RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2021-10-15 > #039, 2021-10-22 > #040, 2021-10-29 > #041, 2021-11-05 > #042, 2021-11-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021



Տեղադրվել է` 2021-10-28 23:46:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1782, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍԸ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԷՐԴՈՂԱՆԻ ԻՐԱՔ ԵՎ ՍԻՐԻԱ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հ. ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Թուրքիայում դեռ չէին հանդարտվել ԱՄՆ-ի գլխավորությամբ 10 երկրների դեսպանների համատեղ հայտարությանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ արձագանքի հետեւանքով բորբոքված կրքերը, որտեղ դեսպանները թուրքական իշխանություններից պահանջում են ազատ արձակել առաջադեմ գործարար Օսման Քավալային, հարգելով միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ահա հոկտեմբերի 26-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում, քննարկման դրվեց երկրի նախագահի Իրաք եւ Սիրիա զորք ուղարկելու լիազորությունները 2 տարով երկարաձգելու հարցը: Լիբանանի պարագայում դրանք երկարաձգվել են մեկ տարով:

Թուրքիայի նախագահին արտերկիր զորք ուղարկելու արտոնություն շնորհելու մասին լիազորագիրը Մեջլիս էր ներկայացվել Էրդողանի պահանջով: Դրա հաստատման անհրաժեշտությունը ներկայացված տեքստում պատաճառաբանվում է թուրքական պետության ազգային անվտանգությունն ապահովելու, երկրի սահմանները Ւրաքում եւ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներից պաշտպանելու, փախստականների զանգվածային ներգաղթը կանխելու եւ անջատողական դրսեւորումների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:

600 տեղանոց Մեջլիսում Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն ունի պատգամավորական 291 տեղ, վերջինի հետ դաշինք կնքած Դեւլեթ Բահչելիի Ազգայնական շարժում կուսակցությունըՙ 49, Քեմալ Քըլըչդարօղլուի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունըՙ 138, Մերալ Աքշեների «Լավ» կուսակցությունըՙ37, ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունըՙ 58 եւ Թուրքիայի բանվորական կուսակցությունըՙ 3:

Մեջլիսի լիագումար նիստում, ինչպես ենթադրվում էր, «Արդարություն եւ բարգավաճում» ու Ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչները արտահայտվեցին նախագահ Էրդողանի երկրից դուրս զորք ուղարկելու լիազորությունները երկարաձգելու օգտին, որոնց միացան նաեւ գրպանային մի քանի կուսակցություն, իսկ Ժողովրդա-հանրապետական, ժողովուրդների դեմոկրատական եւ Թուրքիայի բանվորական կուսակցություններըՙ դեմ:

Թերեւս Աքշեների «Լավ» կուսակցությունն էր, որ առաջիկա ընտրությունների առնչությամբ համագործակցում է ժողովրդահանրապետականների հետ, վերջ տալու համար Էրդողանի միանձնյա իշխանությանը երկրում, քվեարկեց կողմ, պատճառաբանելով դա Սիրիայում տեղակայված թուրք զինծառայողների անվտագության նկատմամբ հոգատարությամբ: Նրանց թիվը ենթադրաբար հասնում է 20 հազարի: Ինչ վերաբերում է նրանց անվտանգությանը, ապա դրա ապահովման լավագույն ձեւը Սիրիա նոր զորք ուղարկելը չէ, այլ թուրքական զորքերին այդ երկրից դուրս բերելը:

Ժողովրդահանրապետականները բազմիցս նշել էին, նշեցին նաեւ լիազորագրի քննարկման ժամանակ, թե թուրքական զորքը ի՞նչ գործ ունի Սիրիայում: Եթե խնդիրը զինվորների անվտանգությունն է, ապա նրանց պետք է դուրս բերել Սիրիայից եւ անհապաղ երկխոսության մեջ մտնել նախագահ Բաշար Ասադի հետ, որպեսզի կարգավորվեն թուրք-սիրիական հարաբերությունները:

Վերջիններս առարկեցին նաեւ Իրաք եւ Սիրիա զորք ուղարկելու նկատառումը թուրքական սահամաններին սպառնացող ահաբեկչական հարձակումներով պատճառաբանելու իշխանությունների մոտեցմանը, մատնացույց անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, որը ինքնապաշտպանության իրավունք է տալիս հարձակման ենթարկվող երկրին, ինչը տվյալ պետությանը ձերբազատում է երկրից դուրս զորք ուղարկելու անհրաժեշտությունից:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության համար, թերեւա, ամենաառարկելին Թուրքիայի տարածքում օտարերկյա զինված ուժեր տեղակայելու լիազորությունն է, որոնց տեղակայման վայրը, ժամկետն ու թվակազմը իր հայեցողությամբ որոշելու է Էրդողանը: Զինված ուժերի մասին նշելիս, լիազորագրում չի նշվում «օտարերկրյա պետություն» արտահայտությունը, առանց որի «օտարերկրյա զինված ուժեր» արտահայտությունն իր մեջ ներառում է նաեւ զինյալ խմբավորումներին, ասենքՙ Աֆղանստանի թալիբներին, Իրաքում Հաշդ-ի Շաաբիի, Սիրիայում Հեյՙաթ-ի Թահրիր աշ-Շամի ահաբեկիչներին:

Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները նախատեսված են 2023-ին: Էրդողանի եւ նրա կուսակցության ժողովրդականությունը անընդհատ նվազում է: Վերջիններս զգում են, որ ընտրություններում այլեւս հաղթանակի հասնելու հնարավորություն չունեն, իսկ Էրդողանն էլ նախագահի պաշտոնը թողնելու մտադրություն չունի, ինչի մասին արդեն ակնարկել է, դեռ ավելինՙ ընդդիմադիր կուսակցություններին էլ մեղադրել է երկրում իշխանության ձգտելու մեջ: Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, հաշվի առնելով այս հանգամանքը, վախենում է, որ Էրդողանը փորձի հնարավորինս հետաձգել ընտրությունները, ստեղծելով երկրում խառնաշփոթ իրավիճակ, օրինակՙ «Սիրիայի ազգային բանակի» միջոցով, որին ինքն է կազմավորել, հետեւաբար այս բանակի ահաբեկիչները իրեն են ենթարկվում: Մանավանդ որ Էրդողանի արտերկիր զորք ուղարկելու լիազորությունները երկու տարով երկարաձգելու դեպքում, դրանց ժամկետը լրանում է նախատեսված ընտրություններից 4 ամիս հետո միայն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 29-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