RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2864, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆԻՑ ԱՐՑԱԽՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ». ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Պատրաստեցՙ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալությանը, որի ընթացքում բազմաթիվ կարեւոր դիտարկումներ է արել ինչես արցախահայության ինքնորոշման, այնպես էլ սոցիալ-տնտեսական մի շարք կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Այս մասին գրում է նաեւ «Արցախպրես» լրատվականը:

Անդրադառնալովՙ նախորդ տարեվերջին Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վնասված եւ ոչնչացված ենթակառուցվածքներինՙ Բեգլարյանն ընդգծել է, որ Արցախի կառավարությունը, Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչես նաեւ հայկական սփյուռքի աջակցությամբ կարողացել է հնարավորինս արագ եւ արդյունավետ իրականացնել կառուցվածքների վերագործարկումներն ու կատարել այլ, առաջնային աշխատանքներ:

«Այն դպրոցներն ու հիվանդանոցները, որոնք թիրախավորվել էին Ադրբեջանի կողմից, հիմնականում վերանորոգվել, վերակառուցվել ու համալրվել են անհրաժեշտ սարքավորումներով: Արցախում արդեն լիարժեք գործում են վնասված դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, բուժկետերը, եւ մնացել են մի շարք խոշոր ենթակառուցվածքներ վերականգնելու համար: Հիմա հանրապետությունում ամենասուր հարցը բնակարանայինն է. ունենք գրեթե 40,000 տեղահանված, որը մեր բնակչության շուրջ 27 տոկոսն է կազմում: Նրանց բնակտարածքով ապահովելը Արցախի իշխանությունների գերխնդիրն է, անշուշտ անվտանգության հարցերի լուծումից հետո: Ստեփանակերտում եւ շրջաններում ձեւավորված են խոշոր շինհրապարակներ, եւ արդեն տարեվերջին կշահագործվեն բազմաբնակարան շենքեր ու առանձնատներ: Պլանավորում ենք երեք տարվա ընթացքում ավելի քան 6,000 բնակարան կառուցել կամ ձեռք բերել, սակայն դեռեւս զգալի աջակցության կարիք ունենք նաեւ այդ ոլորտում», ընդգծել է նախարարը:

Նա անդրադարձել է նաեւ մինչ օրս չպայթած զինամթերքին, որը, նրա բնորոշմամբ, ամեն վայրկյան կարող է խաթարել մարդկանց կյանքը: Հիշեցնենք, որ ինքըՙ Արտակ Բեգլարյանը մանուկ հասակում չպայթած զինամթերքի պատահական պայթյունի պատճառով առողջական անդառնալի խնդիրներ է ձեռք բերել:

«Կարեւոր եմ համարում ընդգծել նաեւ պատերազմի հետեւանքով տուժած անձանց ու ընտանիքների ֆիզիկական եւ հոգեբանական վերականգնման խնդիրը: Պատերազմյան տրավմաների հաղթահարումը էական նշանակություն է ունենալու բոլոր ոլորտների վերականգնման ու հետագա զարգացման համար: Այս ուղղությամբ որոշակի ծրագրեր իրականացվել են, սակայն ավելի մասշտաբային ու համակարգված ծրագրերի ու որակյալ մասնագետների կարիք կա դեռեւս: Ֆիզիկական վերականգնման համար առողջապահության համակարգը եւ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն աշխատում են ակտիվորեն, բայց այդ առումով էլ ենթակառուցվածքների ու մասնագիտական կարողությունների ընդլայնման կարիք ունենք: Մեկ այլ խնդիր է պատերազմի հետեւանքով նյութական մեծ կորուստների առկայությունը, որը շոշափելի սոցիալական խնդիրներ է հարուցել տասնյակ հազարավոր անձանց համար: Արդեն Արցախի կառավարության կողմից սկսել են նյութական վնասների դիմաց աջակցության ցուցաբերման աշխատանքները, որոնք, մեր հաշվարկներով, հասնելու են շուրջ 5 մլրդ ռուբլու, սակայն պետք է պարզաբանել, որ դա ամենեւին վնասի իրական արժեքը չէ, եւ մենք փոխհատուցում չենք տրամադրում մասնավոր անձանց, այլՙ աջակցություն, որպեսզի կարողանան դիմակայել ընթացիկ դժվարություններին ու ոտքի կանգնել»,- նշել է պետնախարարը:

