ԿՈՄԻՏԱՍՙ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ. BBC-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ Պատրաստեցՙ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ BBC լրատվականը ծավալուն հոդված է հրապարակել Կոմիտաս վարդապետի մասին, որին կցել է նաեւ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում թավջութակահար Սեւակ Ավանեսյանիՙ Կոմիտասի ստեղծագործությունը նվագելու հուզիչ տեսահոլովակը: BBC Music Magazine-ը առանց տողատակերի գրում է, որ վարդապետը 1915թ. Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հայոց ցեղասպանության զոհերից է. «Հայ ժողովրդի համար երաժշտությունը կարեւոր հիշողություն ունի: Եւ ամեն անգամ Ապրիլի 24-ին, հայերի բնաջնջման հիշատակի օրը, նրանք ամբողջ աշխարհից հավաքվում են մեկ վայրումՙ հարգելու հանգուցյալների հիշատակը. այդ օրը հնչում են նաեւ Կոմիտասի երգերը»,- գրում է հեղինակը: Նա միաժամանակ նշում է, որ եթե որեւէ տեղ հարցնեն, թե ով է հայերի ամենամեծ կոմպոզիտորը, բոլորը Արամ Խաչատրյանի անունն են տալու, բայց եթե այդ հարցը տան հայերին, ամեն անգամ կլսեն Կոմիտասի անունը. «Ինչպես խոստովանել է նրա ամենահայտնի հայրենակիցներից մեկըՙ Արամ Խաչատրյանը , Կոմիտասը միայնակ դրել է Հայաստանի դասական երաժշտության ավանդույթների հիմքը»,- գրում է նա: |