ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր Մեծ երազի ճանապարհին 1990թ. Հայաստանն անկախ եւ երրորդ հանրապետություն հռչակելով մեր քաղաքական այրերը դրանից առաջ չգնացին: Նոր, համազգային նպատակ ու այն կերտելու գաղափարախոսություն ոչ միայն չմշակվեց, այլ դա ավելորդ արժեք համարելով այսօր էլ առաջ ենք գնում ուղղակի իներցիայի ուժով կամ օտարների թելադրած սցենարներով: Իհարկե, ես հասկանում եմ, որ բազմաթիվ ու բազմատեսակ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ խոչընդոտ եղան, որպեսզի արվեին անկախությանն հաջորդող անհրաժեշտ քայլերն այդ ուղղությամբ, սակայն ամբողջ ցավը նրանում է, որ այդ խոչընդոտների բացակայության ժամանակներում էլ ոչինչ չարվեց այդ տխուր վիճակը շտկելու համար: Իրականությունն այն եղավ, որ չնայած իշխանությունների կազմակերպած կոմերիտմիության համամիութենական հավաքներ հիշեցնող որոշ Հայրենիք-Սփյուռք համաժողովներ գումարվեցին, սակայն անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի ակադեմիական շրջանակները, Սփյուռքի նախարարությունը, ԱԳՆ-ն երբեւէ համազգային նպատակը հստակեցնելու, Հայաստան-Սփյուռք» հարաբերությունները մշակելու հայեցակարգային խնդիրներ չբարձրացրին: Իրականության դեմ չմեղանչելու համար պիտի նշենք, որ այդպիսի երկչոտ փորձեր, իսկ ավելի հաճախ այդ ուղղությամբ փնտրտուք եղել է: Եվ որպես կանոն, այդ ճանապարհին թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում մշտապես զուգահեռներ են անցկացվել մեր երկրի եւ Իսրայելի միջեւ: Գաղտնիք չէ, որ հրեական սփյուռքը ինստիտացիոնալիզացված է միջազգային հարաբերություների ամենաբարձր մակարդակներում եւ դիրքավորվում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Որպես այդպիսինք հանդես են գալիս «Համաշխարհային հրեական կոնգրես», «Հրեա կանանց համաշխարհային կոնգրես», «Համաշխարհային հրեական երիտասարդական կոնգրես» եւ այլ համանման կազմակերպություններ, որոնք ներկայացված են ՄԱԿ-ում, Յունեսկոյում, ԵՄ-ում, «Ամերիկյան պետություների կազմակերպությունում» եւ այլՙ համաշխարհային կառույցներում ու բազմակողմ ազդեցություն են գործում միջազգային գործընթացների վրա: Իսկ մեր մոտ վիճակն այդ տեսակետից, մեղմ ասած, հեռու է ցանկալի մակարդակից: Ի դեպ, այժմ արդեն շատ ժողովուրդներ եւս կարողացել են բավականին առաջ գնալ այդ հարցում: Այսպես, վերջին տարիներին միջազգային ասպարեզում հզոր դիրքեր են զբաղեցնում Չինական, Հնդկական եւ Լեհական կառույցները: Այս պահին, օրինակ, Հնդկական սփյուռքն իր լոբբիստական հզորությամբ ԱՄՆ-ի կոնգրեսում զբաղեցնում է երկրորդ տեղը Իսրայելից հետո, իսկ Մեծ Բրիտանիայում գրավում է բարձր դիրքեր ոչ միայն տնտեսության, այլեւ պետական-քաղաքական ասպարեզում: Հայկական սփյուռքի պարագայում մենք «գլուխ գովելու» որեւէ օրինակ կարծես թե չունենք եւ դա այն դեպքում, երբ հայերը ԱՄՆ-ի հնաբնակներից են եւ ժամանակին զգալի թիվ էին կազմում հատկապես գործարար եւ իրավական դաշտերում: Ավելին, դեռեւս XX դարի արշալույսից այդ երկրում հիմնվեցին ու բավականին արագ հզորացան հայ ավանդական կուսակցությունների մասնաճյուղերը, որոնք աստիճանաբար էական դերակատարություն ստանձնեցին ինչպես գաղութի ազգապահպանության, կրթամշակութային եւ այլ ասպարեզներում, այնպես էլ քաղաքական կյանքում: Դրանցից ռամկավարներն առաջիններից մեկը ձեռնամուխ եղան աշխարհի ամենահզոր տերության օրենսդիր եւ գործադիր մարմիններում լոբբիստական գործունեություն ծավալելու եւ հայանպաստ որոշումներ ունենալու հարցերում: Կարեւոր դերակատարություն ունեցավ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր Միհրան Սվազլյանը (1863, Զմյուռնիա - 1935, Բոստոն), (մանրամասն