդ օպերացիայի կազմակերպված բնույթը հուշում է, որ Ռուսաստանն այդ քայլին վաղուց էր նախապատրաստվում: Հայերի մտքում մի հարց հանգիստ չի տալիս. ի՞նչ է տեղի ունենալու, եթե Ադրբեջանը Մոսկվային խնդրի վերացնելու խաղաղապահներին: Ի դեպ, Բաքուն նույնիսկ չի էլ ստորագրել ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման պայմանագիրը, որպեսզի հնարավորություն ունենա հարմար պահին մերժելու ռուսական զինուժի ներկայությունը իր տարածքում: Հայաստանն ու սփյուռքը հնարավոր ամեն միջոցներով փորձում են նեցուկ կանգնել Արցախին, կամ նրանից մնացած հատվածին: Տեղահանված փախստականների վերաբնակեցումը հսկայական աշխատանք է, բայց անշուշտ անհրաժեշտ մի ծրագիր, որպեսզի բնակչությունը մնա Արցախում: Սակայն Ռուսաստանն այլ մտադրություններ ունի: Մոսկվայի պնդումներն այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցը չպետք է ներկայիս քննարկվի, շատ լուրջ ենթատեքստեր է իր մեջ պարունակում: Ռուսաստանն իր շուրջը գտնվող «մոտիկ հարեւանների» հետ գործելու ուրույն ձեւն ունի: Նախքան Վրաստանից Հարավային Օսիան եւ Աբխազիան խլելը, Մոսկվան այդ երկու նահանգների բնակիչներին քաղաքացիություն շնորհեց: Հետագայում իր քաղաքացիներին պաշտպանելու քողի ներքո նվաճեց այդ տարածքները: Նմանատիպ քաղաքականություն է նա այժմ վարում Արցախում: Ռուսական քաղաքացիություն է շնորհվում այնտեղ եւ ռուսերեն լեզուն դասավանդվում է հայերենի մակարդակով: Այնպես որ, եթե գործելու ժամանակը գա, Ռուսաստանը նույն խաղն է խաղալու եւ մնալու է Արցախում որպես իր քաղաքացիների պաշտպան: Ղարաբաղի ժողովրդի համար դա ընդունելի իրավիճակ է լինելու, հաշվի առնելով, որ անկախության կամ ինքնավարության բոլոր հույսերը մնալու են անիրականալի: Նախքան այս գործընթացի առաջխաղացումը ԵԱՀԿ-ի նիստերը պետք է գումարվեն եւ Արցախի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի: Ժամանակը արագորեն սահում է եւ գործում է Արցախի եւ արցախահայության ճակատագրի դեմ: Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Arm. Mirror-Spectator) |