Անդրադառնալով աշխատատեղերի հարցինՙ Բեգլարյանը նշել է, որ դա կառավարության գերակա խնդիրներից մեկն է, մանավանդ հիմա, երբ բռնի տեղահանված արցախահայերը մեծամասամբ ցանկություն են հայտնում վերադառնալ Արցախ, եթե աահովվեն բնակֆոնդով եւ աշխատանքով: Նա հայտնել է նաեւ, որ Արցախն այսօր վերականգնողական փուլից անցնում է զարգացման փուլ, եւ ամեն ինչ արվում է, որեսզի մարդկանց կյանքն ավելի հարմարավետ լինի, քան պատերազմից առաջ էր: Նա հատուկ շեշտել է, որ բացի ՀՀ-ից, ՌԴ-ն միակ երկիրն է, որն ուղիղ օգնություն է տրամադրում Արցախին, ընդգծելով, որ մյուս երկրների օգնությունները եղել են միջնորդավորված, հիմնականում Կարմիր Խաչի միջոցով, եւ անհամեմատ ավելի քիչ, քանՙ ՌԴ-ինը: Նրա խոսքով, այն օգնությունը, որն այսօր տրամադրում է ՌԴ-ն Արցախին, անասելի մեծ կարեւորություն ունի

«Ես այդ աշխատանքների արժեքը շատ ավելի լավ գիտեմ, քանի որ ինքս կորցրել եմ տեսողությունս մանուկ հասակում 1990-ականների պատերազմից հետո մնացած ադրբեջանական ականի պայթյունի հետեւանքով: ՌԴ-ն առայսօր էլ շարունակում է հումանիտար բեռների առաքումն Արցախ, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը: Այնուամենայնիվ, քանի որ մեր բնակչության հումանիտար ու զարգացման կարիքները շատ ավելին են, քան Հայաստանի Հանրապետության, հայկական Սփյուռքի, Ռուսաստանի Դաշնության եւ ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցությունը: Խիստ կարեւոր է, որ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունները օր առաջ գործունեություն ծավալեն Արցախումՙ առանց ենթարկվելու ադրբեջանական անհիմն ճնշումներին ու սպառնալիքներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ նրանց մուտքի վերաբերյալ հատուկ կետ կար պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության մեջ, բայց առայսօր այդ կետը նույնպես կյանքի չի կոչվել ադրբեջանական արհեստական խոչընդոտների պատճառով»,-ասել է Բեգլարյանը:

«Հարկ է ընդգծել նաեւ գերիների վերադարձի ու անհետ կորածների ճակատագրերի պարզման հետ կապված դժվարությունները: Առայսօր Ադրբեջանը պատանդի կարգավիճակով պահում է տասնյակներով հայ գերիներՙ չնայած միջազգային իրավունքով ու եռակողմ հայտարարությամբ ունեցած պարտավորությանը անմիջապես վերադարձնելու նրանց: Հարյուրավոր անհետ կորած քաղաքացիական եւ զինվորական անձանց ճակատագրեր մնում են չպարզված, եւ մեր որոնողական խմբերը երբեմն-երբեմն հնարավորություն են ստանում աճյուններ որոնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Ավելի երկարաժամկետ հումանիտար խնդիրները բազմազան ենՙ առողջապահության ու կրթության որակի ու մատչելիության մակարդակի բարձրացում, բոլոր երեխաների համար մանկապարտեզների հասանելիություն, բնակչության զբաղվածության եւ տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացում, հաշմանդամների ու վիրավորների լրիվ ինտեգրում հասարակության մեջ եւ այլն, եւ այլն: Մենք նպատակ ունենք բոլոր խնդիրներին լուծում տալ դրանց առաջնահերթությունների ու մեր հնարավորությունների սահմաններում ակտիվորեն ներգրավելով բոլոր գործընկերներին ու աջակիցներին այդ գործում: Հեշտ պայմաններում չենք, սակայն վստահ ու վճռական ենք մեր ընտրած ճանապարհի արդարացիության ու արդյունավետության մեջ»-, խոսելով գերիների վերադարձի եւ հումանիտար հարցերի մասինՙ հատուկ ընդգծել է պետնախարարը:

Արտակ Բեգլարյանը հարկ է համարել առանձին խոսել նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի մասին, որի գործարկման վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են կայացել նաեւ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն ապարդյուն, որովհետեւ թշնամական Ադրբեջանն սպառնացել է խոցել այդտեղից թռչող նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները

«Պատերազմից ու ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո հույս ունեինք, որ օդանավակայանը կսկսի գործել, սակայն կրկին Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ ծրագիրը վիժեցնելու ուղղությամբՙ առավելագույնս քաղաքականացնելով նման կարեւորության հումանիտար հարցը: Ընդհանրապես, սա տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների այն քաղաքականության շրջանակներում, որով ձգտում են առավելագույն չափով մեկուսացնել Արցախի բնակչությունը արտաքին աշխարհից, ինչն ինքնին դեմ է միջազգային իրավունքի ու քաղաքակիրթ աշխարհի նորմերին»,- ասել է Բեգլարյանը:

Ադրբեջանական հայատյացությանը նույնպես անդրադարձել է Բեգլարյանը, նշելով, որ այն օրեցօր ավելի մեծ չափերի է հասնում եւ ընդլայնում ախորժակը

«Ադրբեջանում հայատյացությունը առ այսօր մնում է պետական գաղափարախոսություն, եւ մենք այդ առումով որեւէ փոփոխություն չենք տեսնում»,-նշել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