տես «Ի յիշատակ Միհրան եւ Մառի Սվազլեաններու. Հատընտիր գրութեանց. Նօթեր եւ տպաւորութիւններ, քաղաքական եւ ազգային տեսութիւններ», Պոստոն, 1944): Նախնական կրթությունն ստացել է Զմյուռնիայի անգլիական քոլեջում: Դեռեւս 18 տարեկանում, անգլերենի իմացության շնորհիվ, քարտուղարի եւ գանձապետի պաշտոնով ծառայել է Կիպրոսի անգլիական կառավարական պալատում: Ավարտելով Ֆրանսիայի Էքսի համալսարանի իրավաբանական բաժինըՙ Սվազլյանը լծվել է եվրոպական հանրությանը Հայոց հարցին ծանոթացնելու գործին: 1888 թ., անցնելով Լոնդոն, նա նպատակ ունենալով ակտիվացնել հայանպաստ պրոպագանդան Եվրոպայում, վերակազմակերպել է «Հայոց հայրենասիրաց» ընկերությունը եւ ձեռնամուխ եղել հայաշատ համայնքների հայության ջանքերն այդ ուղղությամբ միավորելուն: Լոնդոնում հրատարակել է «Հայաստան» երկշաբաթաթերթը, հիմնել Մեծ Բրիտանիայում առաջին լոբբիստական կազմակերպությունըՙ Անգլո-հայկական ընկերությունը: Մասնակցել է Եվրոպայի հեղափոխական շարժումներինՙ ձգտելով Հայկական հարցը ծանոթացնել օտարներին եւ հայասեր բարեկամներ ձեռք բերել: 1908 թ. մեկնել է ԱՄՆ, շարունակել փաստաբանական, ինչպես նաեւ ազգային, հասարակական-քաղաքական գործունեությունը: Մ. Սվազլյանը եղել Վերակազմյալ Հնչակյան, ապաՙ միացյալ Ռամկավար-Ազատական (1921 թ.) կուսակցությունների հիմնադիր-ղեկավարներից: Հայանպաստ քարոզչություն եւ դիվանագիտական ձեռնարկներ իրականացնելու եւ դրանք ի սպաս Հայաստանի ազատագրմանը ծառայեցնելու նպատակով Մ. Սվազլըն 1917 թ. մարտին Բոստոնում հիմնադրել եւ մինչեւ լուծարումը (1922 թ.) ղեկավարել է ԱՄՆ-ում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունըՙ Ամերիկայի հայ ազգային միությունը (ԱՀԱՄ-ANUA), ինչպես նաեւ եղել է 1912 թ. Պողոս Նուբարի նախագահությամբ գործող Հայ ազգային պատվիրակության ներկայացուցիչը Վաշինգտոնում, իսկ զինադադարից հետոՙ նաեւ Աթենքում (մանրամասն տես Ավագյան Ք, Հայ առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում, Ե., 2003): Ժամանակակիցներից Հ. Դարբինյանը նշում է, որ Սվազլյանը եղել է «հայ ազատագրական պայքարի առաջին ռահվիրաներէնՙ մինչեւ վերջը մնացած է պատնէշին վրայ անդրդուելի, առաջին շարքերուն մէջ, երիտասարդի մը խանդավառութիւնով ու տարեցի մը փորձառութիւնով»: Իսկ Արշակ Չոպանյանը նրա մասին գրել է. «Միհրան Սվազլը ... ժամանակակից հայ կեանքի ամենէն ինքնուրոյն ու սիրելի դէմքերէն մին է: Վճիտ ու թրթռուն սիրտ մը, խանդավառ ու ազնիւ միտք մը, հայ ցեղին լաւագոյն աւանդութեանց շունչով, մշտադալար աւիւնով մը հայրենիքի կրօնքին նուիրուած, - այս է էութիւնը ազգային դատի այդ վեթերան ախոյեանին բարոյական դիմագծութեան»: Մ. Սվազլյանի հիմնադրած եւ ղեկավարած ԱՀԱՄ-ը ներառել է համերաշխ գործելու պատրաստակամություն դրսեւորած հայ ավանդական կուսակցությունների (Սոցիալ Դեմոկրատ, Վերակազմյալ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Հայ Սահմանադրական Ռամկավար), ազգային երկու եկեղեցիների (Առաքելական, Ավետարանական) եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներին: Ընտրվել է միության 18 անդամներից բաղկացած կենտրոնական մարմին (ատենապետՙ Մ. Սվազլյան): Փորձ է արվել մշակել համազգային դրույթներ: Միության նպատակն էր ամերիկահայ համայնքի նյութական ու բարոյական ուժերը համախմբել եւ դրանք ի սպաս դնել Հայաստանի ազատագրմանը, ինչպես նաեւՙ հայանպաստ քարոզչություն եւ դիվանագիտական ձեռնարկներ իրականացնել: Կարճ ժամանակում ԱՄՆ-ում ստեղծվում են միության 187 մասնաճյուղեր: Հակառակ քաղաքական բազմաթիվ տարաձայնություններին, միությունը երկրի հայ համայնքի կյանքում առաջին անգամ համախմբել է հայ բոլոր քաղաքական, եկեղեցական եւ բարեսիրական խմբավորումներինՙ ի շահ համընդհանուր ազգային նպատակների, ամերիկահայության շրջանում կազմակերպել է կամավորական շարժումը («Արեւելյան Լեգեոն», 1917 թ.), ԱՄՆ-ի եւ Եվրոպայի անտեղյակ հասարակությանը Հայկական հարցին ծանոթացնելու նպատակով հիմնել Մամլո գրասենյակ (1918 թ.), հրատարակել ու տարածել հայանպաստ գրականություն, աջակցել հայասեր ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում 1918 թ. Հայկական հարցին առնչվող ունկնդրումներ անցկացնելուն, կազմակերպել Ազատ Հայաստան հաստատելու ուղղությամբ ամերիկյան առաջադեմ հասարակության կողմից ԱՄՆ-ի նախագահին խնդրագիր ներկայացնելու ջանքերը (1919 թ.), նպաստել վերջինիս կողմից Հայաստանի Առաջին Հանրապետություն գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ քննիչ հանձնախումբ առաքելուն (1919 թ.), մասնակցել Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեի (1919 թ.) (նախագահՙ Ջեյմս Ջերարդ), ինչպես նաեւՙ Հայաստան-Ամերիկա ընկերության (1920 թ.) ստեղծմանը, համազգային դրամահավաքներին, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից ճանաչված անցագիր-վկայականներ տրամադրել տարագիր հայրենակիցներին եւ այլն: Միության նախագահ Մ. Սվազլյանի գործուն ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ. Կոնգրեսում հանդես է եկել հայկական վիճելի տարածքների հանդեպ ԱՄՆ-ի մանդատային վերահսկողություն հաստատելու առաջարկով եւ այլն: Այս ամենին զուգընթաց ազգի նվիրյալը փորձել է նաեւ համազգային միասնական գաղափարախոսություն մշակել, սակայն ամենայն հավանականությամբ չի հաջողել, որովհետեւ նախ, աշխարհի հզորները «քաղաքակրթութեան իրաւունքները ոտնակոխ ըրին», հետո էլ` «Շուարումէ շուարում քալեցինք: Անստուգութիւն, անհեռատեսութիւն, ներքին պառակտումներ եւ խուճապ պատեցին մեզ, եւ մեր ազգային նաւը, առանց ղեկի ծովու ալեկոծեալ ալիքներէն տարուեցաւ հոս ու հոն»: Սակայն անվեհեր տեսաբանը վստահ էր, որ «ցիրուցան Հայութիւնը պիտի մի օր գայ բոլորուիլ ներկայ ազատ Հայաստանի շուրջը եւ պիտի պատսպարուի ազատութեան ծառին թեւերուն ներքեւ»: Կասկածից դուրս է, որ Սվազլյանի Հայրենիքի սատարմանն ուղղված ազգային տեսլականը, խոսքերն ու գործադրած ջանքերը, արեւմուտքի երկրների հետ կապած հույսերն ու հուսախաբությունները, Հայաստանի ռազմավարական կողմնորոշման վերաբերյալ իրատեսական դատողություններն ու գնահատանքները մինչեւ օրս արդիական են, քանի որ հիմնված են պատմաքաղաքական փորձառության, գիտակցված ազգային նպատակի եւ գործնական հայրենասիրության վրա: Ընդգծենք, որ համազգային համախմբման այդպիսի գործնական փորձ եղել է նաեւ ԽՍՀՄ-ում Կոմկուսի կոնտկոմի քաղբյուրոյի կողմից անցյալ դարի 60-ական թվականներին, երբ վերջինիս որոշումով 1962թ. ստեղծվեց «Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն»: Այդ եզակի եւ ուրույն կառույցը ոչնչացվեց Տեր-Պետրոսյանի նախագահության առաջինիսկ օրերին: Այդ քայլը «մահացու» հարված հասցրեց սփյուռքահայ կառույցներին: Սփյուռքում էլ ավանդական կուսակցություններն ու նրանց ղեկավարությամբ գործող «Հայ դատ» եւ «Հայկական համագումար» կամակերպությունները, որոնք ազդեցիկ դիրքեր ունեին ԱՄՆ-ում (տարիներ շարունակ երրորդ տեղն էին զբաղեցնում), Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, «էրոզիայի» են ենթարկվել եւ հստակ էլ չէ, թե այժմ որերորդ տեղում են: Որովհետեւ այդպես էլ չգիտակցվեց, որ մեր ժողովրդին նպատակի հստակ ձեւակերպում, այսինքն` համազգային գաղափարաբանություն է անհրաժեշտ եւ այն գիտակցումը, որ երկրի կարեւորագույն գործառույթը համազգային ներուժի արդյունավետ ու նպատակային կառավարումն է: 10.10-27.10.2021 |